
Հուսամ, հաջորդ անգամ Հայաստանում կվարարեն ոչ թե ջրերը, որոնք ավերում են մեր երկիրը, այլ մարդկային զանգվածները, որոնք կմաքրեն երկիրն այն քանդողներից. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Սեյրան Առաքելյանը նրան հարցրել է.
«Ես գրում եմ Ախթալայից, որտեղ ջրհեղեղի պատճառով շատ վատ վիճակ է: Ինչքա՞ն ժամանակում կկարողանանք դուրս գալ էս վիճակից ու էս աղետի հետևանքներից։ Գիտեմ, որ ոլորտի մասնագետ չեք, բայց Ձեր կարծիքը և խորհուրդները շատ կարևոր են մեզ համար»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Նախ ուզում եմ իմ համերաշխությունը և աջակցությունը հայտնել աղետի գոտու իմ հայրենակիցներին և ցավակցել իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին։
Գործող իշխանությունների համար այդ մարդկանց դարդն ու ցավն ունեն զրո արժեք, ինչպես մինչ այդ 5000 զոհերի ցավը և 140,000 արցախահայերի վշտերը։
Ավելին, չկատարելով իրենց ուղղակի պարտավորությունները բնակիչների կորուստները վերականգնելու և կյանքի տարրական պայմաններ ապահովելու ուղղությամբ, գործող խունտան փորձում է շարունակել աղետը ներքաղաքական պայքարում։
Կդժվարանամ համալիր և համապարփակ խորհուրդներ տալ իմ հայրենակիցներին, բայց որպես մարդ և բժիշկ՝ կխնդրեմ և կհորդորեմ առանձնահատուկ ուշադիր լինել առողջական հարցերին՝ խուսափելու համար թե՛ հնարավոր վարակներից, թե՛ թունավորումներից, հետևել օգտագործվող ջրի և սննդի որակին, հնարավորինս ապահովել էլեմենտար հիգիենայի կանոնները։
Հուսամ, հաջորդ անգամ Հայաստանում կվարարեն ոչ թե ջրերը, որոնք ավերում են մեր երկիրը, այլ մարդկային զանգվածները, որոնք կմաքրեն երկիրն այն քանդողներից»:
Մանրամասները՝ տեսանյութում: