Հայաստանով անցնող 2 կարևոր պրոյեկտները՝ Պարսից ծոց-Սև ծով ծրագի՞ր, թե՞ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհ

Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումը Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական նոր դասավորություն է բացահայտում:

Ի տարբերություն Արցախյան 44-օրյա պատերազմի, մայիսի 12-ից հետո միջազգային հանրությունը կամ որոշ տերություններ ուշագրավ շեշտադրումներով են անդրադառնում ստեղծված իրավիճակին: Սյունիքում գծվում է տարածաշրջանում գերտերությունների ներկայացվածության ապագա քարտեզը: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, թե որ երկրներն են իրավիճակին անդրադառնում կոշտ բառապաշարով՝ չխորշելով իրերն անվանել իրենց անուններով:

Այս օրերին Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Իրանից հաճախ հնչող կոշտ հայտարարություններին ավելացավ Հնդկաստանի հայտարարությունը: Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումներին, ասել է, որ Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը:

«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- համաձայն նախարարության պաշտոնական կայքի՝ հայտարարել է խոսնակը:

Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել է խոսնակը: Հնդկաստանի նման արձագանքը դժվար է որակել անակնկալ: Հնդկաստանի շահերը ևս անցնում են մեր տարածաշրջանով և հատկապես՝ Սյունիքով:

Վերջին շրջանում և հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ամիսներ անց, երբ թյուրքական համագործակցությունը սկսեց ակտիվորեն առաջ մղել Զանգեզուրի միջանցքի գաղափարը, ակտիվացան քննարկումները «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի շուրջ, որի գաղափարը սկսել էր քննարկվել դեռ տարիներ առաջ, սակայն առանց առարկայական խոսակցության:

Պրոյեկտը քննարկվեց նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի Երևան կատարած այցի ընթացքում, այն վերջին շրջանում քննարկում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը, ինչպես նաև իրանցի որոշ պաշտոնյաներ: Հարավային Ասիան Եվրոպային կապող այս միջանցքի ստեղծման շուրջ քննարկումներին մասնակցում են հինգ երկրներ՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը ու, ըստ որոշ աղբյուրների, նախնական համաձայնությունն արդեն պատրաստ է ստորագրման: Եվ ուշագրավն այն է, որ խոսքը Հնդկաստանից Պարսից ծոցի նավահանգստից Հայաստանով դեպի Սև ծով ծրագրի մասին է, և Հնդկաստանը շահագրգիռ-նախաձեռնող երկրներից մեկն է: Դեռևս մարտ ամսին Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել էր, թե Նյու Դելին ցանկանում է նոր հյուսիս-հարավ միջանցք հարթել, ինչը հնարավորություն կտա Հնդկական օվկիանոսը կապել Սև ծովի և Եվրոպայի հետ։

Բացի սրանից, Չինաստանը, որը մարտ ամսին ստորագրել է դարի փաստաթուղթը, Իրանի հետ կոնկրետ շահեր ունի տարածաշրջանում, տարածաշրջանային կապուղիների հարցում և այդ փաստաթղթով նոր հեռանկարներ է բացելու տարածաշրջանի համար:

«168 Ժամ»-ի հետ զրույցում գերմանացի վերլուծաբա Ուվե Հալբախն ասաց, որ Իրան-Չինաստան համապարփակ համագործակցության համաձայնագիրն ընդհանրապես ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, այն բավականին ընդարձակ բովանդակություն ունի: Այստեղ, նրա խոսքով, նուրբ շահեր են ուրվագծվում նաև Արևմուտքի հետ, թեև ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը կա, որը Բայդենի վարչակազմի օրոք կոնկրետ մրցակցային բնույթ է կրում:

Նրա խոսքով, Բայդենի վարչակազմով են պայմանավորված նաև Վիեննայի միջուկային բանակցություններն ու իրանաամերիկյան կարգավորվող հարաբերությունների բացող հեռանկարները նաև Հարավային Կովկասի համար:

«Իհարկե, Պարսից ծոց-Սև ծով պրոյեկտը բավականին ծախսատար և ժամանակատար մի բան է։ Հաշվի առնելով աշխարհում և մասնակից երկրներում տնտեսական վիճակը, բարդ է պատկերացնել դրա իրագործման ժամկետները, սակայն ավելի կարևորը դրա շուրջ քաղաքական պրոցեսներն ու համաձայնություններն են: Կարծում եմ, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային պրոյեկտները համադրելի չեն, այս դեպքում պետք է լինի կա՛մ այս պրոյեկտը, կա՛մ մյուս պրոյեկտը, որը կկապի Թուրքիան Ադրբեջանին: Եթե պարզեցնենք իրավիճակը, ապա պրոցեսները խտացել են հենց այս թեմայի շուրջ, քանի որ դրանցից յուրաքանչյուրի իրագործումից կախված է այն, թե որ ուղիով կգնա տարածաշրջանի զարգացումը, որ երկրները կունենան ազդեցություն, կշահեն տարանցումից և այլն»,- ասաց Հալբախը:

Մեզ հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է Սև ծով-Պարսից ծոց ծրագիրը՝ հաշվի առնելով այն, որ դա հավասարակշռություն կբերի տարածաշրջան, կկապի Հայաստանը, Իրանը, Վրաստանը Արևմուտքին:

«Վրաստանը չցանկացավ որևէ պրոյեկտ քննարկել 3+3 ձևաչափով, բայց պրոյեկտներից մեկը, որը Վրաստանին տարածաշրջանում վստահություն է ներշնչում, Իրանի հետ քննարկվող ծրագիրն է: Կարծում եմ՝ տնտեսական ճգնաժամը բացարձակ պատճառ չէ, քանի որ աշխարհաքաղաքական նման նշանակության պրոյեկտների շահառուները գերտերություններն են, ու այդ գումարները կգտնվեն: Պարզ է, որ այս պրոյեկտը ներկայումս քննարկվողին հակադրում է Արևմուտքը, նախկինում ևս սա քննարկվել է, քննարկվում էր, որ սա Հայաստանի շրջափակումը կմեղմացնի, նոր շունչ կհաղորդի, կակտիվացնի տնտեսությունը: Ներկայումս ավելի կարևոր է, որպեսզի սահմանային միջադեպերը հարթվեն, և տարածաշրջանը չընկնի նոր՝ մեկ ուրիշ բարդ շրջան: Բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով և ճանապարհ հարթեն ավելի մեծ քննարկումների համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս