«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ
Երեկ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել էր քարտեզ և կից գրել, որ Կիրանց գյուղում ՀՀ իշխանության կողմից տարածքների հանձնումով կիրանցեցին զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերից, դրանք այլևս վերահսկվում են ադրբեջանական բանակի կողմից։
«Արդյունքում` ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում:
Իսկ առաջիկա շաբաթներին Կիրանցում եղած զիջումների նման նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում, որոնք կարելի է կասեցնել, եթե Սրբազան պայքարը հաջողի»,- գրել էր թյուրքագետը:
168.am-ի հետ զրույցում Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն ասաց՝ իրավիճակը Կիրանցում շատ վատ է՝ այն ամենից հետո, ինչ արեցին իշխանությունները։
«Մարդիկ անտրամադիր են, տխուր, անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու»,- նշեց Կամո Շահինյանը։
Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են անելու այն բնակիչները, որոնց տներն անցնելու են ադրբեջանական զինուժի հսկողության տակ և, ինչպես բնակիչներն են ասում, իշխանությունները նրանց մինչև հունիսի վերջ ժամանակ են տվել տները լքելու համար, Կամո Շահինյանն ասաց.
«Այս պահին սահմանին եմ, հեռախոսով երկար չեմ կարող խոսել, բայց բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան»։
Նշենք, որ Տավուշում սահմանազատված հատվածներում Ադրբեջանն արդեն բարձրացրել է իր դրոշը, Կիրանցում այդ դրոշը երևում է։