«Իրական անկախությունը տնտեսական զարգացման մեջ է, իսկ Արցախի հակամարտության լուծումը տնտեսական դաշտում, այլ ոչ հակառակը»
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակում եմ պնդել, որ աշխարհը հարաբերություններ է կառուցում տնտեսական, այն է ռեսուրսներին հասանելիության շուրջ իրենց շահերից ելնելով:
Ինչու եմ կրկին սրա մասին գրում:
Չգիտես՝ ինչու, մենք ակնկալիքներ ենք ձևավորել, որ քրիստոնյա ազգերը այս հակամարտության մեջ մեր կողմնակիցը պետք է լինեն և երբ որոշ երկրների պաշտոնական դիրքորոշումը պրո-ազերական է և նրանց մամուլը ազերական կողմնորոշմամբ լուրեր է տարածում, ապա մենք մեր գլխում այդ պետություններին և մարդկանց թշնամի ենք դիտարկում:
Սա պետականության և միջազգային հարաբերություններում հասուն չլինելու դրսևորում է: Ինչը և մեզ հասցրել է ներկա անբարենպաստ հանգրվանին:
Մի երկու օրինակ գրեմ, որ ասելիքս պարզ լինի:
Վրաստան. Մեզ հարևան և եղբայրական ժողովուրդ: Վրդովվում ենք, որ չեն թողնում, որ տեղացի հայերը աջակցություն բերեն Արցախ:
Մոռանում ենք կամ չգիտենք, որ հայտնի մետաքսի ճանապարհը, որ վերածնվեց երկաթգծի տեսքով անցած տարի և կրում է Երկաթյա մետաքսե ճանապարհ անվանումը, սկիզբ է առնում Չինաստանի կենտրոնում գտնվող Շիան քաղաքից, ապա Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով մտնում է Թուրքիա և Բուլղարիայով, Սերբիայով, Հունգարիայով և Սլովակիայով հասնում Չեխիա:
Դիտավորյալ թվարկեցի բոլոր երկրները, որպեսզի հասկանալի լինի թե ինչ շահեր ունեն դրանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Սրա բացումը տեղի ունեցավ 2019 թվականին, և մեզ թշնամի համարող պետություններին հաջողվեց Հայաստանը մեկուսացնել տնտեսական այս ահռելի ծրագրից, որը մեզ շրջանցելով կառուցվեց Վրաստանով:
Մեկ այլ օրինակ:
Իտալիա: Իտալական մամուլը ազերական դիրքորոշմամբ լուրեր է տարածում, նեղանում և վրդովվում ենք: Սակայն, մոռանում ենք կամ չգիտենք, որ 2003 թվականից Իտալիան նավթ է գնում Ադրբեջանից և վերջին տարիներին այս երկիրը ադրբեջանական նավթի համար մեկ գնորդն է:
Ինչ է ստացվում: Մեր առաջին` 1994-ի հաղթանակից հետո, մենք շարունակաբար տանուլ ենք տվել տնտեսական դաշտում, առանց դրա մասին նույնիսկ տեղեկանալու կամ գիտակցելու: Քանզի Ադրբեջանին հաջողվել է այլոց հետ ստեղծել տնտեսական այնպիսի շահեր, որի արդյունքում նրանք վերջինիս հանդեպ ունեն կողմնակալ վերաբերմունք` ի վնաս մեզ:
Եվ այստեղ նավթը կապ չունի, կապ ունի մեր աշխարհընկալումը և մեր պետության զարգացման շուրջ տնտեսական հարաբերությունների կառուցման ձախողումը:
Կրկին անգամ ասում եմ, իրական անկախությունը տնտեսական զարգացման մեջ է, իսկ Արցախի հակամարտության լուծումը տնտեսական դաշտում, այլ ոչ հակառակը:
Այն թեզը, թե մենք չենք զարգանում, քանի որ Արցախի շուրջ պատերազմի մեջ ենք, սխալ է: Հակամարտությունը չի լուծվում, քանի որ մենք չենք զարգանում: Եվ հիմա հաղթանակից 25 տարի անց մենք ավելի անբարենպաստ դիրքերում ենք, քան 1994 էինք:
Եվ հետևաբար ավելի մեծ ջանքեր են պետք հաղթելու համար, իսկ սա չի վերջանում պատերազմի դաշտում: Հաղթանակը սկսվում է ռազմաճակատում և շարունակվում է տնտեսական դաշտում:
Սա պետք է լավ սերտել և չմոռանալ»։
Շարունակում եմ պնդել, որ աշխարհը հարաբերություններ է կառուցում տնտեսական, այն է ռեսուրսներին հասանելիության շուրջ իրենց…
Gepostet von Hovhannes Avetisyan am Mittwoch, 30. September 2020