Մայիսի 9-ի դաժան սիմվոլիզմը

Պատմությունը դաժան է նաև խորհրդանիշներով, որոնք, որպես կանոն, լինում են ոչ պատահական։ Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ մայիսի 9-ին, պսևդոզինվորական շապիկը վարչապետի փողկապով փոխարինած Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններ չեն կարող լինել։

Երեք տարի անց, սակայն, ոչ թե Արցախը վերադարձավ բանակցային գործընթաց, այլ Ադրբեջանը վերադարձավ Շուշի։

Ողբերգական այս խորհրդանշականության մեջ թաքնված են տասնյակ, հարյուրավոր շերտեր, անցած երեք տարիներին տեղի ունեցած իրադարձություններ, որոնց վերջնարդյունքը դարձավ արցախյան վերջին պատերազմը․ Նիկոլ Փաշինյանը շարունակեց վայելել զինվորական կեղծ շապիկին փոխարինած վարչապետի անճաշակ փողկապը, իսկ Հայաստանի ու Արցախի 5000 քաղաքացիներ զոհվեցին ամենաիսկական զինվորական համազգեստով։

Ոչ միայն Արցախը չվերադարձավ բանակցային գործընթաց, այլ ճիշտ այդքան երիտասարդներ չվերադարձան տուն, իսկ Ալիևը հայտնվեց Շուշիում։

Նիկոլ Փաշինյանը, այսինքն, ամեն դեպքում կատարեց վերադարձի իր խոստումը, վերադարձողը, սակայն, Արցախի փոխարեն՝ եղավ Ադրբեջանը։

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանն Արցախի սեփական դրածոյի հետ պարում էր Շուշիում։ Երեկ Ալիևը Շուշին հայտարարեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Հայտարարեց Շուշիի ազատագրման տոնի նախօրեին։

Ավելի քան քառորդ դար այս օրը համայն հայությունը տոնում էր՝ որպես համազգային հաղթանակների ու վերելքի խորհրդանիշ՝ տեղյակ չլինելով, որ Շուշին ոչ թե մեր հաղթանակների անկյունաքարն է, այլ դժբախտ ու դժգույն քաղաք։

Այս և անցած երեք տարիներին տեղի ունեցած շատ իրադարձություններ ու արտաբերված շատ զառանցանքներ ունեն գուցե ոչ միայն խորհրդանշական իմաստ, այլ հնարավոր է՝ նաև դավադրական կապ։ Դրանց արդյունքում Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը մայիսի 9-ը նշելու է ոչ թե կամ ոչ միայն՝ հաղթանակածի հպարտությամբ, այլ գլխիկոր՝ ապաշնորհ կամ դավադիր պարտության ամոթով։

Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթանակը փոխարինել պարտությամբ, հպարտությունը՝ ստորացմամբ, իսկ այսօր հայտ է ներկայացնում այդ ամենը, մեծ իմաստով՝ Արցախը սեփական իշխանության հետ փոխարինելու համար։

Նա հասարակությանն այսօր էլ առաջարկում է վստահել իր իշխանությանը, իր թիմին, որն ապահովել է Ադրբեջանի վերադարձն Արցախ, Շուշիի հռչակումը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։

Այս առաջարկը նույնպես սև սիմվոլիզմ է պարունակում ու որևէ ձևով իրագործվելու դեպքում խորհրդանշելու է մայիսի 9-ը եռատոնից եռասգի վերածելու սեփական քաղաքականության լեգիտիմացումը հայ հասարակության կողմից։

Պատմությունը դաժան է նաև խորհրդանիշներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս