Երեք անգամ COVID-19-ով վարակված բժշկի կոչը
Երեք անգամ COVID-19 ախտորոշված և ընկերների կողմից «թանգարանային նմուշ» համարվող մանկական անեսթեզիոլոգ, ԵՊԲՀ oրդինատոր Վահրամ Գաբրիելյանը պատմում է հիվանդանալու, հարազատներին վարակելու վախի, պաշտպանիչ միջոցների անհրաժեշտության, պատվաստվելու հաստատակամության մասին։
Մեր հիվանդանոցում բժիշկներից առաջինը ես եմ վարակվել
Հերթապահության սովորական մի օր էր, COVID-ով վարակված վերջին մարդուն էինք տեղափոխում հիվանդանոց: Տարեց կին էր՝ բավականին ծանր վիճակում, անգամ չէր կարողանում քայլել: Ես ստիպված պետք է նրան գրկած օգնեի նստել շտապ օգնության մեքենան: Հենց նրանից էլ վարակվել եմ, որովհետև գրկելու պահին կինը մի քանի անգամ հազաց և փռշտաց: Եվ ինչքան էլ պաշտպանված էի, հատուկ հագուստով էի, որի մեջ անգամ շնչելն էր դժվար, միևնույն է, վիրուսը կարող էր ինչ-որ կերպ աչքերի միջոցով փոխանցվել ինձ: Մեկ շաբաթ հետո թեստ հանձնեցինք անձնակազմով, և միայն ինձ մոտ հաստատվեց:
Խուճապի չմատնվեք, Ձեր COVID թեստը դրական է
Երբ այս տողերով հայտնեցին, որ վարակակիր եմ, արդեն տանն էի, սովորականի նման իմ սենյակում փակված: Մինչ օրս էլ միակ մտավախությունս հարազատներիս, տատիկիս ու հատկապես խրոնիկ հիվանդություններով հայրիկիս չվարակելն է: Եվ զանգը ստանալուց ու դրական թեստի մասին լսելուց հետո առաջին արձագանքս, իհարկե, խուճապն էր: Միանգամից փակեցի դուռը ու արգելեցի անգամ սենյակիս դռանը մոտենալ, մինչև ինձ կտեղափոխեին (ծիծաղում է- հեղ.):
Երկու ամիս անց. թեստը՝ կրկին դրական
Հոգեբանական ծանր ապրումներով մի կերպ հաղթահարեցի մեկուսացման 17 օրը: Մի տանը հայրիկս էր, մյուսում՝ տատիկս. հյուրանոցից հետո տուն վերադառնալը բացառվում էր: Բայց արդեն երեկոյան ժամ էր, երբ դուրս գրեցին, ստիպված Արմավիրից գնացքով եկա Երևան, քանի որ հանրային տրանսպորտ չէր գործում, այնտեղից ոտքով քայլեցի դեպի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և խնդրեցի ինձ աշխատանք տալ: Պայմաններն այնքան էլ չէին հետաքրքրում, միայն թե մնալու տեղ ունենայի: Այդպես սկսեցի հերթապահել այնտեղ, որոշ ժամանակ անց արդեն մոդուլային բաժանմունքի պատասխանատուն էի:
Առաջին անգամ վարակվելուց հետո երկու ամիս էր անցել: Սուր նախանշաններ ունեի՝ ջերմություն, գլխացավ: Որոշեցի թեստ հանձնել… կրկին դրական էր պատասխանը: Այս անգամ նաև ուժեղ թոքաբորբ ունեի: Շատ ծանր վիճակում հոսպիտալացվեցի և սկսվեց բուժումը:
COVID-ի հեգնանքը. երրորդ անգամը երկար սպասեցնել չտվեց
Սեպտեմբեր ամիսն էր, երբ կրկին ջերմությունս բարձրացավ, նորից նույն նշանները և նորից թոքաբորբ՝ նախկինում ախտահարված նույն հատվածներում: Հիմա ինձ հաճախ կես կատակ, կես՝ լուրջ ասում են, որ COVID-ի իմ պատմությամբ «թանգարանային նմուշ» եմ (ծիծաղում է- հեղ.):
COVID-ից հետո հասկացա հիվանդներին
Առաջ, երբ հիվանդներն ասում էին, որ իրենց ամբողջ մարմինը ցավում է, չեն դիմանում ցավին, ես չէի հասկանում, թե դա ինչ ցավ է, որ անգամ ամենաուժեղ ցավազրկողը չի օգնում: Իսկ հիմա ասում եմ՝ հավատացեք, իսկապես, չի օգնում:
Ինչպես շատերի համար, իմ դեպքում էլ ամենաբարդը ընտանիքիս ամիսներ շարունակ չտեսնելն էր, վախն ու խուճապը, որ իմ պատճառով ծնողներս, հարազատներիցս որևէ մեկը չվարակվի: Եվ միշտ խորը ցավով եմ տեսնում ու լսում այն մարդկանց, ովքեր դեռ շարունակում են դիմակ չկրել, թերահավատորեն մոտենալ դիմակին, ասել, որ այն չի օգնում ու չի պաշտպանում: Իսկ ի՞նչ, եթե օգնում է…
Պաշտպանիչ միջոցներն ամենակարևորն են. բժշկի աշխատանքը պետք է հարգել
Այս հիվանդությունը շատ ծանր է, ու չնայած դրան՝ մենք շատ բան սովորեցինք, ահռելի փորձ ու գիտելիքներ ձեռք բերեցինք: Իհարկե, ցավալի է, որ մահեր ևս ունեցանք: Բայց վիրուսը նոր ու չբացահայտված էր, և հույս ունեմ, որ շատ շուտով կհաղթահարենք կյանքի այս փուլն էլ: Բժիշկները մեծ սրտացավությամբ ու նվիրվածությամբ շարունակում են իրենց գործը: Գիտեք, բժիշկները ևս ուզում են երբեմն տուն գնալ, բայց խիղճը թույլ չի տալիս, երբ տեսնում ես մեծ թվով հիվանդներ, ովքեր քո կարիքն ունեն: Եվ եթե անգամ դիմացինի մասին չենք մտածում, գոնե կարող ենք մեր սեփական կյանքի մասին հոգ տանել ու շարունակել հետևել հակահամաճարակային կանոններին՝ դիմակ կրենք, սոցիալական հեռավորություն պահենք և հաճախակի լվանանք ձեռքերը:
Իսկ հին կյանքին կվերադառնանք, երբ այս վիրուսը մնացած բոլոր հիվանդությունների նման սովորական կդառնա: Դա էլ հնարավոր կլինի համատարած պատվաստումներից հետո: Ես միշտ կողմ եմ եղել պատվաստումներին, և այս դեպքում էլ պատվաստվելու եմ:
Հոդվածը տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակը. այն պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի օժանդակությամբ։ Հոդվածում ներկայացված կարծիքը պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետները։