353.000 դրամ պարգևավճար՝ աշխատանքից ազատված աշխատակցին, արձակուրդ գնացած աշխատակցին՝ 1 միլիոն 989.000 դրամ
Վերջին օրերին լրատվական դաշտում բավականին բուռն քննարկվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին։ Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր:
Ըստ դատախազության՝ նյութերը դեռևս գտնվում են ուսումնասիրության փուլում և հավանաբար մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում դեռ երկար կուսումնասիրվեն։
Սակայն պարզվում է, որ Սոցապնախարարությունն այս առումով բացառություն չէ, և մնացած նախարարություններում էլ, մեղմ ասած, խայտառակ իրավիճակ է։ Եվ սա՝ այն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն անվերջ հայտարարում էր, իբրև թե գալիս են վերջ տալու թալանին ու կոռուպցիային:
Պարզվում է, որ հենց այս իշխանության օրոք խախտումներն այն աստիճանի են հասել, որ անգամ նախկինների ժամանակ հնարավոր չէր պատկերացնել։ Ավելին, այս իշխանությունն այդ ամենն անում է օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։
Օրինակ, պակաս կատաստրոֆիկ չէ պատկերն Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ, ըստ հրապարակված տեղեկությունների, բարձիթողի իրավիճակին զուգահեռ՝ նաև առկա են բազմաթիվ հանցավոր խախտումներ։
Ի դեպ, Արտակարգ իրավիճակների նախարարը գեներալ Անդրանիկ Փիլոյանն է, ով 44-օրյա պատերազմում ամենամեծ ձախողումներն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով։ Եվ ահա, պարզվում է, որ «հերոս» գեներալն իր հերոսությունները շարունակում է պետական բյուջեի միջոցները վատնելու միջոցով։
Հաշվեքննիչ պալատի զեկույցի համաձայն, Արտակարգ իրավիճակների նախարարությունում զբաղված են պետական բյուջեի միջոցների ամենօրյա վատնմամբ, որը տեղի է ունենում նաև պարգևավճարների տեսքով։
Մասնավորապես, ըստ հրապարակված ակտի՝ նախարարությունը չի պահպանել ոչ միայն օրենքներն ու կառավարության որոշումները, այլ հենց նախարարի հրամանները, և դրանից դուրս 209 աշխատողի տրվել է 44 միլիոն 749 հազ դրամի պարգևատրում, ընդ որում՝ այս պարգևատրվածները եղել են ոչ թե փրկարարները, որ ամեն օր վտանգում են իրենց կյանքը, այլ նախարարության քաղաքացիական աշխատողները և նախարարի ապարատը։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում այնքան են ոգևորվել պարգևատրման մոլուցքով, որ անգամ պարգևատրել են նախկինում աշխատանքից ազատված աշխատակցին։
Ըստ հրապարակած հաղորդագրության, նախարարության գնումների բաժնի նախկին աշխատակիցն աշխատանքից ազատվելուց տևական ժամանակ հետո պարգևատրվել է 353 հազար դրամ աշխատավարձով։
Նման արտակարգ խախտումներն այս նախարարությունում բազմաթիվ են և բազմաբովանդակ։ Մի դեպքում՝ աշխատակցի գործակիցն են սխալ հաշվել, որի արդյունքում պետական բյուջեից վատնվել է շուրջ 1 միլիոն դրամ, մեկ այլ դեպքում՝ արձակուրդ գնացած աշխատակցին է ավել վճարվել 1 միլիոն 989 հազար դրամ։
Եվ, ի հակառակ սրան, 73 փրկարար ծառայողների արձակուրդային վճարներ սխալ հաշվարկելու արդյունքում նրանց պակաս է վճարվել 4 միլիոն 763 հազար դրամ։
Ստացվում է, որ նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, սեփական կադրերին ճոխ պարգևավճարներ տալու համար չի խնայել անգամ փրկարար ծառայողներին, զրկել է նրանց օրենքով հասանելիք արձակուրդայինից, որպեսզի իր կադրերի համար ապահովի միլիոնավոր դրամների պարգևավճարներ։
Հաշվեքննիչ պալատի ավելի քան 50 էջանոց եզրակացության մեջ խախտումների և պետական բյուջեի վատնման տեսակների պակաս չկա, սկսած՝ աշխատավարձից, վերջացրած՝ գործուղումներով և իրականացված գնումներով։ Ընդհանուր առմամբ սխալների, ավել վճարումների և օրենքի խախտմամբ կատարված ծախսերի հանրագումարը կազմում է մի քանի հարյուր միլիոն դրամ, իսկ հրապարակված զեկույցում խախտումներ կան ամեն տեսակի և ամեն ճաշակի։
Մնում է հուսալ, որ այս նյութերը ևս դատախազությունը մանրամասն կուսումնասիրի։ Եվ դարձյալ, ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի դեպքում, ուսումնասիրությունը չի թողնի ընտրություններից հետո ժամանակահատվածին:
Հետո կասեն՝ կոռուպցիա չկա: