Ուկրաինական հակամարտությունից հետո ՌԴ գլխավոր թիրախային ուղղությունը լինելու է Հարավային Կովկասը․ քաղաքագետ

Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ ինչ-ինչ հարցերի շուրջ եկել են համաձայնության։ Պուտինը հանդիպումը բնորոշեց կառուցողական․ ըստ նրա՝ «ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են մեկնարկային կետ լինել Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման համար»։

Թրամփը նշեց, որ համաձայնեցված կետերից զատ՝ «կան մի քանի կարևոր կետեր, որոնց դեռ լիովին չեն հասել, բայց որոշակի առաջընթաց են գրանցել»։

Այս օրերին հաճախ տեսակետներ են հնչում, որ Պուտին-Թրամփ բանակցությունները միջազգային հարաբերությունների ճարտարապետության հնարավոր փոփոխության նոր սկիզբ են դառնալու, իսկ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նաև վստահեցնում է՝ Ռուսաստանի համար Կովկասն արդեն առաջնահերթություն է դառնալու։

«Ուկրաինական հակամարտությունից հետո ՌԴ գլխավոր թիրախային ուղղությունը լինելու է Հարավային Կովկասը,- 168am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը, ապա անդրադառնալով դիտարկմանը, թե կան տեսակետներ, թե գուցե պայմանավորվածություններ կան, որ Թրամփն աչք փակի ուկրաինական ուղղության վրա, իսկ Պուտինը՝ Հարավային Կովկասի, հավելեց,- Եթե ինչ-որ մեկն էլ այստեղ զիջելու է, ապա՝ Թրամփը»։

Կարդացեք նաև

Ամեն դեպքում, Հրանտը Միքայելյանի համոզմամբ՝ մի բան պարզ է, որ մրցակցությունը տարածաշրջանի համար ավելի է մեծանալու։

«Թրամփը, կարելի է ասել, խաբել է Պուտինին՝ ասելով, թե Հարավային Կովկասում հետաքրքրություն չունի, բայց գաղտնի բանակցություն է վարել, որի վերջնարդյունքը տեսանք Վաշինգտոնում։ Եվ այժմ Պուտինի հերթն է լինելու՝ հետ բերելու ազդեցությունն այս տարածաշրջանում և մոտակա ամիսներին՝ հատկապես ուկրաինական պատերազմի ավարտից հետո, պայքար է լինելու նաև այստեղ։

Մենք գնում ենք պատերազմի ավարտ, և հիմնական պայմանավորվածոթյուններն էլ, ամենայն հավանականությամբ, դրա մասին էին»,- պարզաբանեց նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ պատերազմը սնուցող այլ խաղացողներ կան՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, եվրոպական այլ երկրներ, սակայն, ըստ նրա, ավելի է մոտենում պահը, երբ ԱՄՆ-ը կորոշի ուղղակի փակել պատերազմի թեման։

«Զելենսկին իրականությունից կտրված 5 կետանոց պլան է առաջ բերել, և, հավանաբար, մոտենում ենք պահին, որ ԱՄՆ-ը ասելու է՝ Ուկրաինային այլևս չի աջակցելու։ Վերջինի պարագայում ՌԴ հաղթանակն ավելի կմոտենա։ Սա մի քանի ամսվա հեռանկար է՝ հավանաբար կես տարվա,- նկատեց Հրանտ Միքայելյանը՝ հավելելով,- Թեև դեռ պարզ չէ, թե ուկրաինական պատերազմի ավարտից հետո դասավորվածությունն ինչպիսին կլինի, այդուհանդերձ հասկանալի է, որ Հարավային Կովկասում ամեն մեկը փորձելու է իր բոլոր քարտերը նետել խաղի մեջ։ Ռուսաստանը փորձելու է ստիպել Հայաստանին և Ադրբեջանին՝ հաշվի նստել ՌԴ դիրքորոշման հետ, իսկ հետո՝ արդեն նաև ընտրական պրոցեսներում է լինելու պայքարը»։

Տեսանյութեր

Լրահոս