Աջակցելով Փաշինյանին՝ Էրդողանը նոր պահանջներ է դնում նրա առջև
Թուրքիայի իշխանությունները ՀՀ իշխանությունից նոր թրքամետ քայլեր են ակնկալում։ «Հայաստանը պետք է գիտակցի, որ «իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ», և առաջին հերթին պետք է ձերբազատվի երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի վատ ազդեցությունից»,- Իզմիրում՝ EFES-2024 բազմազգ զորավարժությունների շրջանակներում «Բարձրաստիճան դիտորդի օր» կոչվող միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Նա ընդգծել է, որ «Ղարաբաղի ազատագրումից» հետո տարածաշրջանում ձևավորվել է «կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն»։
«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանն {Ադրբեջանի հետ}: Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա՝ անելու ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար»,- նշել է Էրդողանը։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Էրդողանի այս հռետորաբանությունը, ինչպես ակնկալում են հայ արևմտամետները, չի վերանում անգամ այն ժամանակ, երբ ռեգիոնալ զարգացումներով հետաքրքրվում է ԱՄՆ-ը և հայ արևմտամետների ակնկալիքների համաձայն, ԱՄՆ-ը զսպելու էր Թուրքիային։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս Պրահայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հնարավորությունը։
«Քարտուղար Բլինքենը և արտաքին գործերի նախարար Ֆիդանը քննարկեցին Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև Գազային մարդասիրական օգնության մեծացման և տարածաշրջանային անկայունությունը կանխելու կարևորությունը: Քննարկվել են նաև կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու հնարավորությունները»,- ասված էր հաղորդագրությունում։
Բլինքենը հանդիպման մասին գրառում էր կատարել նաև X-ի իր միկրոբլոգում: «Այսօր ես Պրահայում հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Գազայի հատվածին մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը և Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու ուղիները»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը:
Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունները սկսել են ակտիվ քայլեր Թուրքիային ընդառաջ, սկսեցին բանակցություններ հատուկ բանակցողների մասնակցությամբ, ինչ-ինչ հարցեր բանակցեցին այդ ձևաչափում, ՀՀ-ն հրաժարվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պահանջատիրության գործընթացից, «լուծվեց» նաև Թուրքիայի նախապայմանը՝ Արցախի հարցն ի օգուտ Ադրբեջանի, Փաշինյանը մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը, Թուրքիայում երկրաշարժի առաջացրած հումանիտար աղետի ֆոնին ՀՀ-ն հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա, ՀՀ ԱԳ նախարարը մեկնեց Թուրքիա, սակայն թուրք իշխանությունները Հայաստանին ընդառաջ որևէ քայլ չեն կատարում, իսկ գլխավորը՝ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ։ Այս ամենից հետո Թուրքիայի նախագահը սկսում է նոր պայմաններ թելադրել ՀՀ իշխանություններին։
168․am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայ-թուրքական՝ Փաշինյան-Էրդողան առաջին շփումներից՝ հեռախոսազանգ-հանդիպումներից պարզ դարձավ, որ սա հավասարազոր երկրների հարաբերություններ չեն, կամ գոնե թուրքական կողմը դա այդպես չի ընկալում, իսկ ՀՀ իշխանություններն այդ տրամաբանությամբ են գործում, բազմաթիվ միակողմանի քայլեր են անում, սակայն դեռ իրենց գլխավոր պահանջն իրականացված չէ։
«Ես մշտապես ասել եմ, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը, հատկապես՝ պատերազմից հետո, որևէ արդարացում չունի։ Պարզ է, որ սահման չբացողը, այն սակարկման թեմա դարձնողն ու անվերջ դրա դիմաց պայմաններ օրակարգ բերողը թուրքական կողմն է։ Սա շատ նման է այն ոճին, որով առաջնորդվում է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը՝ չանելով Հայաստանին ընդառաջ որևէ քայլ, փուլ առ փուլ ՀՀ-ից զիջումներ է կորզում։ Ներկայումս ստացվում է, որ, աջակցելով Փաշինյանի իշխանությանը, նրանց առջև նոր պայմաններ է դնում։
Սա չափազանց ուշագրավ իրավիճակ է, որն արտացոլում է հարաբերությունների արատավոր բնույթը, որը զուրկ է հարաբերությունների տարրական կանոններից։ Ընկալումն այն է, որ հարաբերվում են թելադրանքի, պահանջատիրության դիրքերից այն դեպքում, երբ Հայաստանի կողմից բոլոր քայլերն արվել են, սակայն այդ պահանջներն անընդհատ փոխվում են։ Ուստի հիմա էլ ցանկանում են հայ-թուրքական սահմանի բացման հարցով ճնշել և կառավարել ՀՀ արտաքին հարաբերությունները։
Այստեղ, թերևս, խոսքն ամենայն հավանականությամբ Արևմուտքի և Սփյուռքի մասին է, որից անջատ ՀՀ-ն չի էլ կարող լինել»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, ուշագրավ փաստ է նաև այն, որ Թուրքիան մշտապես է պայքարել հայկական Սփյուռքի դեմ, և դա միակ հարցն է, որտեղ Թուրքիան չի կարողանում որևէ առաջընթաց ապահովել, քանի որ Սփյուռքը բավականին կայացած, համակարգված ու ՀՀ-ի հետ ամուր կապեր ունեցող երևույթ է։
«Արտաքին քաղաքականությունը, իշխանությունները, իշխանության քաղաքականությունը կարող է փոխվել, Սփյուռքի ազդեցությունը կարող է փոքր-ինչ նվազել, սակայն չի կարող տեղի ունենալ այն, ինչի համար Թուրքիայում պայքարում են ամենաբարձր մակարդակով։ Ու սա հետաքրքիր ուսումնասիրության նյութ է»,- արձանագրեց վերլուծաբանը։
Նադեին-Ռաևսկին ասաց, որ Էրդողանի նմանատիպ որակումները թույլ են տալիս պնդել, որ հայ-թուրքական սահմանի բացման հեռանկար անգամ չկա։
«Սա այն հարցն է, որտեղ Թուրքիան առևտուր է իրականացնում, բանակցում իր բոլոր պահանջները, որոնք անվերջ են։ Սակայն մենք այդ մասին խոսում ենք տարիներ շարունակ, սա նոր երևույթ չէ։ Իրավիճակն ի սկզբանե ճիշտ պատկերացնելու դեպքում գուցե արդյունքներն այլ լինեին։ Սակայն հիմա իրավիճակն ավելի բարդ է, ճնշումների մակարդակն է՛լ ավելի է խորացել, հռետորաբանությունն էլ ավելի մեղմ չի դարձել, խաղաղության համար Թուրքիային ոչինչ չի խանգարում, սակայն ակնկալիքները մշտապես լինելու են Հայաստանից։ Սա է իրավիճակը, եթե ամփոփենք, ապա սա պահանջների, պայմանների հերթական չափաբաժինն է ՀՀ իշխանություններին»,- ասաց վերլուծաբանը։