Տնտեսությունը դադարել է «թթվածին» ստանալ
Տնտեսական իրավիճակը մեր երկրում շարունակում է լարված մնալ։ Թվում էր, թե անցած տարվա անկման ֆոնին, այս տարի հնարավոր կլինի բարձր աճ ապահովել։ Սակայն դա էլ չի հաջողվում։ Վերջին ամիսներին տնտեսական զարգացումների տեմպը վերստին սկսել է նվազել։
Հայտնվել ենք տնտեսական զարգացումների համար ոչ նպաստավոր իրավիճակում։
Տարվա սկզբից Հայաստանը գտնվում է գնաճի ուժեղ ճնշման տակ։ Դա ստիպում է Կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել՝ թանկացումների ալիքը մեղմելու համար։ Գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի տիրույթում է, չնայած դրա համար քիչ անելիքներ չունի նաև կառավարությունը։
Գնաճը մեղմելու համար՝ ԿԲ-ն անցած տարվա վերջից պարբերաբար թանկացնում է փողը։ Փողի գինը 1 տարում ավելացել է 3 տոկոսային կետով։ Նախկին 4,25-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 7,25 տոկոսի։
Սա շատ մեծ քայլ է, որը Կենտրոնական բանկն արել է՝ գնաճը մեղմելու համար։ Այլ բան, թե դրա ազդեցությունը սպառողներն ինչքանով են տեսնում գների վրա։
Անգամ այդպիսի կտրուկ տեղաշարժերից հետո գնաճը Հայաստանում չի թուլանում։ Սպասվում է, որ առաջիկայում դեռ պիտի բարձրանա։
Դրա փոխարեն՝ փողի թանկացումն ի վնաս տնտեսության է։ Որքան բարձր է փողի գինը, այնքան պահանջարկը նվազում է։ Փողի թանկացումը կրճատում է ֆինանսական միջոցները կլանելու տնտեսության հնարավորությունները՝ հանգեցնելով տնտեսական գործընթացների դանդաղման։
Բայց դա արդեն ոչ թե Կենտրոնական բանկի, այլ կառավարության խնդիրն է։
Կենտրոնական բանկը չի կարող և՛ գների կայունություն ապահովել, և՛ տնտեսության զարգացում։
Տնտեսության զարգացումների համար պատասխանատուն կառավարությունն է։ Իսկ թե ինչքանո՞վ է կառավարությանը հաջողվում զարգացնել տնտեսությունը, տեսնում ենք։ Տնտեսական ակտիվության տեմպը սկսել է իջնել։ Դրան, անշուշտ, «նպաստել է» նաև փողի թանկացումը, ինչը բերել է տնտեսության մեջ մտնող ֆինանսական հոսքերի կրճատման։
Տնտեսությունը հայտնվել է թթվածնային քաղցի մեջ։ Ու դա տեսնում ենք վարկային շուկայում։
Վարկային շուկան, կարելի է ասել, սառած վիճակում է։ Բանկերի վարկային ներարկումները պակասել են։ Մի կողմից՝ սպառողների ցածր եկամուտներն և վճարունակության անկումը, մյուս կողմից՝ տնտեսության անմխիթար վիճակն ու բանկային համակարգի «վախերը», հանգեցրել են տնտեսության մեջ մտնող վարկային կապիտալի կրճատման։
Դրանց ավելացել է նաև փողի թանկացումը։ Փողի թանկացումով Կենտրոնական բանկը զսպում է կապիտալի շրջանառությունը։ Բայց դա այն է, ինչ գների կայունության համար պատասխանատու կառույցը ուզում է՝ գնաճը մեղմելու ակնկալիքով։
Այս բոլոր գործոնները բերել են տնտեսության մեջ մտնող ֆինանսական հոսքերի կրճատման։ Դա առաջին հերթին վերաբերում է բանկային կապիտալին։
Տարվա առաջին 9 ամիսներին ունենք բանկերի վարկային պորտֆելի ծանրակշիռ նվազում։
Պաշտոնական տվյալներով, անկումը տարեսկզբից հասնում է 235 մլրդ դրամի։
Սա ծանր հարված է տնտեսությանը։ Որքան էլ համարենք, որ վարկերը թանկ ու դժվարամարս փողեր են, վերջին տարիներին դրանք են եղել տնտեսությանը թթվածին մատակարարող հիմնական աղբյուրը կամ ամենակարևորներից մեկը։ Ու հիմա ունենք այսպիսի պատկեր, ինչը նշանակում է, որ վարկային կապիտալը ևս սկսել է դուրս մնալ տնտեսությունից։
Վարկերի կրճատում ունենք ոչ միայն տարվա ընթացքում, այլև անցած տարվա նկատմամբ։
Անցած տարվա սեպտեմբերին բանկերի վարկային պորտֆելը 3 տրիլիոն 617 մլրդ դրամ էր, այս տարվա սեպտեմբերին եղել է 3 տրիլիոն 499 միլիարդ։
Մեկ տարվա ընթացքում վարկային պորտֆելը պակասել է 118 միլիարդով։
Նման բան հազվադեպ է լինում։ Ոչ միայն վերջին մի քանի տարիներին, այլև դրանից առաջ, գուցե ավելի դանդաղ, բայց վարկային շուկան գրեթե մշտապես ընդլայնվել է։ Հիմա հակառակն է։ Ունենք վարկային ներարկումների նվազում՝ ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ՝ նախորդ տարվա համեմատ։
Դա այն տնտեսական միջավայրի հետևանքն է, որում գտնվում է Հայաստանը։
Ֆինանսական հոսքերը կրճատվել են տնտեսության գրեթե բոլոր առանցքային հատվածներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առևտուր, սպառում և այլն։
Արդյունաբերության մեջ այս տարվա ընթացքում տեղի է ունեցել պորտֆելի 119 մլրդ դրամի հասնող անկում։
Հիմա հավանաբար ավելի հեշտ է հասկանալ, թե ինչու է արդյունաբերությունն այսպիսի խղճուկ վիճակում։ Ինն ամսում առկա է ընդամենը 0,7 տոկոսանոց աճ, այն էլ՝ բացառապես հանքարդյունաբերության հաշվին։ Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը հիմնականում վարկերի կարիք չունի։ Այստեղ դրսից ներդրումներ դեռ լինում են։ Չնայած այն հարկային քաղաքականությունը, որն իրականացնում են իշխանությունները, դա էլ է դնում հարցականի տակ։ Արդյունաբերության մյուս ամենախոշոր հատվածը անցած տարվա ճգնաժամից հետո էլ շարունակում է մնալ «կիսամեռած» վիճակում։
Բանկերը պասիվ են նաև գյուղատնտեսության վարկավորման առումով։
Կառավարության աշխատանքը, այդքան որ խոսում են ոլորտի սուբսիդավորումներից ու վարկավորումներից, երևում է այստեղ։ Տարվա ընթացքում գյուղվարկերը նվազել են 1,5-2 մլրդ դրամով։
Առևտրի ոլորտում ևս վարկավորման աշխուժություն չկա։ Ինն ամսում 53 մլրդ դրամով պորտֆելի կրճատում ունենք։
Սպառողական վարկերի շուկայում անկումն արդեն վաղուց խրոնիկ բնույթ ունի։ Անցած տարվանից սկսած նվազումն այսօր էլ շարունակվում է։
Բանկերի սպառողական վարկերի պորտֆելը, որը մի ժամանակ դարձել էր շուկայի ամենաակտիվ ավելացող հատվածը, հիմա ամեն ամիս նվազում է։ Մեկ տարվա ընթացքում 960 մլրդ դրամից այն իջել է 833 միլիարդի կամ կրճատվել է 127 միլիարդով։
Ակնհայտ է, որ վարկային շուկայում ամենաշատը տուժել են արդյունաբերական ու սպառողական վարկերը. մեկը ցույց է տալիս տնտեսության՝ իրական, մյուսը՝ սպառողական հատվածի վիճակը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ