Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսելով` խաթարում է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները. Փաշինյան
Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընտրությունների արդյունքում, իր խոսքով՝ ՀՀ քաղաքացիներից ստացած Արցախի և Հայաստանի զարգացման դարաշրջան բացելու մանդատին՝ նշելով, թե՝ անկախ Ադրբեջանի գործողություններից, ամեն ինչ անելու են Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ, մանդատը ստացել է ՀՀ քաղաքացիներից: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին:
Մասնավորապես՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ ավելի կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը:
Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը: Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ ՀՀ ապաշրջափակմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում