«Ադրբեջանի պլանները խափանելու պատճառով նորմալ է, որ ադրբեջանական կողմը պատժում է իր սպաներին». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանական մամուլը լուրեր է տարածում, թե իբրև այդ երկրի պաշտպանության նախարարությունը պատժել ու պահեստազոր է ուղարկել այն սպաներին, որոնք տեսանկարահանել են գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին և տեսանյութը տարածել են համացանցում։
168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ հակառակորդը սովորաբար նման «հնարավորությունը» փորձում է օգտագործել ճիշտ ժամանակին։
«Ադրբեջանի կողմից սա ընդունված պրակտիկա է, ո՛չ այդքան մարդասիրական է, ո՛չ էլ բարոյական, բայց այդուհանդերձ, փաստն այն է, որ, երբ մարդը հայտնվել է Ադրբեջանի ձեռքում, դրա մասին միշտ 2-3 օրից են հայտնել մամուլին, այս անգամ տեղեկությունը միանգամից հայտնվեց համացանցում։ Դրա պատճառով Ադրբեջանը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել, թե ինչպես կարող է ճիշտ պլանավորել տեղեկատվական և մնացած քայլերը, ուստի Ադրբեջանի պլանները խափանելու պատճառով նորմալ է, որ ադրբեջանական կողմը պատժում է իր սպաներին։ Նաև զինծառայողներն այնտեղ իրենց հետ չպետք է ունենային հեռախոսներ, մասնավորապես՝ տեսանկարահանող։ Սա օրենքի լուրջ խախտում է, որովհետև այն նաև կարող է ծառայել՝ որպես լրտեսական սարք։ Այնպես որ, սա նորմալ վարվելակերպ է Ադրբեջանի կողմից, քանի որ այնտեղի սպաներն առանց իրենց վերադասին տեղեկացնելու՝ այդ տեսանյութը տարածել են»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։
Ինչ վերաբերում է հայ սպային տեսանկարահանելու և այն տարածելու տեսանյութին, որը, տարբեր իրավապաշտպանների խոսքով՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և սրա հետ կապված հայկական կողմի քայլերին՝ այդ ամենը միջազգային կառույցներին հասցնելու համար, Արմինե Ադիբեկյանն ասաց, որ այս դեպքում միջագային կառույցը մեկն է՝ «Կարմիր խաչը», և որևէ մեկն իրավասու չէ խառնվելու այդ գործերին, և հայկական կողմը պետք է համագործակցի միայն Կարմիր խաչի հետ։
«Ինչ վերաբերում է աչքերը կապած մարդուն՝ շարքային քաղաքացի լինի թե սպա, կապ չունի նրա կոչումը, նկարահանել ու տարածելը, իսկապես մարդու իրավունքների խախտում է։ Սակայն Ադրբեջանն այնքան անգամներ՝ անծայրածիր խախտել է այդ կոնվենցիան, որ այժմ արդեն ծիծաղելի է խոսել ինչ-որ կոնվենցիաների մասին, որն Ադրբեջանն այս անգամ ևս խախտեց։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, կոնվենցիայի խախտում է, բայց դա ոչ մեկին, այդ թվում՝ միջազգային կառույցներին, որևէ ձև չի անհանգստացնում։ Հակառակ դեպքում Ադրբեջանը վաղուց միջազգային կառույցների կողմից սանկցիաների կարժանանար կամ ինչ-որ պատիժ կկրեր, սակայն դա տեղի չի ունեցել»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը դեռ թույլ չի տվել, որպեսզի Կարմիր խաչն այցելի հայ սպային, Արմինե Ադիբեկյանը շեշտեց, որ, երբ հայտնի է դառնում, որ ՀՀ քաղաքացի կամ հայկական բանակի զինվորը, որը գերեվարվել է Ադրբեջանի կողմից՝ առաջին հերթին պետք է կապ հաստատեն Կարմիր խաչի հետ՝ տեղեկացնեն, որ իրենց ձեռքում գտնվում է այլ երկրի քաղաքացի, և տան հնարավորություն Կարմիր Խաչին շփվելու տվյալ անձի հետ, ինչն այս դեպքում չեն արել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ: Իսկ Ադրբեջանի կողմից տարածված դիվերսիայի մասին տեղեկատվությունն ապատեղեկատվություն է։