Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ն առնչություն չունի, իսկ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրենը վատառողջ է՝ պատասխան չունի, թե  Վահրամ Սահակյանի ներկայացումն ինչո՞ւ է չեղարկվել

Գրող, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանն ապրիլի 18-ին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում չեղարկվել է իր «Անմարդկային կատակերգություն» ներկայացումը՝ գրելով.

«Հարգելի հանդիսատես, ներկայացումը չեղարկել է թատրոնի տնօրենը, ինչի համար նա շուտով պատասխան կտա։ Ձեր գնած տոմսերը ուժի մեջ են, և մյուս շաբաթ մենք ձեզ հատուկ կտեղեկացնենք օրվա և ժամի մասին։ Շնորհակալություն՝ ըմբռնումով վերաբերվելու և տոմսերը չվերադարձնելու համար»:

Մի քանի ժամ անց տարածեց մեկ այլ հաղորդագրություն՝ նշելով. «Լրատվականներին խնդրում եմ ինձ չզանգահարել և հարցազրույց տալու առաջարկ չանել, քանի որ սա ներքին քաղաքական հարց չէ։ Իմ առաջին հարցազրույցը լինելու է «Եվրոնյուզին», այնուհետ, չի բացառվում, որ «Россия 24»-ին։ Խոսակցության նյութն էլ պարզ է. ժողովրդավարությունը և մարդու ազատությունը ՀՀ-ում։ Այսինքն այն, որ Հայաստանում ստեղծագործելը դարձել է վտանգավոր։ Միջազգային հարթակների համար, ինձնից բացի, խոսելու են տասնյակ ստեղծագործողներ։ Խնդրում եմ իմ այս գրառումով կիսվել, որ կարդան և ինձ չանհանգստացնեն, աշխատում եմ, խանգարում են»։

Իսկ ահա ապրիլի 17-ին Վահրամ Սահակյանը գրել է հետևյալը. «Հազարավոր հանդիսատեսների, մտավորականների կողմից դիտված, սիրված և գնահատված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 և 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու համար՝ հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին՝ կնշանակի դա արել են թատրոնին վերադաս հիմնարկությունից։ Դա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է…»:

Պարզաբանում ստանալու  համար կապ հաստատեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամլո խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, ով ասաց, որ նշված խնդրի հետ ԿԳՄՍՆ-ն առնչություն չի ունեցել և չունի, ու հարցն ամբողջությամբ գտնվում է թատրոնի տնօրինության և Վահրամ Սահակյանի իրավահարաբերությունների տիրույթում։:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ ևս կապ հաստատեցինք, բայց մինչ կհասցնեինք մեր հարցը տալ՝ ասաց, որ բժշկի մոտ է, կորոնավիրուսի վերջին օրն է, կզանգի մեզ:

Ժամերն այդպես էլ անցան, սակայն զանգ չստացանք, փոխարենը՝ ևս մեկ անգամ զանգահարեցինք, այս անգամ տնօրենը հաղորդագրությամբ պատասխանեց՝ հարցնելով, թե ի՞նչ է պատահել: Հարցն ուղարկեցինք, սակայն որևէ պատասխան չստացանք:

Փորձեցինք զանգահարել ևս մեկ անգամ՝ հասկանալու, թե Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը, ի վերջո, ի՞նչ պատասխան ունի հարցի հետ կապված:

«Չեմ կարող հիմա խոսել ձեզ հետ, քիչ հետո կզանգեմ, վատառողջ եմ, կներեք»,- պատասխանեց Մարիաննա Մխիթարյանն ու արագ անջատեց հեռախոսը:

Ամեն դեպքում, եթե թատրոնի տնօրենը փորձի վերջապես պատասխանել մեր հարցին, այն կներկայացնենք ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս