5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Սյունե Սևադան
Սյունեին շատերն են ճանաչում: Նրա պատմվածքները, անգամ սոցցանցերում արված գրառումները, դարձել են մեր ամենօրյա ընթերցանության առարկան: Բոլորս հիշում ենք Ջեյմս ՄաքԷվոյի մասին նրա գրառումները, ճանաչում ենք վերջինիս արիստոկրատ հարևանուհուն, իսկ Սյունեի «Կախվածություն» գիրքը ժամանակակից գրականությամբ հետաքրքրվողների լավագույն ձեռքբերումն է վերջին շրջանում:
Երիտասարդ արձակագիրը միացել է 168.am-ի նախաձեռնությանը և հինգ գիրք է առանձնացրել երեխաների համար: Մոգական պատմություններ, տիեզերական արկածներ և շոկոլադ՝ Սյունե Սևադայի հնգյակում, որոնց կից ներկայացնում ենք հեղինակի մեկնաբանությունները:
«Մոգական պատմություն» – Կարեն Սիմոնյան
«Գուցե հիմա այս գիրքը փոքր-ինչ դժվար լինի գտնել, բայց փնտրել հաստատ արժի՝ գրադարանները բոլորիս օգնական։ Կարեն Սիմոնյանի «Մոգական պատմությունը» իմ առաջին ֆանտաստիկայի ժանրում գիրքն էր, որն այնպես է տպավորել, որ մինչ այսօր որոշ պատմվածքներ մտապահել եմ։ Հիշում եմ, որ պատմություններից մեկում Մարսի վրա ապրող աշակերտները հատուկ հաբեր էին գտել, որոնք խմելուց հետո կարողանում էին այս կամ այն առարկան շատ հեշտ սովորել։ Չեք պատկերացնի՝ ոնց էի երազում մի օր «մաթեմատիկայի դեղահաբը» գտնել ու վերջ տալ իմ անմարդկային տառապանքներին․ թվերի հետ, շատ մեղմ ասած, այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չենք՝ մինչ օրս։
«Մոգական պատմությունը» պատմվածքների ժողովածու է, որտեղ կգտնեք էլ ռոբոտ դայակներ, էլ անսովոր աշխատանքներ ու դասընթացներ, տիպիկ «այլմոլորակային» խնդիրներ, այս ամենին ավելացնում եք Մարսի կարմրավուն փոշին, տպավորիչ նկարագրություններ, իսկական ընկերության ու հարաբերությունների հետաքրքիր զարգացումներ, և ստանում եք կլանող ու հետաքրքրաշարժ մի գիրք, որը հետաքրքիր կլինի կարդալ անգամ մեծ տարիքում։ Միայն թե՝ զգուշացնեմ, գիրքը կարդալուց հետո ափսոսելու եք, որ չեք կարող մարսերեն սովորել։ Մեծ հույս ունեմ, որ ինչ-որ մի օր գիրքը կվերահրատարակվի, քանի որ վստահ եմ, որ շատերն այն կսիրեն»։
«Սուրի և Սամի արկածները» – Ազատ Շահինյան
«Գիրքը շատ պատահական հայտնվեց իմ ձեռքում. մանկության ընկերներիցս մեկի ընտանիքի ավտոտնակում էր դրված, մեծ պարկով գրքեր էին, որոնք պիտի գյուղ ուղարկեին, ես էլ մոտեցա ու խնդրեցի մի քանիսը ինձ վերցնել՝ պատահականության սկզբունքով։ Լավ էր, որ մանկության ընկերուհիս հրաշալի ծնողներ ունի, թե չէ գուցե երբեք այս գիրքը չկարդայի։ «Սուրի ու Սամի արկածները» զվարճալի ու շատ անմիջական պատում է՝ երկու ընկերների՝ Սուրենի ու Սամվելի մասին, որոնք, չնայած, արտաքնապես խիստ տարբեր են՝ իրար ամենալավն են հասկանում, լավագույն ընկերներ են ու առանց իրար անգամ մեկ օր չեն կարողանում ապրել։ Սա, իհարկե, չի խանգարում, որ ընկերները պարբերաբար տարաձայնություններ ունենան ու մի լավ դնգստեն իրար՝ տուն հասնելով փոշոտ հագուստով՝ գլխարկներն ու շարֆերը ինչ-որ տեղ մոռացած։ Լավ է, որ արագ են մոռանում վեճերն ու էլի «համախմբվում», հատկապես, որ անընդհատ ծիծաղելի պատմությունների մեջ են հայտնվում։ «Սուրի ու Սամի արկածները» հատկապես շատ էին սիրում մեր ծնողները, բայց նոր սերունդը ևս կգնահատի»։
«Ծերպերի բնակիչները» – Վարդգես Քալանթարյան, Մուշեղ Բաղդասարյան
«Գրքի իրադարձությունները Հայրենական մեծ պատերազմի հետ են կապված։ Եթե մեր աչքերով նայենք, գիրքը գուցե մի փոքր «հնաոճ» թվա, բայց շատ կլանող ու հետաքրքիր է։ Այս արկածային վիպակում գործողություններն արագ են զարգանում, շատ ես կապվում կերպարների հետ՝ գլխավոր հերոսին զուգահեռ, օրինակ, անընդհատ սպասելով իր հայրիկի վերադարձին։ Սյուժեն ևս հետաքրքիր կառուցվածք ունի ու անընդհատ շարժի մեջ է պահում մեր երևակայությունը։ Փոքրիկ, սիրուն դետալներից տպավորվել է այն, որ ընկերները սովորություն ունեին հավաքվելու ու միասին ճնճղապաշար ուտելու՝ խոսելով իրենց հուզող խնդիրներից ու աշխարհից։ Կհետաքրքրի տարիքով մի քիչ մեծ երեխաներին»։
«Էնդերի խաղը» – Օրսոն Սքոթ Քարդ
««Էնդերի խաղը» ունի նաև ֆիլմ, բայց խնդրում եմ պահանջելու պես՝ ոչ մի դեպքում չնայել ֆիլմը. շատ վատն է։ Գիրքն աղավաղել են, փչացրել, դարձրել պարզունակ ու անհետաքրքիր։ Իսկ այ գրաշարն ուղղակի հրաշալի է։ Ավելի մեծ տարիքում եմ կարդացել, բայց հաստատ պատանիներին շատ կգրավի, եթե կարճ՝ սուպեր օժտված երեխաները փորձում են փրկել իրենց աշխարհը։ Գրքի շնորհիվ մոռանում ես տարիքդ ու ձուլվում կերպարներին, թվում է՝ ավելի կարևոր ոչինչ չկա, սկսում ես իրենց խնդիրներով ապրել ու փորձել հասկանալ՝ ո՞վ է նրանցից ավելի լավը կամ վատը, ի՞նչ է կատարվում։ Զգում ես, որ ինչ-որ մութ խաղ կա՝ զուգահեռ, բայց ի՞նչ… Գիրքը շատ հասուն ենթաշերտեր ունի ու արագ է կարդացվում՝ չնայած բավականին ծավալուն է։ Ցանկալի է՝ մեծահասակները ևս կարդան»։
«Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» – Ռոալդ Դալ
«Եթե իմ պես քաղցրակեր եք, գիրքը շատ կսիրեք։ Բացի «արտաքին շետից», սա պատմություն է հաջողության, լավատեսության, ունեցածը գնահատելու, չնահանջելու մասին, և այս ամենը՝ շոկոլադի շուրջբոլորը։ Չառլի Բակետին զուգահեռ երազում ես շոկոլադի միջից գտնել հինգ տոմսերից մեկը, որպեսզի հնարավորություն ստանաս ներսից տեսնելու Վիլլի Վոնկայի գործարանը, որտեղ արտադրվում են աշխարհի ամենահամեղ շոկոլադներն ու այլ քաղցրեղենները։ Գիրքը շատ հմայիչ է ստացվել ու արագ է ընթերցվում, միայն թե հաստատ նպաստելու է, որ երեխաները ավելի շատ քաղցր սիրեն ու ուտեն։ Ի դեպ, համանուն ֆիլմը ևս ստացված է՝ Թիմ Բարթոնի ռեժիսորությամբ, Վիլլի Վոնկայի դերում էլ Ջոնի Դեփն է»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան