
Այս որոշումը բիծ է դնում դատական համակարգի վրա. Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ և անզիջում դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդության մերժումը։ Այս մասին ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 15-ին դատարանը մերժեց Միքայել սրբազանի փաստաբանների բոլոր միջնորդությունները, այդ թվում` խափանման միջոցի փոփոխման, քրեական գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան տեղափոխելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
«Սա արդարադատություն անվան տակ օրինականացվող կամայականություն է, երբ մարդու ազատությունը պահվում է ոչ թե փաստերով, այլ քաղաքական պատվերով, իսկ դատական նիստերը վերածվում են կանխատեսելի ներկայացման»,– գրված է հայտարարությունում։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն ընդգծում է, որ հովվական խոսքը չի կարող հանցանք համարվել, քանի որ այդպես քննադատելու իրավունքը ոչնչացվում է, իսկ կալանքը դառնում է սանձելու գործիք։
«Երբ դատարանը վերածվում է քաղաքական կամքի սպասարկուի, այն կորցնում է իր ամենակարևոր կապիտալը՝ վստահությունը ժողովրդի աչքում։ Մենք հայտարարում ենք՝ այս որոշումը ոչ թե արդարադատության, այլ վախեցման քայլ է, և այն դատական համակարգի վրա դնում է այն բիծը, որը երկար տարիներ չի ջնջվելու»,– ասվում է հայտարարության մեջ։