
Մադրիդի «Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Մադրիդի «Ռեալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը՝ պատմության մեջ 15-րդ անգամ նվաճելով ՉԼ գավաթը։
Առաջին կեսում դորտմունդցիները մեծ ճնշում էին գործադրում մրցակցի վրա և մի քանի իրական գոլային պահ էին ստեղծել Կուրտուայի դարպասին՝ չկարողանալով սակայն հասնել նպատակակետին։
49-րդ րոպեին Կրոսը, որը վերջին խաղն է անցկացնում ակումբային մակարդակով, կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն նրա հարվածից հետո Կոբելը մատների ծայրով հեռացրեց գնդակը։
Մոտ 20 րոպե թիմերը պարբերաբար սպառնում էին միմյանց դարպասին, սակայն 74-րդ րոպեին Տոնի Կրոսն անկյունայինի իրացման ժամանակ գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Դանի Կարվախալն ազատվեց դորտմունդցիների պաշտպաններից ու գլխի հարվածով գրավեց Կոբելի դարպասի աջ անկյունը՝ 1-0։
83-րդ րոպեին մադրիդցիների առավելությունը կրկնապատկեց Վինիսիուսը․ Բելինգհեմի փոխանցումից հետո նա մեն մենակ դուրս եկավ Կոբելի դեմ ու վստահ հարվածով գրավեց դարպասը։
Խաղն այսպես էլ ավարտվեց և ՉԼ գավաթը ուղևորվում է Մադրիդ։
Հիշեցնենք, որ այս խաղը ակումբային մակարդակով վերջինն էր ինչպես Տոնի Կրոսի, այնպես էլ դորտմունդցիների ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի համար, որը խաղադաշտ դուրս եկավ միայն 72-րդ րոպեին։