Մրցակիցներին լռեցնելու տնտեսական լծա՞կ, թե՞ ոլորտը կարգավորելու անհրաժեշտություն. հանքարդյունաբերությանն առնչվող անհետաձգելի օրենսդրական նախաձեռնության հետքերով

Կառավարությունը հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, պայմանավորված է hանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

Նպատակը պաշտոնապես ամրագրված է հետևյալ ձևակերպման մեջ. «Օրինագծով նախատեսվում է խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետև խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացմանը: Նախատեսվում է նաև խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները»:

Նշվում է նաև, որ նախագիծը ժամանակավոր լուծում է` մինչև ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական և խորքային վերանայումը` բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ. իսկ երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը` երկրի ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկումը ապահովելու համար, և ստեղծել «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամ, որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը:

Այսպիսով, առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն անդրադառնալով օրինագծին՝ նշել է, որ այն կիրարկման ռիսկեր է պարունակում. «Նպատակների հետ կապված ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, բայց այս գործիքի աշխատանքի մասով, այնուամենայնիվ, ռիսկեր ենք տեսնում»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ կառավարությունը նրա համար է, որ ռիսկերը կառավարի և երկրի շահերին համապատասխանող գործողություններ ծավալի:

«Ես հասկանում եմ բոլոր հնարավոր ռիսկերը, և այդ օրակարգի համար ինչ օրենքի, կարգավորումների փոփոխություններ են անհրաժեշտ՝ աշխատեք իրականացել: Մեկը մյուսի հետ կապ չունի»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ի վերջո, կառավարությունն այս օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի. այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Ոլորտի տարբեր ներկայացուցիչներ կանխատեսում են՝ ԱԺ-ի կողմից այս որոշումը հաստատելու պարագայում ականատեսը կլինենք հանքարդյունաբերական հիմնարկների փակման, մինչդեռ հանքարդյունաբերությունը կարելի է համարել հայաստանյան տնտեսության ողնաշարը: Ի դեպ, նրանք նաև հիշեցնում են «ռոյալթիների» մասին՝ նկատելով, որ դրանք արդեն իսկ համարվում են «պետության մաս»-ը և հաշվարկվում են՝ ըստ շահութաբերության մակարդակի։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ այս որոշումը բացասաբար է ազդելու ոլորտի վրա: Նրա գնահատմամբ՝ կառավարության ձևակերպած նպատակը բացառապես կապ չունի իրական նպատակի հետ:

168.amի հետ զրույցում տնտեսագետն իրական նպատակները բացահայտելու համար մի քանի դիտարկումներ արեց.

«Նշում են «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամի մասին, բայց թե այդ հիմնադրամը, որպես այդպիսին, ի՞նչ հիմնական նպատակներ, ծախսային ի՞նչ կոնկրետ ուղղություններ պետք է ունենա, դրանք չկան: Ակնկալվող արդյունքների մեջ դրել են երկարաժամկետ ինչ-որ մի տեսլական, որ կծախսվի բնապահպանական խնդիրների լուծման և այլնի համար, սրանք սին են, որովհետև, եթե այս օրենքն ընդունվի վաղը, այդ 103 միլիարդ դրամի ակնկալվող լրացուցիչ մուտքերը որ գան, դրանք հիմնականում կօգտագործվեն այն ձևով, ինչպես արտաքին պարտքն են օգտագործում, այսինքն՝ իրենց սեփական ձախողումների հետևանքները փակելու համար՝ նպաստ, թոշակ, պետական աշխատավարձ և հատկապես իրենց պարգևատրումները վճարելու համար:

Այժմ տարբերակ չունեն. կամ պետք է գնան արտաքին պարտքն ավելացնելու ճանապարհով, բայց քանի որ արդեն պարտքային ճգնաժամի ռիսկ ունեցող երկրների շարքում ենք դասվել, կգնան հարկային բեռի ավելացման ճանապարհով, որովհետև իրական տնտեսությունը չի աճում: Եթե տնտեսությունը չի աճում, այլ, ընդհակառակը, նվազում է, ուրեմն հարկային բեռը պետք է ավելացնես, որովհետև սոցիալական ծախսերն էլ մյուս կողմից են խորանում»:

Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ նաև որոշման քաղաքական նպատակներին՝ նկատելով, որ վերջինս ծառայեցնելու են քաղաքական մրցակիցներին պատժելու համար. «Այդ ոլորտում հիմնական սեփականատերերը և տնտեսական գործունեություն իրականացնողներն իրենց ցանկում չեն. քաղաքական հակառակորդներ են»:

Տնտեսագետը թերահավատորեն է վերաբերվում նաև կառավարության կանխատեսումներին, հաշվարկներին և ոլորտի ընտրությանը. «Նշում են, որ միջազգային շուկաներում մոլիբդենի և պղնձի գներն աճել են, և ասում են՝ որ աճել են, այդ տնտեսվարողները, որոնք արտահանում ենք հումքը, ստանում են գերշահույթներ. հասկանալի է, սակայն, եթե գաղափարն իսկապես արդար բաշխումն է, առավել քաղաքակիրթ մեթոդ կա. թող շահութահարկի պրոգրեսիվ մեխանիզմը ներդնեին:

Կամ՝ պետական տուրքը դրվում է միայն պղնձի և մոլիբդենի արտահանման վրա, բայց ուրիշ հանքանյութեր էլ ունենք, որոնք արտահանվում են մեր երկրից. բարեբախտաբար, միայն պղինձն ու մոլիբդենը չէ. եթե գաղափարն իսկապես արդար բաշխումն է, ինչո՞ւ այդ պետական տուրքը վերաբերելի չէ մյուս հանքարդյունաբերության ոլորտներին ևս:

Երբ որ նեղն էին՝ 2020 թվականին, որպեսզի երկրի արտահանումը կոլապսի չենթարկվեր, խթանում էին և ողջունում էին պղնձի, մոլիբդենի արտահանման աճը, իսկ այժմ արդեն փաստացի էապես բարձրացնում են հարկային բեռն այս ոլորտի վրա: Ակնկալվող հաշվարկների մասին կանխատեսումներն էլ նման են սուրճի բաժակ նայելուն. մի աղյուսակի մեջ գրել են, որ տուրքի կիրառման դեպքում պղնձի գծով բյուջե մուտքերը կաճեն 82 միլիարդով և 21 միլիարդով, ենթադրում են՝ կաճի մոլիբդենի գծով: Սա ընդամենը սուրճի բաժակ նայել է, և, ըստ էության, չկա որևէ հիմնավորում և չի էլ կարող լինել, որովհետև իրենք չեն կարող կանխատեսել՝ վաղը ինչ տեղի կունենա պղնձի և մոլիբդենի գների հետ, և երկրորդը՝ արդյո՞ք այդ բեռի պարագայում այդ նույն քանակը կարտահանվի, ինչը որ արտահանվում է»:

Նկատենք. սույն մտահոգությունը նշում են նաև այլ տնտեսագետներ՝ շեշտելով, որ հարկային բեռը ավելացումը կենթադրի արտահանման ծավալների կրճատում, իսկ գնային փոփոխությունը գուցե չի ապահովի ենթադրելի մուտքեր:

«Իրենց վերլուծության մեջ նախորդ երկու-երեք տարին է, մինչդեռ այստեղ ավելի երկարաժամկետ վերլուծություներ են պետք, որպեսզի իրատեսականին մոտ կանխատեսումներ ունենաս:

Այսինքն՝ այստեղ էլ կենացային և սուրճի բաժակային կանխատեսումներ են, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ: Ակնհայտ է՝ նաև տնտեսական լծակներով փորձում են իրենց ոչ հաճելի տնտեսական ոլորտներն, ուղղությունները պատժել»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը:

Նկատենք՝ այսօր մամուլի ասուլիսի ընթացքում «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը 168.am-ի հարցին ի պատասխան, անդրադառնալով Զանգեզուրի պղնձաբոլիբդենային կոմբինատում իրավապահ մարմինների կատարած գործողություններին, տեղեկացրել է, որ իրավապահներն արդեն լքել են կոմբինատի տարածքը, սակայն նշել է, որ իշխանությունները, 12 օրից ավելի է՝ ապօրինաբար արգելում են խտանյութի արտահանումը, ինչը հանգեցրել է որոշ խնդիրների:

«Արդեն մոտ 20 մլն դոլար չի մտել Հայաստան այս 12 օրվա ընթացքում, և դա կարող է հանգեցնել մեր երկրում տարադրամի կուրսի տատանմանը, եթե այսպես շարունակվի: Հորդորում եմ հետևել կայքին և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օֆիցիալ հայտարարությանը, այսօր հայտարարություն կտեղադրվի:
Իրավապահ մարմինները երեկ կամ երեկ չէ առաջին օրը լքել են կոմբինատի տարածքը, որտեղ գրոհայիններով, դիմակներով, ավտոմատներով եկել էին, շփոթել էին Սև լիճը կոմբինատի հետ»,- ասել է Վ. Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս