Բաժիններ՝

Գազայում սովամահ է եղել 251 մարդ, այդ թվում՝ 108 երեխա. առողջապահության նախարարություն

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 251-ի, այդ թվում՝ 108 երեխա։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։

«Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացածների 11 դեպք, այդ թվում՝ 1 երեխա։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 251-ի, այդ թվում՝ 108 երեխա», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Օգոստոսի 13-ին Գազայի իշխանությունները, հղում անելով բժիշկների և մարդասիրական կազմակերպությունների տվյալներին, հայտնեցին, որ Գազայի հատվածի մինչև 18 տարեկան ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ունեն սննդի սուր պակաս, իսկ թերսնումը սպառնում է մինչև 1 տարեկան 40,000 նորածինների և մինչև 5 տարեկան 250,000 երեխաների կյանքին։

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս