Տաղ անձնական․ Փաշինյանը՝ Ալիևին  

Նիկոլ Փաշինյանը թաքնված պոետ է։ Առնվազն հոգով։ Առնվազն այնքան, որ կարողանում է իր և դիմացինների համար կարևոր ասելիքները տեղ հասցնել բանաստեղծության տեսքով։ Նրա առաջին արձագանքը անցած տարի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առթիվ ֆեսբուքյան էջում զետեղված սեփական բանաստեղծությունն էր՝ Տիգրանակերտի մասին։ Ինչ եղավ դրանից հետո՝ 44 օր շարունակ, ու նաև դրանից հետո՝ բոլորին է հայտնի։

Նիկոլ Փաշինյանի բանաստեղծական զեղումներն ու հղումները բացասական կարմա ունեն, ինչը, սակայն, նրան հետ չի պահում՝ անհրաժեշտության դեպքում դիմել այդ մեթոդին։ Ահա, ուրեմն, պատասխանելով հարցին՝ արդյոք թուրքերն ու ադրբեջանցիները թշնամի՞ են, թե՞ ոչ, և անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին գործողություններին, Նիկոլ Փաշինյանը մեջբերում է արել բանաստեղծ Իգնատ Մամյանից ու հանգով, հուզիչ առոգանությամբ Ալիևին տեղեկացրել է, որ ոչ թե ատում է նրան, այլ կարեկցում ու խղճում։

Ալիևը, ըստ Փաշինյանի, հոգեկան-հոգեբանական խնդիրներ ունի ու արժանի է ոչ թե ատելության, այլ կարեկցանքի ու խղճահարության։ Այլաբանական, պոետիկ հարթությունում գուցե գեղեցիկ, անգամ վեհ է հնչում։ Բայց երբ հիշում ենք, որ խոսքը 5000 հայորդիների սպանած ու նախօրեին նրանց սաղավարտների կողքին նկարված Ալիևի մասին է, պատկերը բոլորովին այլ երանգավորում է ստանում։

Դժվար է պատկերացնել որևէ ուժ կամ բարոյահոգեբանական որևէ վիճակ, որը նման աղետի անմիջական հեղինակի հանդեպ ատելությունից ու վրեժից բացի՝ այլ զգացողություն կառաջացնի, եթե անգամ այդ սուբյեկտը հոգեկան հիվանդ է։ Բայց, փաստորեն, կա տիեզերքում նման ուժ, որն այցելել է հատկապես Նիկոլ Փաշինյանին ու նրան դրդել է այդքան մտահոգվել Ալիևի հոգեկան առողջությամբ ու նրա համար քառատող արտասանել։ Զարհուրելի է, բայց դա արդեն իսկ տեղի ունեցած փաստ է, որն արձանագրվել է Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնում, որից Նիկոլ Փաշինյանը պոետիկ ուղերձ էր հղում Իլհամ Ալիևին։

Իսկական Տաղ անձնական։

Հոգեբաններն իսկապես լուրջ անելիք ունեն մեր տարածաշրջանում։ Նրանք կարող են և երևի երբևէ կպարզեն ոչ միայն Ալիևի հոգեկան շեղումների ու մարդատյացության պատճառները, այլ նաև այն ֆենոմենի կամ հակաֆենոմենի հիմքերը, որոնք ստիպում են Նիկոլ Փաշինյանին իսկական ատելությամբ լցվել՝ թեկուզ քաղաքական հակառակորդ համարվող, բայց սեփական հայրենակիցների հանդեպ, և պոետիկ զեղումներով կարեկցել իրական հակառակորդին ու թշնամուն։

Արդյոք սա ալտրուիզմի դեգրադացիա՞ է, թե՞ ստոկհոլմյան սինդրոմ, իսկ գուցե՝ խիստ շահադիտական նկատառումներով պայմանավորված կարեկցա՞նք։ Թե նշված ու չնշված վարկածներից ո՞րն է տեղին խնդրո առարկա պարագայում, կպարզեն միայն հոգեբանները, գուցե հոգեբույժները, հնարավոր է՝ անգամ մարդաբանների հետ համագործակցությամբ։

Եթե, իհարկե, երբևէ լրջորեն ուսումնասիրեն այն, ինչ տեղի է ունեցել և կատարվում է Հայաստանում։ Իսկ մինչև այդ հայ և ադրբեջանցի հասարակությունները ստիպված կամ հաճույքով կունկնդրեն Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևին ուղղված բանաստեղծությունը

Կենդանի կատարմամբ։ Եվ ի խորոց սրտի, ըստ ամենայնի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս