Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեդիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը

Շվեդիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը շաբաթ օրը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ շվեդ պաշտոնյայի կողմից Թեհրանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո, գրում է Mehr-ը։

«Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շվեդ պաշտոնյայի անհիմն և կողմնակալ մեղադրանքներից հետո, Թեհրանում Շվեդիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը շաբաթ օրը երեկոյան կանչվել է Արտաքին գործերի նախարարություն Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենի օգնականի կողմից։

Հանդիպման ընթացքում շվեդ դիվանագետին տեղեկացրել են սիոնիստական ​​ռեժիմի կողմից տարածված կեղծ և շինծու տեղեկատվության հանդեպ Իրանի Իսլամական Հանրապետության առարկությունների մասին»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

Նշվում է նաև, որ հանդիպմանը Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենի օգնականը հերքել է մեղադրանքները և նշել, որ «անհիմն հայտարարությունների հրապարակումը վկայում է երկու երկրների միջև երկարամյա հարաբերությունները խարխլելու որոշ կողմերի մտադրության մասին»։

«Հետևաբար, ակնկալվում է, որ Շվեդիայի իշխանություններն ավելի զգոն կլինեն կասկածելի տեղեկատվության հարցում։

Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը խոստացել է Իրանի բողոքը փոխանցել իր երկրին»,- ասվում է հայտարարության մեջ։

Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Շվեդիայի SAPO անվտանգության ծառայությունը հինգշաբթի հայտարարել էր, որ նկատել է, թե ինչպես է Իրանն օգտագործում հանցավոր ցանցերը Շվեդիայում՝ այլ պետությունների, խմբերի և անհատների դեմ բռնի գործողություններ իրականացնելու համար:

Այս գործողությունները հիմնականում ուղղված են եղել իրանական սփյուռքի այլախոհ խմբերի և անհատների դեմ, բայց տարածվել են նաև այլ երկրների ներկայացուցիչների վրա, ինչպիսին Իսրայելն է, ասվում է SAPO-ի հայտարարության մեջ:

«Նման գործունեությունը կարող է իրականացվել Շվեդիայում իսրայելական և հրեական շահերին, նպատակներին և գործունեությանը վնաս հասցնելու նպատակով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս