Իշխանություններն ուժ չեն կուտակել հարավային հատվածում հակառակորդի մխրճումը, ճեղքվածքը փակելու համար. հրամանատարը, զինվորը մեղավոր չէ. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ:

«Նրանք միտումնավոր կամ անգրագիտությամբ, ինձ համար կապ չունի, խաղացել են իմ երկրի ճակատագրի հետ՝ ՀՀ-ի և Արցախի: Պատերազմի ժամանակ նրանք ասում են, որ հնարավոր չէր պայքարել: Ձեր անկազմակերպվածությամբ, պետությունը ռազմական ռելսերի վրա չդնելու, երկիրը չհամախմբելու, սև-սպիտակի բաժանելու, անօրինականությունների, խառնաշփոթի պայմաններում, իհարկե, անհնարին էր: Իսկ դուք գնացեք և հարցրեք իմ ծառայակից, մարտական ընկերներին, իմ այսօրվա գաղափարակից ընկերներին՝ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվեինք: Գոնե Հադրութի, Շուշիի լեռնաանտառային պայմաններում մենք կանգնեցնեինք նրանց: Հնարավոր էր: Հնարավոր էր նաև հաղթանակ տանել: Բայց մատը մատին չեն խփել, և ոչ միայն օրենսդիրը, ոչ միայն գործադիրը…

Թվում է՝ դատաիրավական համակարգը հենց այնպես պլստալո՞ւ է այս ամենում: Ո՛չ դատախազությունը, ո՛չ մնացած իրավապահ մարմինները մատը մատին չեն խփել անօրինականությունները, խառնաշփոթը մարտի դաշտում և ՀՀ թիկունքում կարգի բերելու, կանգնեցնելու, վերախմբավորում իրականացնելու և հաղթելու համար,- ընդդիմության հանրահավաքի ժամանակ շեշտել է գեներալը և շարունակել,- 283 կմ հատվածում, 260-ում զորամասի հրամանատարները, նրանց զինվորները հերոսաբար կռվել են, նաև՝ զոհվել: Գլխավոր հարվածի ուղղությամբ, հարավային ուղղությամբ՝ Հադրութ, Ջրական, էլի կռվել, զոհվել են:

Բայց նրանք մեղավոր չեն, որ այդ ուղղությամբ է հակառակորդը կուտակել իր ամենամեծ ուժերը: Ո՛չ Քարվաճառում, ո՛չ Մարտակերտում, ո՛չ Ակնայում, ոչ էլ Մարտունիում կռվող ոչ մի հրամանատար կամ զինվոր մեղավոր չէ, որ հարավային հատվածում մխրճում է եղել: Բոլորը հերոսաբար կռվել են: Այսինքն, պարզ պետք է ասեմ՝ մոլոդեց այն բոլոր վայրերում, որտեղ հրամանատարն ու զինվորը կռվել են: Բայց ոչ մոլոդեց այս երկրի իշխանություններին, որոնք խորքում կանգնելով, չեն տեսել այդ թատերաբեմը, ուժ չեն կուտակել այդ մխրճումը, ճեղքվածքը փակելու համար: Ես ասում եմ՝ հնարավոր էր դա անել: Հնարավոր էր ՀՀ սահմաններն ամրապնդել»:

Ըստ Օհանյանի, զինվորականների համար դա մի քանի օրվա գործ էր, բայց նման հրաման չի եղել: Իսկ բանակի բարեփոխումներն էլ, որի մասին 1.5 տարի իշխանությունները «երգում են», այն տեմպերով չեն իրականացվել: Մինչդեռ բանակն այն կառույցն է, որն ամենաարագը պիտի վերականգնի իր ողնաշարը, մարտունակությունը:

Սեյրան Օհանյանը նշել է՝ սուտ է այն պնդումը, որ եթե մարդիկ գնան ընդդիմության հավաքներին կամ դրանք կազմակերպվեն, Ադրբեջանը կհարձակվի: Մյուս կողմից, նրա խոսքով, եթե հարձակվի, դա պետության և այսօրվա բանակի խնդիրն է:

«Ընդհակառակը՝ եթե մենք այսօր չպայքարենք մեր ինքնության համար, կասեն՝ սրանք ժողովո՞ւրդ են, ուզում են չոքած մնա՞լ թուրքի առաջ»,- հավելել է Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝  168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս