Պատասխանատու ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը՝ Փաշինյանի և Ալիևի թիրախում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ընտրական «տասովշիկների» դեմ պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարեց, թե մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ կփորձեն ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանցով պողպատե մանդատով անձամբ ինքն է զբաղվելու՝ հատ-հատ:

Արդեն հունիսի 15-ից Փաշինյանը կոնկրետ «պատերազմ հայտարարեց» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և նրա ղեկավարության դեմ:

Նշենք, որ կոմբինատի խորհրդի անդամներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում էր:

Հունիսի 15-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում Փաշինյանը, մասնավորապես, ասել էր, թե իրեն տեղեկություններ են հասել, որ կոմբինատի ղեկավար կազմից քաղաքացիներին արգելում են մասնակցել իշխող ուժի հանդիպումներին։

«Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, նաև Սիսիանի մեր բնակիչներին խոստացել եմ, որ այդ պաշտոնյաներին իրանք տեսնելու են սեփական աչքերով ասֆալտի վրա պառկած։ Որպես բարի կամքի արտահայտություն՝ ես մենակ մի բան կարամ ասեմ․ ես էդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ առաջիկա օրերին պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել և էդ նկարները դնել իրանց ֆեյսբուքյան էջում, որպեսզի տենց ազգային համաձայնության մթնոլորտում էդ խնդիրը լուծել»,- շարունակել էր Փաշինյանը։ Նույն օրը Կապանում էլ հայտարարել էր, թե «տեղական օլիգարխները, որոնք փայ ունեն Զանգեզուրի  պղնձամոլիբդենային  կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը»:

Փաշինյանը, ըստ էության, այստեղ գաղտնազերծել էր կոմբինատի դեմ պայքարի իրական նպատակը՝ կոմբինատի ազգայնացման անվան տակ «տիրանալ» ընկերությանը և սեփական վերահսկողության տակ վերցնել պղնձամոլիբդենային հանքանյութի արդյունահանումն ու վաճառքը: Երկրորդ՝ եթե բանը հասնի նոր տերեր ընտրելուն, ապա նրանք իր հետ կաշխատեն այս դեպքում:

Ի դեպ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի՝ կոմբինատի հասցեին տարբեր տեղերում հնչեցված մեղադրանքներին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:

Մեր ընկերության առաջնահերթություններից է հանդիսանում արտադրական գործունեության անխափանության ապահովումը, աշխատակիցների կյանքի, առողջության և սոցիալական բարեկեցության պաշտպանությունը, պետության և մեր գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունների անխախտ կատարումը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ գործում և իր շահերը պաշտպանում է բացառապես օրենքների և օրինականության շրջանակներում։ Այս անգամ ևս, արձագանքելով 2021 թվականի հունիսի 15-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և նրա աշխատակիցների հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքներին, տրված որակումներին ու հաշվեհարդարի սպառնալիքներին, դրանք գնահատում ենք՝ որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք՝ այդ թվում՝ զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդոր և այլն:

Հայտնում ենք, որ հերթական անգամ չենք տրվելու սադրանքների և չենք ներքաշվելու քաղաքական բանավեճերի ու գործընթացների մեջ:

Անընդունելի ենք համարում որպես տարբեր քաղաքական զարգացումների մեղավոր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը կարգելը, առավել ևս դա նախապես պլանավորված և հետևողականորեն իրագործելը, ընկերության շուրջ արհեստական «անցուդարձ» ստեղծելով:

Միաժամանակ, օգտվելով առիթից, նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերին (այդ թվում՝ նաև իշխանությանը) հորդորում ենք զերծ մնալ մեզ սեփական քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությունից, ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև քաղաքական պրոցեսները չօգտագործել որոշ անձանց և շրջանակների անձնական ու խմբային տնտեսական շահերը սպասարկելու նպատակներով։

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող իր բազմահազարանոց կոլեկտիվը չեն հանդուրժելու ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ու երաշխավորված իրենց իրավունքների և ազատությունների ոտնահարման փորձերը և բոլոր օրինական, պիտանի ու արդյունավետ միջոցներով պաշտպանելու են դրանք ազգային ու միջազգային ատյաններում: Տեղեկացնում ենք նաև, որ ընկերությունը պատրաստվում է վերը նշված խախտումների վերաբերյալ համապատասխան դիմում (հաղորդում) ներկայացնել իրավասու պետական մարմիններին»,- նշված էր ընկերության գլխավոր տնօրենի հայտարարության մեջ:

Սա, իհարկե, չզսպեց Փաշինյանին, և նա շարունակեց սպառնալ՝ո«դո՛ւք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»:

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին սկսեց սպառնալ նաև Ադրբեջանը՝ բնապահպանական աղետի մեղադրանքի քողի տակ:

Օրերս Ադրբեջանի էկոլոգիայի նախարարությունից հայտարարել են, թե ՀՀ սահմանում գտնվող անդրսահմանային Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը մշտապես աղտոտվում է:

«Գետը, որը չափազանց աղտոտված է Կապանի և Քաջարանի լեռնահանքային արդյունաբերության թափոններից, բառացիորեն արդյունաբերական թափոնների կոլեկտորի դեր է խաղում»,- շեշտել էր Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Էմին Գարաբաղլըն՝ հավելելով, որ ջուրն ուղղակիորեն գետ է թափվում առանց մաքրման, իսկ աղտոտվածության մակարդակը բազմակի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, գետի ջուրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի։

Իսկ Ադրբեջանի մակերեսային ջրային ռեսուրսների մոտ 70%-ը ձևավորվում է հարևան երկրներում անդրսահմանային ջրերի հոսքի հաշվին:

Ողջի գետի աղտոտման խնդրին անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, թե գործ ունենք բնապահպանական աղետի հետ:

«ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության պատճառով Օխչուչայ (Ողջի,- Մ.Պ.) գետում արձանագրվել է ուժեղ քիմիական աղտոտում: Պատասխանատու ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը»,- շեշտել էր նա:

Ադրբեջանը այս հարցով դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի եվրոպական գրասենյակի տնօրեն Բրունո Պոզզիին և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովային:

Ադրբեջանը դիմել է նաև Գերմանիայի Բունդեսթագին և «Կանաչների» կուսակցությանը՝ ուշադրություն հրավիրելով Ողջի գետի աղտոտման խնդրի, ինչպես նաև այն հարցի վրա, թե շրջակա միջավայրի և մարդկանց առողջությանն ինչ լուրջ վտանգ է սպառնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Քաջարանի հանքավայրը, որի հիմնական բաժնետերը գերմանական «Քրոնիմետ հոլդինգն» է:

Ի դեպ, ադրբեջանական կողմը վերը նշված նամակում հարկ է համարել ընդգծել և որպես հիմնավոր ապացույց ներկայացնել, որ այս խնդիրը նաև բազմաթիվ հայկական բնապահպանական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է:

Ադրբեջանը նաև Իրանին է այս համատեքստում հիշատակել, թե ՀՀ-ից ջրային ռեսուրսների աղտոտմանը դեմ է նաև իրանական կողմը՝ նրանք Երևանին մեղադրել են Արաքս գետն աղտոտելու համար:

Իրանական կողմից, իհարկե, այս հարցը տարբեր ժամանակներում բարձրացվել է, և հայկական կողմից մշտապես խոստացել են ամեն ինչ անել գետի աղտոտվածությունը վերացնելու համար: Փաշինյանի իշխանությունը ևս նման խոստում տվել է, սակայն այն չի կատարվել:

Նշենք, որ Ողջին թափվում է Արաքս գետը և ազդում նաև դրա ջրային ռեսուրսների որակի վրա, իսկ Արաքսը Կուրի ամենամեծ աջ վտակն է:

Ինչ վերաբերում է Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ «բարի նպատակներով» պայքարին, ապա հարց է ծագում՝ եթե կոմբինատն անցնի «կառավարությանը և ժողովրդին», ինչպես խոստացել է Փաշինյանը, այն այլևս չի՞ աղտոտելու անդրսահմանային Ողջի գետը, ի՞նչ է դրա համար արվելու: Այս հարցի պատասխանը չենք լսել, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն անձնական խնդիր է լուծում, որին անուղղակիորեն օգնում է Ադրբեջանը՝ տարբեր ռեպորտաժների, քննարկումների միջոցով ապահովելով համապատասխան աղմուկը, այլապես այս երեք տարվա ընթացքում գործնականում կփարատվեին իրանական կողմի մտահոգությունները, ինչը չէր ստիպի նաև, որ Ադրբեջանը միջազգային աղմուկի դիմի:

Տեսանյութեր

Լրահոս