Եթե կոմբինատը հանկարծ դադարի գործել՝ ազգաբնակչության մեծ արտահոսք տեղի կունենա. ԶՊՄԿ գործունեության հնարավոր դադարեցման տնտեսական ու անվտանգային հետևանքները

«Դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,- մեկ ամիս առաջ Սյունիքում նախընտրական հավաքներից մեկի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Մեկ ամիս անց՝ Փաշինյանն անցավ գործի. ինչպես հեղափոխական դասականն է նշում՝ «Ճգնաժամային րոպեներուն՝ պետք է ցույց տալ որոշ կամք, ազդու գործունեություն. Acta, non verba»:

Այսպիսով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (ԶՊՄԿ) պաշտոնական կայքէջը երեկ տեղեկացրեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք են ներխուժել Ազգային անվտանգության ծառայության հսկայաքանակ աշխատակիցներ ու քննիչներ՝ արգելելով, որ այդ գործողություններին մասնակցեն փաստաբանները, ԱԱԾ հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել ԶՊՄԿ աշխատակիցների:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առգրավվել են կոմբինատի հաշվապահության համակարգիչները՝ խոչընդոտելով կոմբինատի հետագա աշխատանքը: Վերջինի հետևանքով ԶՊՄԿ-ի գործունեությունը դադարեցվելու է. դադարի ամեն օրը հսկայական վնաս է պետությանը:

Նկատենք՝ հանքագործական արտադրանքի արտահանումը բավականին մեծ կշիռ ունի ՀՀ արտահանման կառուցվածքում, իսկ նման ֆորսմաժորներն առաջին հերթին վնասում են հենց պետությանը՝ պատերազմից ու համավարակից տուժած տնտեսության համար նորանոր խնդիրներ ստեղծելով:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների դադարեցման տնտեսական հետևանքներին անդրադառնալով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրելյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կանգնեցումը ծանր, եթե ոչ՝ աղետալի կլինի` թե՛ ֆինանսական համակարգի վրա ազդեցության տեսակետից, թե՛ երկիր արտարժույթի մուտքի տեսակետից, դրանցից բխող բոլոր միկրոտնտեսական, այդ թվում՝ Քաջարանի գոյատևման և մակրոտնտեսական՝ փոխարժեք և այլն, հետևանքներով»:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ ԶՊՄ կոմբինատը անկախությունից ի վեր եղել է երկրի տնտեսական առաջատար ընկերություններից մեկը, որը նաև լուծել է մեր բազմահազարանոց հայրենակիցների աշխատանքի խնդիրը:

«Սյունիքում միջին աշխատավարձի մակարդակը շատ ավելի բարձր է, քան մեր այլ մարզերում, և դա, առաջին հերթին, այդ կոմբինատի աշխատանքի շնորհիվ է: Երկրորդ կարևորագույն հանգամանքը՝ կոմբինատը զբաղեցնում է մեր արտաքին առևտրի շրջանառության այնպիսի մի կարևորագույն հատված, որն ապահովում է մեր վալյուտային ներհոսքերը: Եթե մենք պատկերացնենք, որ կոմբինատը հանկարծ դադարի աշխատելը, այնտեղից ազգաբնակչության մեծ արտահոսք տեղի կունենա:

Հետևաբար, այս փաստերի համադրումով, մենք գալիս ենք եզրակացության, որ թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը՝ իշխանությունները, ըստ էության, փորձ են անում թուլացնել մեր հարավային ուղղության հիմնական տնտեսական ու աշխատանք ապահվող միջոցը,- ասաց Գագիկ Մինասյանը`այս համատեքստում շեշտելով Սյունիքի հանդեպ ադրբեջանաթուրքական թափանցիկ նկրտումների մասին,- Այդ տեսակետից ես սա առաջին հերթին դիտարկում եմ քայլ՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

Տնտեսագետներն ու հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ Սյունիքում հանքարդյունաբերությունը թիրախավորելու միտում ունի նաև հուլիսի 12-ին Կառավարության հավանությանն արժանացած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը գործադիրը համարել է անհետաձգելի:

Հիշեցնենք նաև, որ հետընտրական Հայաստանում իշխանությունների թիրախում են հայտնվել նաև Սյունիքի համայնքապետերը. քրեական հետապնդման են ենթարկվել և ազատազրկվել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ գործընթաց է մեկնարկել նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն թիրախում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է։

Տեսանյութեր

Լրահոս