Բաժիններ՝

5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Վիվյեն Բաստաջյանը

«Ինձ այնպիսի գրքեր են դուր գալիս, որ երբ դրանք կարդում ես մինչև վերջ, մտածում ես՝ երանի այս գրողն իմ լավագույն ընկերը լիներ, և երբ ուզեի, կարողանայի նրա հետ հեռախոսով խոսել»,- նման կարծիքի է եղել Ջերոմ Սելինջերը:

Դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, միանալով 168.am-ի՝ երեխաներին գրքեր առաջարկելու նախաձեռնությանը, առանձնացրել է հինգ ստեղծագործություն, որոնցից մեկը հենց մեծն Սելինջերի հանրահայտ՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպն է: Հետաքրքիր է` երեխաների մոտ, գիրքն ընթերցելուց հետո, ցանկություն կառաջանա՞ զանգահարել հեղինակին:

«Ալիսը Հրաշքների աշխարհում» – Լուիս Քերոլ

Կարդացեք նաև

Անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքը, որը պատմում է Ալիս անունով աղջնակի մասին, երեխաներին կտեղափոխի խորհրդավոր աշխարհ, որտեղ վերջիններս կհետևին Ալիսի արկածներին և կհանդիպեն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային և շատ այլ զարմանահրաշ կերպարների:

«Երկարագուլպա Պեպին» – Աստրիդ Լինդգրեն

Վառ հյուսքերով, երկար գուլպաներով Պեպիին շատերն են հիշում՝ 2000-ականներին «Շողակաթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող մանկական համանուն հեռուստասերիալի շնորհիվ: Զվարճալի աղջնակին ստեղծել է շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրենը: Աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակի վեպը պատմում է անհավանական ուժ ունեցող աղջնակի մասին, ով գիտի կրակել ատրճանակով, ամենահարուստն է քաղաքում, հարուստ այնքան, որ կարող է բոլոր երեխաներին կոնֆետ հյուրասիրել:

Կարմրահեր աղջնակի կերպարը ստեղծվել է միանգամայն պատահաբար՝ Լինդգրենի դստեր՝ Կարինի շնորհիվ: Վերջինս ծանր հիվանդանում է, և մայրը քնելուց առաջ դստեր համար տարբեր զարմանահրաշ պատմություններ է հորինում: Մի անգամ Կարինն ինքն է մորը խնդրում պատմություն հորինել երկարագուլպա աղջիկ Պեպիի մասին: Աստիճանաբար Պեպին սկսում է անհատական հատկանիշներ ձեռք բերել, և նրա կյանքը լցվում է արկածներով։

«Փոքրիկ իշխանը» – Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին իր առաջին մանկական հեքիաթ-վիպակը գրել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում: Համարվում է ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքը։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։

Շատերը գիտեն գրքի գլխավոր հերոսներին՝ Փոքրիկ իշխանին, Վարդին, Աղվեսին և Հարբեցողին, բայց շատ անգամ վերընթերցանություններ են հարկավոր հասկանալու համար, որ գիրքը պատերազմի մասին է: Եվ շատ խորը հոգեբանական մակարդակում գրողը ընկալում է Ֆրանսիայի պարտությունը ոչ միայն որպես պարտություն մարտում, այլև իմաստի կորուստ:

Գրքում անապատի տեսարանը գրողը պատկերել է սեփական փորձառությունից. օդաչու Սենտ-Էքզյուպերին 1935 թվականին մեկ շաբաթ կորել էր Արաբական անապատում: Իսկ Փոքրիկ իշխանի և Վարդի սիրո պատմությունը ոգեշնչված է գրողի և նրա կնոջ՝ Կոնսուելոյի կրքոտ սիրավեպից:

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» – Ռիչարդ Բախ

Ամերիկացի գրող, փիլիսոփա Ռիչարդ Բախի բեսթսելլերը հրատարակվել է 1970 թվականին: Պատմվածք-առակը պատմում է Ջոնաթան անունով ճայի մասին, ով թռիչքի արվեստը բացահայտում է միայնակ: Նա իր ողջ կյանքը նվիրում է ազատությանը, հեռանում է խմբից, որում օտար էր: Կյանքի վերջում նա սկսում է մտածել խմբի մասին. գուցե կա՞ մեկը, ով կցանկանար կատարելագործել իր թռիչքը և ազատվեր «կապանքներից»…

Պատմվածքը համարվում է ինքնակատարելագործման և հոգևոր ազատության մանիֆեստ։

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» – Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

Ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի աշխատությունում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն շատ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել հատկապես երիտասարդության շրջանում և նշանակալի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային մշակույթի վրա։

Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին Թայմ պարբերականը վեպն ընդգրկել է 1923 թվականից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկել է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս