«Արմատախիլ է անում այն սյուները, որոնց վրա հենված է Սյունիքը՝ ուժեղ համայնքի ղեկավարներ ու տնտեսության ողնաշարը հանդիսացող ԶՊՄԿ». Վահե Հակոբյան

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում, ի թիվս այլ հարցերի՝ նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է:  Սյունիքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին իշխանությունների՝ հանքարդյունաբերության ոլորտում նոր խաղի կանոններ սահմանելու այս հապճեպությունն ակնհայտ է, որ միայն տնտեսական շահագրգռությունից չէ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը (ԶՊՄԿ) Հայաստանի խոշոր հարկատուների եռյակում է:

Հիշեցնենք, որ Կառավարությունը ընդամենը հուլիսի 12-ին էր հավանություն  տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ կառավարության, պայմանավորված է hանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

Նշվում է նաև, որ նախագիծը ժամանակավոր լուծում է` մինչև ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական և խորքային վերանայումը` բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ. իսկ երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը` երկրի ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկումը ապահովելու համար, և ստեղծել «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամ, որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը:

Այսպիսով, առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։

Նախագիծը իրարամերժ և սուր քննադատական գնահատականների է արժանացել. հանքարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ ու տնտեսագետներ կարծում են՝ այս օրենքն ընդունվելու դեպքում դառնալու է հերթական մահակը գործող իշխանությունների ձեռքին, տնտեսական հերթական լծակը՝ լռեցնելու ոլորտի անցանկալի դերակատարներին: Եվ հաշվի առնելով, որ Փաշինյանի «կապույտ չագուչը» առաջինը պետք  է ջարդվեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գլխին, սա կարելի է համարել այդ գործընթացի պրոլոգը: Ի դեպ, 24 ժամվա ընթացքում կլինի նախագծի երկրորդ ընթերցումը։

«Նախագիծը չի քննարկվել տնտեսվարողների հետ, քանի որ այնքան ակնհայտ գործողություն ենք անում, որ քննարկման կարիք չկա»,- թեև ԱԺ-ում այսօր հայտարարեց նախագիծը ներկայացրած ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, սակայն ցայսօր անմեկնելի են մնում հարցերն ու դիտարկումները.

  • Արդյո՞ք ճանապարհի կեսին պետության կողմից խաղի կանոնները փոխելու այս քաղաքականությունը չի վախեցնի առանց այն էլ փոքրաթիվ  ներդրողներին, որոնք, փաստորեն, երկարաժամկետ հեռանկարներ չեն կարողանա կառուցել, քանի որ Հայաստանում չի աշխատում կայունության նախապայմանը, և արդյո՞ք այս որոշումը գործող ընկերություններին չի տանի սնանկության:  
  • Արդյո՞ք հաշվարկները, որոնք դրվել են այս տուրքի հիմնավորման մեջ, իրատեսական են և համադրելի՝ որպես օրինակ բերվող այս կամ այն երկրներում գործող տուրքերի հետ. այսինքն՝ այդ երկրներում (ՌԴ, Չիլի) շահութահարկի ի՞նչ դրույքներ են գործում,  ինչքանո՞վ են հարկվում  ռոյալթիները և այլն. կարճ ասած՝ բիզնեսից պետությունն ինչքա՞ն է վերցնում: 
  • Արդյո՞ք օբյեկտիվ է այս տուրքի հիմնավորումը, թե ապրանքների միջազգային գները կտրուկ աճել են, բայց ռոյալթիների գանձման այսօրվա համակարգը չի ապահովում այդ շահույթների արդար բաշխումը: Իսկ երբ ապրանքների միջազգային գները բարձր չէին, երբ հանքարդյունաբերող շատ ընկերություններ, օրինակ, մտնում էին վարկային բեռի տակ, պետությունը ձեռք մեկնե՞լ է այդ ընկերություններին. արդյո՞ք բիզնեսին կարելի է նայել՝ որպես կթու կովի և ոչ՝ գործընկերոջ:

(Ի դեպ, հեղափոխությունից հետո վերջին երեք տարիներին հանքարդյունաբերության շնորհիվ էր, որ Հայաստանի տնտեսությունը կարողացավ խուսափել կոլապսից և օգնեց, որ Նիկոլ Փաշինյանը և  նրա կառավարությունը հպարտորեն «աննախադեպ» ցուցանիշներ ներկայացնի այս կամ այն եռամսյակում):

Կամ ի՞նչ ասել է՝ ռոյալթիների գանձման այսօրվա համակարգը չի ապահովում շահույթների արդար բաշխում. ռոլայլթին սահմանում է ճկուն մեխանիզմ, որը բարձր գնի պայմաններում թույլ է տալիս, որ պետությունն իր մասը վերցնի ըստ շահույթի.  (հիշեցնենք՝ ռոյալթիի հաշվարկման բանաձևն ըստ օրենքի՝ R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ`R – ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով, Շ – շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է՝ որպես ռոյալթիի բազայի և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն,  Հ – ռոյալթիի բազան է` դրամով):

Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը 168.amի հետ զրույցում անդրադառնալով օրենսդրական անհետաձգելի նախաձեռնությանը՝ նկատեց. «Այստեղ երկու վարկած կարող է լինել՝ առաջինը, որ իրենք առհասարակ չեն հասկանում՝ ինչ են անում, և չեն հաշվարկել հնարավոր հետևանքները, իսկ հետևանքները լինելու են սարսափելի, կատաստրոֆիկ. բոլոր հանքարդյունաբերության հիմնարկները փակվելու են,  հակառակ պարագայում՝ պարզապես չեն կարող գոյատևել, որովհետև այդ տուրքը, որը, համոզված եմ՝ ԱԺ-ն կընդունի, կուլ է տալու հիմնարկների շահույթը, և  եթե առաջին վարկածով մենք մտածում ենք, որ իրենք չեն կարողանում հաշվել, որովհետև իրենք ապաշնորհ են, ապա երկրորդով՝ իրենք շատ լավ հաշվել են, իրենց հուշել են այդ ամեն ինչը: Ես հակված եմ երկրորդ վարկածին, որ միտումնավոր տանում են Սյունիքը հանձնելու. խլում են, քանդում են, փակում են, և միգուցե մենք Սոթքի ճակատագրին արժանանանք»:

Վահե Հակոբյանը համոզված է՝ «օրենքն ուղղված է միմիայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին», իսկ առհասարակ, ըստ նրա, թիրախում Սյունիքն է.

«Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունը և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին զրկել է անձեռնմխելիությունից, հիմա քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի միջնորդությունը, և համոզված եմ՝ ԿԸՀ-ն նորից բավարարելու է այդ միջնորդությունը:

Ինքը հիմա արմատախիլ է անում Սյունիքի այն սյուները, որոնց վրա հենված է Սյունիքը՝ ուժեղ համայնքի ղեկավարներին ու տնտեսության ողնաշարը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այդ երկու գործոնն ինքն անջատում է, և Սյունիքը սկուտեղի վրա մատուցում իրենց թուրք եղբայրներին՝ ճանապարհների տեսքով կլինի, թե միջանցքների, և այլն»:

Սյունիքի նախկին մարզպետը հավելեց՝ ԶՊՄԿ-ին առնչվող թեմաներն աշխուժություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում.

«Կատարվում է համատարած կապիկություն, և իրավապահ մարմիններն օժանդակում են և կամակատար են դառնում այս գործընթացներին»:

Հիշեցնենք՝ մեկ անգամ չէ, որ Ադրբեջանում աղաղակել են, թե Ողջի (Օխչուչայ) գետը մշտապես աղտոտվում է Կապանի և Քաջարանի լեռնահանքային արդյունաբերության թափոններից: Ադրբեջանն այս հարցով անգամ դիմել է միջազգային կազմակերպությունների, նաև Գերմանիայի Բունդեսթագին և «Կանաչների» կուսակցությանը՝ ուշադրություն հրավիրելով Ողջի գետի աղտոտման խնդրի, ինչպես նաև այն հարցի վրա, թե շրջակա միջավայրի և մարդկանց առողջությանն ինչ լուրջ վտանգ է սպառնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Քաջարանի հանքավայրը, որի հիմնական բաժնետերը գերմանական «Քրոնիմետ հոլդինգն» է:

Կրկին հաշվարկների ու ԶՊՄԿ-ի հնարավոր դադարի տնտեսական հետևանքների մասին. 168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ավելի վաղ նշել էր.

«Իրենց վերլուծության մեջ նախորդ երկու-երեք տարին է, մինչդեռ այստեղ ավելի երկարաժամկետ վերլուծություներ են պետք, որպեսզի իրատեսականին մոտ կանխատեսումներ ունենաս: Այսինքն՝ այստեղ էլ կենացային և սուրճի բաժակային կանխատեսումներ են, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ: Ակնհայտ է՝ նաև տնտեսական լծակներով փորձում են իրենց ոչ հաճելի տնտեսական ոլորտները, ուղղությունները պատժել:

Նշում են «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամի մասին, բայց թե այդ հիմնադրամը, որպես այդպիսին, ի՞նչ հիմնական նպատակներ, ծախսային ի՞նչ կոնկրետ ուղղություններ պետք է ունենա, դրանք չկան: Ակնկալվող արդյունքների մեջ դրել են երկարաժամկետ ինչ-որ մի տեսլական, որ կծախսվի բնապահպանական խնդիրների լուծման և այլնի համար, սրանք սին են, որովհետև, եթե այս օրենքն ընդունվի վաղը, այդ 103 միլիարդ դրամի ակնկալվող լրացուցիչ մուտքերը որ գան, դրանք հիմնականում կօգտագործվեն այն ձևով, ինչպես արտաքին պարտքն են օգտագործում, այսինքն՝ իրենց սեփական ձախողումների հետևանքները փակելու համար՝ նպաստ, թոշակ, պետական աշխատավարձ և, հատկապես՝ իրենց պարգևատրումները վճարելու համար»:

ՀՀ ֆինանսների նախարարի նախկին առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն էլ  կարծում է, որ «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամը, որը ծրագրվում է ստեղծել օրենքի ընդունումից հետո, ֆինանսական կառավարման տեսակետից նպատակահարմար չէ:

«Ֆինանսական կառավարման տեսակետից շատ ավելի արդյունավետ է, որ բոլոր ֆինանսական հոսքերը գնան մեկ կաթսա, և այդ կաթսայից ըստ առաջնահերթությունների այդ ծախսերը կատարվեն, և համեմատաբար ավելի վերահսկելի են պետական բյուջեի ծախսերը, քան հիմնադրամների»,- պարզաբանել էր  տնտեսագետը 168.am-ի հետ զրույցում:

Իսկ ինչ անվտանգային և տնտեսական հետևանքների ականատես կլինենք, եթե այս իրադարձությունների դրդմամբ դադարի գործել հանքարդյունաբերության հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

ՀՀ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրելյանի գնահատմամբ՝  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կանգնեցումը ծանր, եթե ոչ՝ աղետալի կլինի` թե՛ ֆինանսական համակարգի վրա ազդեցության տեսակետից, թե՛ երկիր արտարժույթի մուտքի տեսակետից, դրանցից բխող բոլոր միկրոտնտեսական, այդ թվում՝ Քաջարանի գոյատևման և մակրոտնտեսական՝ փոխարժեք և այլն, հետևանքներով»:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ ԶՊՄ կոմբինատը անկախությունից ի վեր եղել է երկրի տնտեսական առաջատար ընկերություններից մեկը, որը նաև լուծել է մեր բազմահազարանոց հայրենակիցների աշխատանքի խնդիրը:

«Սյունիքում միջին աշխատավարձի մակարդակը շատ ավելի բարձր է, քան մեր այլ մարզերում, և դա, առաջին հերթին, այդ կոմբինատի աշխատանքի շնորհիվ է: Երկրորդ կարևորագույն հանգամանքը՝ կոմբինատը զբաղեցնում է մեր արտաքին առևտրի շրջանառության այնպիսի մի կարևորագույն հատված, որն ապահովում է մեր վալյուտային ներհոսքերը: Եթե մենք պատկերացնենք, որ կոմբինատը հանկարծ դադարի աշխատելը, այնտեղից ազգաբնակչության մեծ արտահոսք տեղի կունենա:

Հետևաբար, այս փաստերի համադրումով, մենք գալիս ենք եզրակացության, որ թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը՝ իշխանությունները, ըստ էության, փորձ են անում թուլացնել մեր հարավային ուղղության հիմնական տնտեսական ու աշխատանք ապահվող միջոցը,- ասել էր Գագիկ Մինասյանը`այս համատեքստում շեշտելով Սյունիքի հանդեպ ադրբեջանաթուրքական թափանցիկ նկրտումների մասին,- Այդ տեսակետից ես սա առաջին հերթին դիտարկում եմ քայլ՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

Հիշեցնենք նաև, որ հետընտրական Հայաստանում իշխանությունների թիրախում են հայտնվել նաև Սյունիքի համայնքապետերը. քրեական հետապնդման են ենթարկվել և ազատազրկվել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ գործընթաց է մեկնարկել նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։

Հիշեցնենք նաև՝ Սյունիքում նախընտրական հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»:

Մեկ ամիս անց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (ԶՊՄԿ) պաշտոնական կայքէջը տեղեկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանումները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք են ներխուժել Ազգային անվտանգության ծառայության հսկայաքանակ աշխատակիցներ ու քննիչներ՝ արգելելով, որ այդ գործողություններին մասնակցեն փաստաբանները, ԱԱԾ հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել ԶՊՄԿ աշխատակիցների:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ առգրավել էին կոմբինատի հաշվապահության համակարգիչները՝ խոչընդոտելով կոմբինատի հետագա աշխատանքը: Վերջինի հետևանքով ԶՊՄԿ-ի գործունեությունը դադարեցվելու է. դադարի ամեն օրը միլիոնավոր դոլարների վնաս է պետությանը:

Հավելենք՝ հանքագործական արտադրանքի արտահանումը բավականին մեծ կշիռ ունի ՀՀ արտահանման կառուցվածքում, իսկ նման ֆորսմաժորներն առաջին հերթին վնասում են հենց պետությանը՝ պատերազմից ու համավարակից տուժած տնտեսության համար նորանոր խնդիրներ ստեղծելով:

Տեսանյութեր

Լրահոս