Բաժիններ՝

Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին

Հունիսի 4-ին Մոսկվայի ​​էստրադայի պետական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախագծի մամուլի ծառայությունում։

«Հունիսի 4-ին Մոսկվայի էստրադայի թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված մեծն Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Հռչակավոր շանսոնիեի՝ բոլորի կողմից սիրված երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի ​​արտիստներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո Ֆեռեյրան: «Հավերժական սեր», «Լա Բոհեմ», «Դու և ես», «Ով դու, կյանք», «Դեռ երեկ» և ֆրանսիական դասականի այլ գլուխգործոցները կհնչեն Կրեմլի պետական ​​նվագախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ռուս ամենապահանջված երիտասարդ դիրիժորներից մեկը՝ Կոնստանտին Չուդովսկին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Շառլ Ազնավուրը գրել է ավելի քան հազար երգ, որոնցից շատերը դարձել են համաշխարհային հիթեր, խաղացել է շուրջ 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ։ Փարիզյան բեմում առաջնաելույթը եղել է ինը տարեկանում՝ ռուսական պարերի կատարմամբ։

Հայ տարագիրների որդի Շահնուր Ազնավուրյանը, որը հետագայում անունը փոխել է ֆրանսիական ոճով, ելույթ է ունեցել 85 տարի շարունակ։ Իր կարիերայի ընթացքում Ազնավուրը թողարկել է 294 ալբոմ և կատարել շուրջ 1100 համերգ աշխարհի 94 երկրներում։ Նրա երգերը կատարել են Էդիթ Պիաֆը, Իվ Մոնտանը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Սթինգը, Խուլիո Իգլեսիասը և համաշխարհային բեմի այլ աստղեր։ Ռուսաստանում նա ​​հանրաճանաչություն է ձեռք բերել «Թեհրան-43» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որտեղ հիմնական երաժշտական ​​թեման դարձել է «Հավերժական սեր» երգի մեղեդին։

Շառլ Ազնավուրը ճանաչում է ստացել նաև որպես գրող։ Նրա առաջին գրական փորձը եղել է Իսպանիայում ճամփորդության օրագիրը, այնուհետև 1991 թվականին նա հրատարակել է երգերի խոսքի և համառոտ արձակի ժողովածու՝ «Խոսք աֆիշի համար» վերտառությամբ, 2003 թվականին լույս է տեսել «Առաջավորների ժամանակը» հուշապատումը, իսկ 2005 թվականի հոկտեմբերին հրատարակել է «Իմ կյանքի պատկերները» նովելների ժողովածուն։ Հետագայում նա հրատարակել է ևս յոթ գիրք, ներառյալ՝ ինքնակենսագրական վեպը։

Ազնավուրի գործունեությունը նշանավորվել է բազմաթիվ բարձր պարգևներով։ Դրանց թվում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի և «Վաստակի համար» շքանշանները, ինչպես նաև «Սեզար» կինոմրցանակը։ 2004 թվականին Հայաստանը նրան շնորհել է Ազգային հերոսի կոչում։ 2009 թվականի հունվարին շանսոնիեին շնորհվել է Ձայնագրման և երաժշտության միջազգային շուկայի հատուկ մրցանակ՝ «տպավորիչ պրոֆեսիոնալ կարիերայի» համար, իսկ 2012 թվականի ապրիլին՝ «Կենաց ծառ» ազգային, մշակութային և հոգևոր ժառանգության վերածննդի բարեգործական հիմնադրամի (ԱՊՀ) մրցանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս