Նիկոլական քարոզիչների, բռնության կոչ ու ատելության խոսք տարածողների հույսը՝ Աննա Վարդապետյան, հավատը՝ Արգիշտի Քյարամյան
Ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան armtimes.comկայքում հրապարակվեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ հարցազրույց, որում վերջինս, անդրադառնալով քաղաքացի Սամվել Վարդանյանի ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես ասել է. «Հուսով եմ՝ պատշաճ գնահատական կտրվի, կոպիտ և կոշտ, որպեսզի հետագայում նման դեպքերը կանխենք, այլապես ձնագնդիի էֆեկտով շատանալու են, մեծանալու, ու այս մարդիկ հասկանալու են, որ անպատժելի են, կարող են խնդիրները այս մեթոդով կարգավորել: Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»:
Հրապարակումն ապրիլի 15-ին վերնագրված է հետևյալ կերպ՝ «Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան»:
Ի դեպ, բարձրացված աղմուկը «ՀԺ»-ի տերերին ստիպեց մի քանի անգամ փոփոխություն անել հրապարակման մեջ, ու հիմա այն բոլորովին այլ վերնագիր ունի՝
Որևէ իրավապահ կառույց, բնականաբար, չարձագանքեց ասվածին, և սա այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտից ցանկացած ՔՊ-ի համար ոչ դուրեկան խոսք վայրկենաբար արժանանում է Քննչական կոմիտեի ու Դատախազության երկարաշունչ հաղորդագրությունների հերոսը դառնալու «պատվին»:
168.am-ը հրապարակման հաջորդ օրն իսկ գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազություն:
Ապրիլի 16-ին ուղարկված մեր հարցմամբ ցանկանում էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1.Արդյո՞ք հրապարակման նշված հատվածում ու վերնագրում (հարցումն ուղարկելու պահին։- Գ.Ս. ) դատախազությունը չի տեսնում բռնության կոչի հանցակազմ: Նկատենք, որ խնդրահարույց հատվածը հրապարակման վերնագիրն էր, ինչով շեշտվում է, որ խմբագրակազմը կարևորություն է տալիս հենց այդ հատվածին: Եթե հրապարակման մեջ կա հանցակազմ, ի՞նչ քայլեր է ձեռնարկել դատախազությունը, իսկ եթե չկա, կարո՞ղ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այս կամ այն հանգամանքում իրավապահ մարմինների աշխատանքից դժգոհ լինելու պարագայում դիմել նույն այն գործողություններին, ինչի պատրաստակամություն է հայտնում նշված քաղաքագետը:
2. Քաղաքացու թևերն իր թիկնազորին բռնելու հրահանգ տվող ու նրա վրա թքող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արարքում դատախազությունը խուլիգանության կամ որևէ այլ հանցակազմ չտեսավ, մինչդեռ քաղաքացի Սամվել Վարդանյանի վերբալ շփումը ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ դիտվեց որպես խուլիգանություն: Ինչո՞վ է դատախազությունը բացատրում երկակի ստանդարտների կիրառման այս պրակտիկան: Արդյո՞ք եթե Ալեն Սիմոնյանը Հակոբ Ասլանյանին ասեր՝ «դավաճան վիժվածք», նրա արարքը նույնպես կդիտվեր որպես խուլիգանություն:
Այս հարցերի պատասխանին մենք սպասում ենք արդեն 1.5 ամիս, ընդ որում՝ այդ ընթացքում մի քան անգամ հիշեցնելով, որ բաց են թողել հնարավոր և անհնարին բոլոր ժամկետները, որոնք օրենքը սահմանել է:
1.5 ամիս Գլխավոր դատախազությունը չի կարողանում պատասխանել պարզագույն հարցերի: Փոխարենը, թերևս, «ՀԺ»-ին խորհուրդ է տվել վերնագիրը փոխել:
Ուշագրավ է, սակայն, որ լրատվամիջոցի հարցերին պատասխանել չկարողացող Գլխավոր դատախազությունը երեկ մեծ արագությամբ կարողացավ չգիտես ինչ հրաշքով ծանոթանալ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կայացված արդարացման դատավճռին, և սա այն դեպքում, երբ հրապարակվել էր վճռի եզրափակիչ մասը միայն, ու հայտարարեց, որ դատարանի վճիռն անպայման բողոքարկելու է վերադաս ատյան:
Ողբերգական է գիտակցել, որ նիկոլական «կեղտոտ» քարոզի հեղինակների, ընդդիմադիրների նկատմամբ ատելության խոսք ու բռնության կոչեր հնչեցնողների հույսը դարձել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ հավատը՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Այս երկուսն էլ կանաչ լույս են վառել իշխանական ու իշխանամերձ շրջանակների կացնային քարոզիչների համար՝ ևս մեկ անգամ հաստատելով՝ նիկոլականներին կարելի է ամեն ինչ:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի ֆան ակումբի մեջ առանձնանում է ևս մեկը՝ Թերեզա Ասատրյան անունով: Նա ներկայանում է որպես լրագրող, ունի քրեական հարուստ անցյալ: Աչքի է ընկնում հակաարցախյան այլասերված քարոզով:
Բայց թերևս նրան էլ է զգուշացվել, որովհետև այդ գրառումների գերակշիռ մասն այժմ կարծես թե հեռացված է:
Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն իրենց գերագույնի ընտանիքին մերձավոր այս կնոջ ասածների մեջ խնդիր չեն տեսնում, բայց, օրինակ, հաճույքով կալանավորեցին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ով մահացավ դատարանի դահլիճում իր գործով առաջին իսկ դատական նիստին:
Խնդիր չեն տեսնում նաև ՔՊ-ական պատգամավորների ատելության խոսքի ու բռնության կոչերի մեջ: