
Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ կա երկխոսություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև. Սիյարտո

Քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն այս բովանդակությամբ գրառում է արել սոցցանցում։
«Աշխարհն ավելի անվտանգ է դառնում, քանի դեռ գոյություն ունի բարձր մակարդակի երկխոսություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, և այս գագաթնաժողովի անցկացման համար երկու նախագահներն էլ հարգանքի են արժանի», – գրել է Սիյարտոն:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ:
«Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների, երկխոսության և դիվանագիտական ուղիները բաց պահելու միջոցով։ Մենք՝ հունգարացիներս, պաշտպանում ենք այդ դիրքորոշումն արդեն երեքուկես տարի՝ հանդես գալով Բրյուսելի և եվրոպացի ռազմատենչ քաղաքական գործիչների դեմ», – նշել է Սիյարտոն։
Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչն իր հերթին X սոցիալական ցանցում գրել է, որ Պուտինն ու Թրամփը «վաղուց հասունացած բեկում են կատարել» և կոչ է արել «աղոթել, որպեսզի դա խաղաղության ճանապարհի սկիզբը դառնա»: