
Ձեզ նայեք, ձեր վարքագծին նայեք, հետո քննարկեք՝ մարդկանց կենցաղային խոսակցությունները տեղի՞ն են, թե՞ անտեղի․ իրավապաշտպան

Փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն ակնհայտ ապօրինի է որակում դատարանի որոշումները, որոնցով երկարաձգվեցին «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետները։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հրապարակային դատական նիստին հանրությունն էլ տեսավ, թե ինչ է կատարվում իրականում․ փաստաբանների շատ հստակ իրավական արգումենտներին մեղադրանքի կողմից որևէ պատասխան չհնչեց, և ո՛չ էլ դատարանը կարողացավ որևէ պատճառաբանություն ներկայացնել։
Սամվել Կարապետյանի գործի առնչությամբ էլ, փաստորեն, տեղեկացանք, որ փողերի լվացումը դատարանը չի հաստատել, սակայն կալանքը երկարաձգել է արված արտահայտության պատճառով, որը որևէ պարագայում չի կարող հանցագործությանը մոտ լինել․ ընդամենը 1 նախադասություն, որի մեջ ո՛չ կոչ կա, ո՛չ բռնություն, մարդն ասում է՝ եկեղեցու համար պայքարելու ենք»,- 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննես Խուդոյանը։
Սամվել Կարապետյանի կալանքը Հակակոռուպցիոն դատարանն օրերս երկարաձգեց երկու ամսով։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ նախօրեին 10 օրով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոսի կալանքի ժամկետը՝ մերժելով նրան ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
«Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը հիմա լծված է ոչ միայն ընտրական իմաստով քաղաքական հակառակորդներին, այլև առհասարակ հակառակվող ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, ազդեցիկ մարդկանց մեկուսացնելու գործին։
Նույնը կարող եմ ասել, օրինակ, «Սրբազան պայքար»-ի գործով։ Գործի հատորներն ուսումնասիրում եմ․ բացարձակ ոչինչ չկա։ Այո, կա հստակ պլանավորում (մասնակի, իրենք ճիշտ են ասում, որ պլանավորվում էր ինչ-որ բան), բայց պլանավորումը խաղաղ անհնազանդության ակցիաներն էին լինելու, որոնք այդ անգամ ավելի կազմակերպված էին լինելու, ինչը կարող էր վտանգ ներկայացնել իշխանության համար և, հետևաբար, որոշեցին մեկուսացնել իրավապահների ջանքերով»,- հավելեց Հովհաննես Խուդոյանը։
Նա շեշտեց՝ այդ ակցիաները ո՛չ հանցագործության տարր պետք է պարունակեին, և ո՛չ էլ, առավել ևս, ահաբեկչության։
Հովհաննես Խուդոյանը, որը նաև Բագրատ Սրբազանի պաշտպանական թիմի անդամն է, այս համատեքստում խոսեց Քննչական կոմիտեի կողմից հանրայնացված ձայնագրությունների մասին, որոնց հատկապես տարբեր հարթակներից անդրադառնում էր Գլխավոր դատախազը։
«ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ քարոզիչներ կային, որոնք սկզբից շատ վախեցած պնդում էին, որ՝ պլանավորում էին՝ գային մեզ գնդակահարեին, հետո ասում էին՝ չէ՛ ժողովուրդ, գալու են ձեզ գնդակահարեն, հստակ ապացույցով արդեն պարզ դարձավ, որ խոսքն ուրիշ բանի մասին էր։ Այժմ էլ ընկել են այն բանի հետևից, թե արդյոք ճի՞շտ է, որ սրբազանը նման բաներ խոսեր․ ճիշտ ու սխալը սրբազանն ինքը կորոշի, դուք մտահոգվեք, որ ձեր Գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի նախագահը գալիս են, Հանրային եթերից կամ Ազգային ժողովի ամբիոնից սուտ են խոսում։
Այդ պաշտոնատար անձանց ստերը թողած՝ տեսական քննարկման մեջ են մտնում՝ արդյո՞ք ճիշտ է նման բան խոսելը։ Ձեզ նայեք, ձեր վարքագծին նայեք, ձեր ապօրինություններին նայեք, հետո քննարկեք՝ մարդկանց կենցաղային խոսակցությունները տեղի՞ն են, թե՞ անտեղի»,- ամփոփեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք՝ շուրջ 1,5 ամիս առաջ Քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություններ՝ հիմնավորելու համար, որ շարժման մասնակիցներն ահաբեկչություն են նախապատրաստել, իսկ Բագրատ Գալստանյանի պաշտպանները, այդ թվում՝ Հովհաննես Խուդոյանը, հայտարարել էին, որ դրանք մոնտաժված են և կտրված համատեքստից։ Ավելի ուշ նրանք նաև հրապարակել էին ձայնագրություններից մեկի, իրենց պնդմամբ՝ ամբողջական տարբերակը, որտեղ, ըստ նրանց, «պատերի տակ գյուլլելու» մասին խոսակցությունը վերաբերում է այլ պետությունների մոդելներով դասալիքների դեմ պայքարին, այլ ոչ թե իշխանությունը յուրացնելուն։
Հիշեցնենք նաև՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ նախօրեին հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հավելելով, որ նրանց կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով «դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը»: