«Ցավոք, տրվեցինք ներմուծված ու պարտադրված արժեքներին ու չմտածեցինք, որ տանելու է դեգրադացիայի»
168.am-ի զրուցակիցը երգահան, երգիչ Ազատ Աբրահամյանն է, ով հասարակությանն առավել հայտնի է «Ծաղիկներ», «Սյուզի», «Կապույտ-կապուտակ», «Հին իմ Երևան» երգերով:
Նրա հետ զրուցել ենք բեմից հեռանալու և հետ վերադարձի պատճառների, երգարվեստի, ոլորտի խնդիրների, մտավորականության և վախերի մասին։
– Երկարատև դադարից հետո՝ մայիսի 1-ին, հայտնեցիք, որ բեմ եք վերադառնում, իսկ մինչ այդ ասել էիք, որ խռովկան երեխայի նման առանձնանում եք խրճիթում՝ գրելու համար։ Ի՞նչը Ձեզ տարավ բեմից ու ի՞նչը հետ բերեց։
– Անկեղծ ասած, մոռացել էի, որ նման բան եմ գրել, բայց, այո, տևական ժամանակ չկայի ասպարեզում և որոշում կայացրեցի վերադառնալ։ Մայիսի 1-ին տեղի ունեցավ հեղինակային երգերի երեկո, որը կոչում եմ կարոտի երեկո։
– Ինչի՞ց էիք խռովել։
– Խռովելն ավելի շատ փոխաբերական իմաստով է։ Տարբեր պատճառներ կային, բայց հիմնականը երևի թե այն էր, որ ժամանակները գնալով փոխվեցին։ Երբ նայում ու տեսնում ես, թե շուրջդ ինչ է կատարվում, հատկապես՝ բեմահարթակում, սկսում ես մտածել՝ անելիք ունե՞ս, թե՞ ոչ։ Տեսնում ես, որ մարդկանց մեծ զանգված լսում է թեթև, անբովանդակ, պարային երաժշտություն և, բնականաբար, սկսում ես մտածել՝ զգո՞ւմ են այլ երաժշտության պահանջ։ Ցավոք, նման անճաշակությունները գնալով աճում են, իսկ մարդիկ, ովքեր կոչված են այն թույլ չտալու՝ մի կողմ քաշված նաև ծափահարում են այդ անճաշակությանը, ու սկսում ես խռովել։ Տարիներն ու ծափահարություններն ապացուցել են՝ դու ստեղծում ես գործ, որ մարդկանց պիտանի լինես, հուզականություն առաջացնես, ճաշակ զարգացնես, մեկ էլ տեսնում ես, որ այն պահանջարկ չունի։
– Տպավորություն է, որ բեմ վերադառնում եք, երբ հոգեպես ծանր վիճակում եք։ Այդպես եղել է 1996թ., երբ կյանքից հեռացել է Ձեր կինը, ու պետք էր երեխաներին պահել, ոտքի կանգնել։ Հիմա նման վիճա՞կ է։
– Տարբեր պատճառներ կային, բայց, այո՛, եղել է այդպիսի մի հատված. բեմահարթակ եմ բարձրացել, երբ շատ բարդ էր անձնական կյանքում։ Իմ սիրո մոլորակը՝ բեմահարթակը, մշտապես ինձ օգտակար լինելուց բացի, մեծ էներգիա, հույս, ուժ է տվել։ Այս անգամ՝ նույնպես։
– 1990-ականներին, երբ հեռացել եք բեմից, նշել եք, որ երգարվեստն ամենադաժան ոլորտն է։ Ինչո՞ւ։
– Ինչո՞ւ եմ այդքան դաժան բառ օգտագործել (ծիծաղում է։- Ա.Կ.)։ Նախ երգարվեստը, որպես այդպիսին, ցավոք, Անկախությունից հետո շատ ցածր աստիճանի իջեցվեց։ Եթե խոսում ենք ստեղծագործական աշխատանքի մասին, շատերին թվում է՝ ի՞նչ է եղել, որ՝թուղթ, գրիչ, և երաժշտությունը գրվում է։ Այդպես չէ։ Առհասարակ, երբ երգն ի վերուստ տրված շնորհով ստեղծվում է, դա շատ բարդ ընթացք է անցնում։ Խմորումները կայծակներ են առաջացնում, ու հրաբխի նման մեկ էլ ժայթքում են հնչյուններն ու բառերը, և ստեղծվում է երգը։ Չգիտեմ՝ ինչպես, բայց ինձ մոտ բառերն ու հնչյունները հիմնականում միասին են գալիս։ Լինում են դեպքեր, որ բառերը գալիս են, բայց երաժշտություն չկա։ Ես դրանք գրի եմ առնում, որոշները տեղադրում սոցիալական ցանցում։
– Տողերը, որոնց համար երաժշտություն չկա, գուցե տաք՝ ուրի՞շը գրի, թե՞ անպայման Դուք եք ուզում գրել։
– Սիրով կտամ, բայց ցանկացողներ չկան։ Հիմա մարդիկ ավելի շատ մտածելու տեղիք չտվող ինչ-որ տարբերակներն են փնտրում՝ միանման, անիմաստ, անբովանդակ։ Շատ դեպքերում երգարվեստի հետ առնչություն չունեցող բաներ ես տեսնում։ Անգրագիտություն՝ բառի բուն իմաստով։ Ես բառեր եմ գրում՝ տարիների, փորձի հենքի վրա։ Վերցնենք «Ծաղիկներ» երգը։ Այն միանգամից բուռն ընդունվեց։ Ես զարմացա՝ ինչո՞ւ, որովհետև երգն ամբողջովին տողատակ է։ Որևէ երգ չեմ մեկնաբանել և չեմ մեկնաբանի, բայց անգամ հարազատ մարդկանց եմ այդ հարցն ուղղել՝ տեսնես մարդիկ հասկացե՞լ են տողատակը, որ այդքան բուռն են արձագանքում, թե՞ ուղղակի մելոդիկ երաժշտություն է։
– Նկարիչների նման եք վարվում․նրանք էլ են ասում՝ նկարը չենք մեկնաբանի, ինչպես ուզում եք՝ հասկացեք․արդյո՞ք դա սխալ չէ։
– Ոչ և ասեմ՝ ինչու։ Արվեստի ցանկացած ներկայացուցիչ փակագծեր չի բացում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ընկալվում է յուրովի։ Երբ դու մեկնաբանում ես և փակագծեր բացում, մի տեսակ հասարակ ես դարձնում այն, ինչ ստեղծել ես։ Իմ ապրումներից ստեղծվածն իմն է։
– Փակ եք պահում նաև Ձեր մասին ինֆորմացիան․ո՞ր թվականին եք ծնվել, ի՞նչ կրթություն ունեք։
– Չեմ խոսել ոչ միայն այդ ամենի, այլև իմ կյանքի, անցյալի մասին։ Չեմ սիրում ինձանից խոսել։ Երբ մի տեղ հրավիրում են, ասում են՝ ներկայացնենք այսպես կամ այնպես, ասում եմ՝ ոչ։ Ո՛չ ասեք երգահան, ո՛չ հեղինակ-կատարող, նշեք անուն և ազգանուն,՝և ովքեր ճանաչում են՝ լավ, ովքեր՝ ոչ, կլսեն ստեղծագործությունը և կճանաչեն։ Բայց բացառություն կանեմ՝ հարցրեք, ի՞նչ է հետաքրքրում։ Տարիքը չհարցնեք։ Չեմ նշում նրա համար, որ ոչ թե ամաչում եմ, այլ առհասարակ, բեմահարթակի մարդկանց տարիքը նշելն ընդունված չէ։ Բացի դա՝ տարիքն ինձ համար նշանակություն չունի։
– Երևի շատերին հուզող երկու հարց տամ․ունե՞ք երաժշտական կրթություն և որպես մարդ, ով միայնակ մեծացրել է իր երեխաներին, հետագայում ինչո՞ւ չի ամուսնացել։
– Առաջին հարցին չեմ պատասխանի։ Նրանք, ովքեր իմ բանավոր խոսքը գիտեն, կկարողանան պատկերացում կազմել կրթամակարդակիս մասին։ Մի ամբողջ կյանք բեմում եմ եղել։ 6 տարեկանից եմ սկսել երգել, երբ դեռ տառաճանաչ չէի։ Հայրս նստեցնում և նախադասություն առ նախադասություն կարդում էր երգերի բառերը, ես անգիր էի անում, հետո սկսում էի երգել։ Կատարել եմ ժողովրդական, գուսանական երգեր, Կոմիտաս… Երբ հորեղբայրս ինձ նվիրեց մի հրաշալի ձայնասկավառակ` լսեցի այդ երգերն ու պարզապես սիրահարվեցի։ 15-16 տարեկան պատանի էի, երբ արդեն ցանկացա ստեղծել երգեր ու ինչ-որ ոճ, որն իմը կլինի։ Այդ ձայնագրությունը եղավ ոգեշնչողը, որ դառնամ հեղինակ-կատարող։ Խոսքը շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի մասին է։
Ինչ վերաբերում է ամուսնությանը… դե, ինչ կարիք կա այդ մասին խոսելու, մանավանդ, որ հիմա տարիքս բավականին բարձր է։ Ուղղակի այդպես ստացվեց, իմ ճակատագիրն էլ դա էր։ Շատ երիտասարդ տարիքում կնոջս կորցրեցի, բալիկներիս պետք է մեծացնեի, և այդպես տարիներն անցան, իսկ դրանից հետո չհաջողվեց։
– Շատ հեղինակ-կատարողներ ասում են, որ բոլոր ժամանակներում իրենց մեկուսացրել են։ Այն, որ հեղինակ-կատարողներն ավելի անկեղծ են իրենց խոսքերում, գուցե դա՞ է վախեցնում։
– Եթե նկատի ունեք «բարդ» ոճը, ապա նրանք երևանյան կոլորիտային երգեր են ստեղծում։ Իմաստ, բովանդակություն ունեցող երգեր են, և այդ մեկուսացումը, որ ասում եք, մեր ժամանակներում քանի որ շոու-բիզնեսն են նախընտրում, մեկը մյուսի հետ մրցակցելու խնդիր կա։ 90-ական թվականների վերջից, երբ սկսեցին շուկա ներմուծել անճաշակություններ, հիմնականում փակեցին այն ճանապարհները, որոնք հնարավորություն ունեին բարձր ճաշակ բերել։ Եվ հանրությանը սովորեցրեցին այդ ոճին, որ երկրպագում են, թանկ-թանկ տոմսեր են գնում, հարստացնում մարդկանց, որ հաջորդ անգամ նոր անբովանդակ բաներ ստեղծեն և գան պարել տալու։
– Հիմա, այստեղ, ո՞վ է մեղավոր։
– Բոլորս։ Հանդիսատեսի այն հատվածը, որը միայն պարել է նախընտրում, մեղավորություն չունի՞։ Չե՞ն մտածում բանականությունը, ճաշակը զարգացնելու մասին։ Մեր ժամանակներում, ի՞նչ է, չկային խաղեր, հետաքրքրություններ։ Մեր ծնողները, երբ ասում էին՝ կարդալ, գրագիտություն ձեռք բերել է հարկավոր, ի՞նչ է, չկայի՞ն մարդիկ, որ այդպես էլ չկարդացին։ Բայց մեծ հատվածը գնում էր ինքնակրթվելու ճանապարհով, որովհետև միջավայրն էր այլ։ Կային հեղինակավոր մարդիկ, գրագիտությունն էր հարգի։
– Եթե նկատել եք՝ ընկած մտավորական ենք փնտրում․գուցե հենց նրանց բացթողո՞ւմը կա։
– Այս ամենը մտավորականների մեղավորությունը չէ։ Խոսք կա՝ ասում են, անհատներն են ստեղծում ժողովուրդների հավաքական բնութագիրը։ Հիմա ի՞նչ անի մտավորականը, եթե պահանջարկ չունի։ Հենց մի բան է տեղի ունենում՝ հիշում են մտավորականներին, թե ինչո՞ւ չեն խոսում, չեն պայքարում։ Եղբայր, չեք տեսնո՞ւմ, որ մտավորականներից որևէ մեկը չկա ասպարեզում։ Սա ասպարեզից միտումնավոր հեռացնել է, թե ուրիշ անուն ունի՝ չգիտեմ, թող ամեն տրամաբանող մարդ հարց տա ինքն իրեն ու պատասխանի։
– Շատ արվեստագետներ մտավորական բառից խուսափում են՝ ընդգծելով, որ մտավորականը Սիլվա Կապուտիկյանն էր, Համո Սահյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սոս Սարգսյանը և այլք։ Գուցե այդ բարձր սանդղա՞կն է խանգարում, որ, ի վերջո, գտնենք մտավորականներին։
– Իմ կարծիքով, մտավորականն այն անձնավորությունն է, ով իր մտավոր կարողությունները զարգացնելով՝ բերում է մի աստիճանի և վաստակում է հանրաճանաչ, վաստակավոր մարդ դառնալու կոչումը։ Ժողովուրդն է այդ կոչումները շնորհում։ Մտավորականը նա է, ով հավատարիմ է մնում ազգային արժեքներին, իսկական հայրենասեր է, ոչ թե կենացային, երբեք չի շեղվում ճանապարհից, եթե անգամ շահեկան ինչ-որ մի բան կա։ Նա շիտակ գնացող անձնավորություն է։ Գուցե շատերն իրենց մեջ չեն գտնում այդ ամբողջական գնահատականը, դրա համար խուսափում են։ Ես ևս խուսափում եմ։ Այո, մտահոգ եմ իմ ժողովրդի, երկրի բոլոր խնդիրներով, շատ եմ ցանկանում օգտակար լինել, բայց արդյո՞ք այդ կոչումը ժողովուրդն ինձ շնորհել է, թե՞ ոչ, չգիտեմ։
– Ձեր տողերից մեկը հիշեցի, որտեղ ասվում է՝ «տարիները թերթելով այսպես անհեռատես, իրար չսիրելով առաջ ենք գնում»։ Պատճառը ո՞րն է, ինչո՞ւ, ի վերջո, չենք կարողանում միասնական լինել։
– Բարդ է։ Ինչո՞ւ իրար չենք սիրում… բավականին հետ պետք է գնանք։ Մենք, ցավոք, «տրվեցինք» մեզ պարտադրված բոլոր «արժեքներին», որոնք ներմուծեցին, և աչքներս կապած, ականջներս խցանած, միայն այդ ցույց տվածով գնացինք և չմտածեցինք, որ այդ ամենը մեզ տանելու է դեգրադացիայի, մի իրավիճակի, որ սկսելու ենք միմյանց նկատմամբ վերաբերվել այնպես, ինչպես այսօր է։ Մի պատճառ էլ կա․եթե մարդուն կտրում են հուզականությունից և արժեքներից, որ մտածի միայն զվարճանքի, ստամոքս լցնելու մասին, ու բերում են օրինակներ, թե՝ տեսեք, ինչ գեղեցիկ շքեղ երկաթյա նժույգներով ման եկողներ կան, ինչ պալատներ կառուցողներ կան, ու պատանին սկսում է փոքր տարիքից այդ ամենը տեսնել, ձգտել դրան, այլ ոչ արժեքների, որոնք մարդու ներսում պահպանում են մարդ ասվածը, ի վերջո, դառնում ենք նյութապաշտ, որը միշտ բերում է մրցավազքի, ու այս ամենի մեջ կորչում է հուզականությունը, սեր ասվածը։
Գենետիկ ամրություն ունեցող ժողովուրդներին քանդում են՝ կտրելով արմատներից, հետո փոխում են նրա մշակույթը, սկսում են արժեզրկել, այնպես են անում, որ ուսուցիչները դառնում են շարքային։ Մեր ժամանակ հուզմունքով էինք խոսում ուսուցիչների հետ, իսկ այսօր պատկերը բոլորովին այլ է։ Հեռացնում են նաև խելացի, մտածող, հեղինակավոր մարդկանց, մեկուսացնում են հասարակությունից։ Իսկ եթե ասպարեզում չկա հուզականությունը, արվեստը, բարձր արժեքը, մարդն ի՞նչ է. առավոտյան գնում է աշխատանքի, ստամոքս է լցնում, գիշերը պառկում քնում է։ Դժվարությունների մեջ ընկավ՝ կդիմի հազար ու մի միջոցի, որ կարողանա մյուսի նման երկաթյա նժույգ գնի։ Կա ևս մեկ պատճառ. մեր հասարակությունը սարսափելի քաղաքականացված է։
– Վերջերս անդրադարձել էիք թշնամու հետ հնարավոր խաղաղությանը. մի տեսակ թերահավատ եք։ Հնարավոր չէ՞, թե՞ ամեն դեպքում՝ թշնամին մնում է թշնամի։
– Հազարամյակների պատմությունը չի կարող ստել։ Ի վերջո, պետք է կարողանա՞նք այդ խրատը վերցնել, թե՞ ոչ։ Համոզված եմ, որ այստեղ աշխարհաքաղաքական գլոբալ առևտուր է տեղի ունենում, և այդ շրջանակներում գերտերությունների ցանկություններն ու շահերը մեկը մյուսի հետ անդադար բախվում են, և պետք է ամեն մեկը փորձի իր շահն առաջ տանել։ Կիզակետում մենք ենք և ուզենք-չուզենք՝ պետք է բախվենք այդ ամենին։
– Հիմա մեր փրկությունը որտե՞ղ եք տեսնում և ինչպե՞ս։
– Թող վարչապետ նշանակեն՝ ասեմ (կատակում է։- Ա.Կ.)։ Փրկության մասին չեմ խոսի, փրկիչ չեմ, ընդամենը մեկն եմ, ով վերլուծում է յուրովի։
– Նշել էիք, որ՝ բազմամիլիոնանոց Թուրքիայի բնակիչները կգնան, կգան ու կտնավորվեն այստեղ։ Ինչո՞ւ է այդ վախը համակել Ձեզ։
– Դա վախ չէ։ Վերլուծությունից բխող տեսակետ է, իրավիճակին շիտակ նայելու արդյունք։ Ընդհանուր առմամբ, ի՞նչ է ցույց տալիս այսօրվա իրավիճակը և պատմությունը, ինչպե՞ս թուրքերը հայտնվեցին մեր պատմական հողերում։ Այստեղ է պատասխանը։
– Խնդիր տեսնում եք նաև սահմանազատման և սահմանագծմա՞ն մեջ։
– Չէ։ Յուրաքանչյուր պետություն իր սահմանները պետք է ֆիքսի, այլ բան է, թե ինչպես են ֆիքսվում, արդյո՞ք օրենքի շրջանակներում են, և արդյո՞ք այդ ֆիքսումը, որ տեղի է ունենում, հասարակության կարծիքն է, որը բնակվում է այդ տարածքում։ Որևէ մեկին, հատկապես՝ իշխանություններին, իրավունք տրված չէ։ Նրանք եկող-գնացող են, մնայուն է պետությունը, մշակույթը, ժողովուրդը, և որևէ մեկը պետք է իրավունք չունենա նման հարցերին յուրովի վերաբերվել, ինչպես ինքն է պատկերացնում։ Նմանատիպ խնդիրները, կարծում եմ, հանրաքվեով պետք է որոշվեն։ Գերտերություններն իրենց շահերի հետևից գնացող են, և պատճառներ միշտ էլ կգտնվեն։ Նույն կերպ արեցին Արցախի հետ, որևէ մեկը դատապարտե՞ց։ Հիմա նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանում սահմանազատումից հետո։ Չեմ կարծում, որ դա պատնեշ է։ Ամենաճիշտ և ապահով տարբերակն է` ունենալ հզոր բանակ, զինատեսակներ, որ ցանկացած մեկին կզսպի։ Պետք է ունենաս նաև համախմբված, մեկ բռունցք դարձած ժողովուրդ, որովհետև մասնատված վիճակում, որում գտնվում ենք, չես կարող հանգիստ լինել։
– Մարդն ինչքան մեծանում է, տարիների ընթացքում փոխվում է նաև մտածելակերպը։ Հիմա ինչի՞ մասին են Ձեր ստեղծագործությունները։
– Սիրո մասին են, ինչպես միշտ է եղել։ Սեր, հայրենասիրություն, արժեքներ, խորիմաստ մտքեր։ Երգը ծնվում է ապրումներից, ներքին բախումներից, կարոտից, հիշողություններից։