Երկաթգծի կառուցման համար 400-500 մլն դոլարի ներդրում է հարկավոր. դա տասնամյակներ կտևի. Սուրեն Պարսյան
«2020թ.-ը Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային տարի էր». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նրա գնահատմամբ՝ վերջին 12 տարիների համեմատ՝ ունեցել ենք աննախադեպ անկում:
«Պաշտոնական մակարդակով արդեն խոսվում է 8.5 տոկոս անկման մասին: Կարծում եմ, որ իրականում անկումն ավելի մեծ է: Դժվար գտնեք Հայաստանում մի բիզնես, որի անկումը 2020-ին 10 % է կազմել, փոքր և միջին բիզնեսը հիմնականում 20-30 %-ի չափով անկում ունի, սա՝ լավագույն դեպքում, և այդ անկումը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ ծառայության, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության»,- ասաց Պարսյանը:
Տնտեսագետի պնդմամբ՝ 2020 թ.-ն ավելի բարենպաստ էր հանքարդյունաբերության, մասամբ նաև՝ բանկային համակարգի համար:
«Պետական մի շարք հակաճգնաժամային ծրագրեր իրականացվեցին բանկերի միջոցով, և նրանք կարողացան մեծ քանակությամբ, օրինակ՝ գյուղատնտեսական վարկեր տեղաբաշխել պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույքներով»,- ասաց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանը նկատում է, որր 2020-ի տնտեսությունը լավ հող չի նախապատրաստել 2021-ի համար, հետևաբար՝ մեծ հույսեր ունենալ պետք չէ:
«Ունենք մի իրավիճակ, որ տնտեսությունը բոլոր ուղղություններով անկում է գրանցել, և այս պայմաններում, բնականաբար, մենք վատ հիմքեր ենք դրել 2021 թ.-ի համար: 2021-ի տնտեսական իրավիճակը կախված է բազմաթիվ գործոններից, առաջին հերթին՝ քաղաքական գործոնից»,- ասաց տնտեսագետը:
Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի այդ խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո ի հայտ են եկել բազմաթիվ տնտեսական, սոցիալական խնդիրներ, որոնք պետք է կառավարել, եթե դրա հնարավորությունը կա:
«Այս համաձայնագրի արդյունքում ՀՀ տնտեսությունն ունեցավ բավականին մեծ, զգալի կորուստներ, առաջինը կարող եմ նշել հողերի կորուստը, որոնց վրա աճեցվում էր հացահատիկ, մրգեր, որոնք լայն սպառում ունեին Հայաստանում, եթե մենք դրա այլընտրանքը չգտնենք, ապա 2021թ. ընթացքում ունենալու ենք նաև պարենի խնդիր, սրանք փոխկապակցված գործընթացներ են, և Արցախը տարիներ շարունակ մեզ ապահովել է հացով, թարմ մրգերով, և հիմա այս խնդիրն ունենք ու պետք է լուծումներ գտնենք»:
Պատերազմում պարտության հետևանքով առաջացած հաջորդ խնդիրը էլեկտրաէներգիայի մատակարարումն է: Տնտեսագետի խոսքով՝ Արցախից ստացված էժան էլեկտրաէներգիայի փոխարեն՝ ստիպված ենք լինելու գնել առավել թանկ էլեկտրաէներգիա:
«Արցախը տարեկան մոտ 330 մլն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա է մատակարարել Հայաստան, որը կազմում է մեր ընդհանուր սպառման մոտ 5 տոկոսը, շատ ցածր գնով, էժան էլեկտրաէներգիա ենք ստացել: Հիմա այդ էլեկտրաէներգիայի բացը կա, և պետք է գտնենք ավելի թանկ էլեկտրաէներգիա՝ տեղը լրացնելու համար»:
Տարածքների կորստով պայմանավորված՝ վնաս է կրել նաև Արցախի հանքարդյունաբերությունը, ինչն անդրադառնալու է նաև բյուջեի վրա:
«Արցախի տարածքում գործող մետաղական հանքերի մեծ մասը հիմա գտնվում է թշնամու ձեռքում, իսկ մնացած հանքավայրը, խոսքը վերաբերում է Կաշենի հանքավայրին, գործունության մասով այս պահին խնդիրներ կան, քանի որ ջուրը ստանում էր Նոր Մարաղայից, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի արդյունքում Նոր Մարաղան հանձնվեց թշնամուն, ջրի մատակարարման հարց կա հետագա շահագործման համար: Ունենք բավականին խորը խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Եթե այդ հանքավայրը չգործի, ապա Արցախի պետական բյուջեն լուրջ խնդիրներ կունենա»,- ասաց Պարսյանը և նշեց, որ հանքավայրը շահագործող ընկերությունն ապահովում է Արցախի եկամուտների 1/3-ը, իսկ Արցախի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իրենց եկամուտները 3 անգամ կրճատվելու են:
Սուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանն ունի մտահոգվելու լուրջ պատճառ, քանի որ հենց ինքն է տարիներ շարունակ Արցախի բյուջեի բացը լրացրել:
«Հայաստանը պետք է ավելացնի այդ միջոցներն այն դեպքում, երբ Հայաստանը լուրջ վարկերի, փոխառությունների կարիք ունի»,- ասաց տնտեսագետը:
Նա հիշեցրեց, որ ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ ռուսական կողմն ապահովելու է Հայաստանի տարածքով տեղափոխվող բեռների և ուղևորների անվտանգությունը, այսինքն՝ Ադրբեջան-Նախիջևան կապի անվտանգությունը գտնվելու է ռուսական կողմի լիազորությունների տիրույթում, սակայն ոչ մի խոսք չկա, թե եթե Հայաստանը որոշի Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել, ո՞վ է ապահովելու դրանց անվտանգությունը: Տնտեսագետն անդրադարձավ նաև օրերս Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված տնտեսական հայտարարությանը:
«Այդ համաձայնագիրը հիմնականում կոչված է ապահովել Նախիջևան-Ադրբեջան կապը, այսինքն՝ այն խոսակցությունները, որ Հայաստանը, հնարավոր է՝ երկաթուղու հնարավորություն ունենա, սա այն վարագույրն է, որի հետևում փորձ է արվում իրականացնել Նախիջևան-Ադրբեջան կապը: Ադրբեջանին հետաքրքրում է Մեղրու տարածքով ավտոմոբիլային ճանապարհի արագ շինարարությունը և շահագործումը»,- ասաց Պարսյանը:
Տնտեսագետը մանրամասնեց, որ, ի տարբերություն ավտոմոբիլային ճանապարհի, երկաթգիծ կառուցելը ժամանակատար և ծախսատար է: Ադրբեջանը կարող է արագ կառուցել և օգտվել, իսկ երկաթգծի շինարարությունը կարող է տևել տասնամյակներ, ինչի պատճառով էլ կորցնում է տնտեսական նպատակը: Պարսյանի պնդմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված էլ չէ այդ երկաթգծով, քանի որ Ադրբեջանն Իրանին կապող այլ ճանապարհ էլ կա:
«Տնտեսական տեսանկյունից այս ապաշրջափակման մասին խոսակցությունները կասկածելի են, քանի որ, եթե նպատակը հարավում երկաթգծի վերականգնումն է, ապա ստացվում է, որ Երևանում արտադրված մեկ շիշ ջուրը պետք է հասցնենք Մեղրի, Մեղրիից՝ Բաքու, Բաքվից՝ Ռուսաստան, այսինքն՝ նման լոգիստիկ շղթայով արտահանում ապահովելը, բնականաբար, ծախսատար ու ժամանակատար է, ավելի էժան ու արագ կլինի բեռնատարով Հայաստանից արտահանումը Ռուսաստան: Սրանք խնդիրներ են, որոնց մասին չի խոսվում, հանրությանը ներկայացվում են լավատեսական սցենարներ, իսկ ռիսկերի մասին չեն խոսում»,- ասաց Պարսյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելուն, ապա տնտեսագետի պնդմամբ՝ Հայաստանը դրան պատրաստ չէ, քանի որ մեր այդ երկու պետություններն ավելի էժան միրգ ու բանջարեղեն կարտահանեն Հայաստան, ինչի արդյունքում կտուժեն մեր արտադրողները, գյուղատնտեսությունը: