«Մի՞թե չի կարելի հնար գտնել այս խնդիրը լուծելու համար». ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների 6 ամիսների քրոնիկան

Արդեն 6 ամիս է՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներով իշխանություններին հիշեցնում են իրենց մասին:  Ու որքան էլ մերձիշխանական ֆեյքերն ու գրագիրները  նրանց փորձեն պիտակավորել ռուսաստանահպատակներ կամ Պուտինի վարձկաններ անուններով՝ փաստը փաստ է, այդ մարդիկ Ռուսաստանում լուծում են հացի խնդիր, ինչն այս պահին Հայաստանում հնարավոր չէ՝ անկախ հնչող լավատեսական խոստումներից:

«Մի՞թե չի կարելի հնար գտնել այս խնդիրը լուծելու համար»,- նշում են ցուցարարները:

Ի պատասխան հնչող պարզաբանումները հուսադրող չեն, իսկ մեկնումների հարցը ոչ միայն օդում է կախված, այլև ցամաքում. Վրաստանով բացվող միջանցքն անհնար է մինչև նոյեմբեր, քանի որ հարևան երկրում սպասվում են ընտրություններ,  իսկ Ալեն Սիմոնյանը նշում է՝ Ռուսաստանում համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս։

«Հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են. իրենք մինչև ընտրությունը չանցնի, երկիրը չեն բացի: Օդայինն էլ ՝ Ռուսաստանն ասում է՝ ինձ մոտ խնդիր է, համաճարակ է, ես հիմա, եթե Հայաստանից նույնիսկ ընդունեցի, ես մյուսներին ո՞նց եմ ասելու, որ ես չեմ ընդունում»,- ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարների հետ զրույցում նշել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ Կառավարության առջև նույն հարցով հավաքվածներին էր համանման պարզաբանում տվել. «Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին:

Հայաստանից դուրս գնացողը նաև պետք է հաշվի առնի՝ ինչպիսին է քաղաքականությունը ա՛յդ երկրի՝ ընդունելու՝ ոչ քաղաքացիների իրենց երկրում»:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հակադարձել էր հայաստանյան իշխանոթյուններին՝  նշելով, որ   դա միայն ՌԴ որոշելիք հարցը չէ, և պետք չէ ողջ պատասխանատվությունը դնել ՌԴ իշխանությունների վրա։

«Մի՞թե ՀՀ իշխանությունները չէին, որ մինչև վերջին օրը երկարաձգում էին կարանտինը, ռուսնե՞րն էին դա անում, մի՞թե Փաշինյանը չէր, որ պայքարում էր, որպեսզի պահպանվեր կարանտինը, ռուսնե՞րն էին կարանտին հայտարարում, ինչո՞ւ ստել և ասել, որ Ռուսաստանը պետք է որոշի։ Կարանտինն այնքան են երկարաձգել, որ բոլորս կարծում էինք՝ մինչև տարեվերջ էլ կերկարաձգեն։ Շատ տարբեր հարցեր կան հայ-ռուսական հարաբերություններում, եթե կարդանք հայկական մամուլը, ապա Ռուսաստանն ամեն ինչում է մեղավոր, բայց կարանտինը ռուսները չեն ստեղծել, այլ Փաշինյանի կառավարությունը, ռուսնե՞րն են կրկին մեղավոր։ Ի վերջո, վարակի առկայությունն անձնագրի գույնից չէ կախված, Մոսկվայում արդեն նույն պայմաններում ապրում ենք կես տարի ու խենթանում ենք, անկեղծ ասած, մենք ևս չափազանց դժգոհ ենք։ Կարծում ենք, որ այդ միջոցառումներն ահավոր չափազանցված էին»,- ասել էր վերլուծաբանը:

Գործադիրում հարցը քննարկվեց նաև երեկ, մասնավորապես նշվեց՝ խնդիրը կբարձաձայնվի Եվրասիական տնտեսական միությունում:

Արդյոք Եվրասիական տնտեսական միությունում հարցի բարձրաձայնումը կբերի՞ խնդրի լուծման, թե՞ սա հերթական իմիտացիան է՝ ցույց տալու համար, որ իշխանությունն աշխատում է ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար՝  դեռ պարզ չէ, սակայն միանշանակ է, որ այս քայլերը չեն  բավարարում ցուցարարներին։ Նրանք երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ընթացող  իշխանական «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ հավաքվել էին գրասենյակի դիմաց, այնուհետև մտել էին ներս՝ պահանջելով քննարկել իրենց խնդիրը։

Ուշագրավ է, որ իմքայլական պատգամավորները լրատվամիջոցներին արգելել էին ներկա գտնվել և լուսաբանել ցուցարարների հետ իրենց հանդիպումը: Ամեն դեպքում, ցուցարարները ներսից կարողացան ֆեյսբուքյան  ուղիղ եթերով տեղեկացնել հանդիպման մանրամասների մասին:

Հավելենք, Ռուսաստանն օգոստոս ամսից սկսել է հանել սահմանափակումները մի շարք երկրների՝ Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Տանզանիայի, Եգիպտոսի, Մալդիվների, ինչպես նաև Թուրքիայի համար: Հայաստանյան իշխանությունները դեռ հայտնում են բանակցությունների կամ բանակցման փորձերի մասին:

Շատ փորձագետներ այս խնդիրը մեծ համատեքստում համարում են ոչ միայն կորոնավիրուսի հերթական հետևանք, այլ հայ-ռուսական հարաբերությունների ցուցիչ ու նաև լակմուսի թուղթ՝ Հայաստանի դիվանագիտության համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս