Հայի վերջին անխելքությունը

2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանության ամենախոցելի ուղղությունն արտաքին քաղաքականությունն է։ Հայաստանը չի կարողանում արդյունավետ հարաբերություններ զարգացնել ո՛չ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ։

Ռուսաստանի հետ հարաբերություններում կա մեծ ճեղքվածք, որն ընդհուպ արտահայտվում է Հայաստանի իշխանության անգամ ֆիզիկական անընդունելիության տեսքով։

Այլ դրսևորումներով, սակայն, բովանդակային առումով նույն իրավիճակն է նաև Արևմուտքի հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններ՝ որպես այդպիսին, գործնականում չկան, դրանք կրում են զուտ արարողակարգային բնույթ և խարսխված են դեռևս նախկին իշխանությունների կողմից հաստատված օրակարգերի վրա։

Նույն պատկերն է նաև Եվրամիության հետ հարաբերություններում․ Հայաստան-ԵՄ կապերը հիմնված են դեռևս Սերժ Սարգսյանի կողմից ԵՄ-ի հետ 2017 թվականին ստորագրված Համապարփակ գործընկերության համաձայնագրի վրա։

2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ոչ հայ-ամերիկյան, ոչ հայ-եվրոպական ուղղություններով որևէ նոր օրակարգ, նոր գաղափար, նոր ծրագիր չեն առաջարկել։

Այս ուղղություններով հիշատակման արժանի որևէ փաստ չկա, թերևս, բացառությամբ Փաշինյանի այն հայտարարության, որ ինքն ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած Հայաստանի ղեկավարն է, ԵՄ-ի ուղղությամբ էլ նշանային էր Բրյուսելում Եվրամիության պաշտոնյաներից մեկին ուղղված նրա հանդիմանանքը, որ Հայաստանին տասնյակ-միլիոնների աջակցություն պետք չէ, քանի որ այդքան գումար կարող ենք ստանալ ցանկացած օլիգարխի գրպանները թափ տալով։

Սա է փաշինյանական Հայաստանի արտաքին քաղաքականության ամփոփ պատկերը վերջին երկուսուկես տարիների համար։

Իսկ այս իրավիճակն ունի՝ ինչպես իրավիճակային, այնպես էլ՝ արմատական, խորքային պատճառներ։ Իրավիճակային գործոնների թվում կարելի է ընդհանրացված կերպով նշել գործող իշխանությունների ոչ բավարար ճկունությունն ու աշխարհաքաղաքական գործոնների ոչ համարժեք գնահատումն ու շահերի ոչ համարժեք հաշվարկումը։ Բայց շատ ավելի էական են խորքային պատճառները։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը խարսխված չէ ո՛չ արժեքների, ո՛չ սկզբունքների վրա։

Հայաստանն իրականացնում է առավելապես սիտուատիվ արտաքին քաղաքականություն, քանի որ դրա հիմքում դրված չէ որևէ արժեք, գաղափար կամ սկզբունք։

Հեղափոխությունից հետո թվում էր, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող էր կառուցվել ժողովրդավարական արժեհամակարգի վրա, որ ժողովրդավարությունը կարող էր դառնալ արտաքին քաղաքականության կարևոր աղբյուր կամ մոտիվատոր։ Բայց անցած երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունն ընդհանրապես տեղ չունի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ամենաթարմ օրինակը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու Փաշինյանի շնչակտուր քայլն էր, որն ամբողջությամբ  հակասում է ժողովորդավարական կոնցեպտին։

Խնդիրն իրականում այդ շնորհավորանքի փաստը չէր, այլ այն, որ դրանով նա ի ցույց դրեց իր արժեքաբանական հակադրությունն իր իսկ իրականացրած ժողովրդավարությանը։ Նմանատիպ օրինակներն իրականում շատ են, խնդրի էությունը, սակայն, դրանց առատությունից չի փոխվում։

Իսկ խնդիրն ընդհանուր առմամբ այն է, որ Հայաստանը գործնականում չի հասկացվում, չի ընդունվում ու համարժեք վերաբերմունքի չի արժանանում աշխարհաղաքական որևէ բևեռի կողմից և գործնականում մնացել է մենակի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Իսկ դրա պատճառը, բացի վերը թվարկվածներից, նաև այն է, որ Հայաստանի իշխանությունը, ինչպես ազնվորեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, չի դավանում որևէ գաղափարախոսության կամ իզմ-ի։ Դա էլ նշանակում է, որ Հայաստանն անկարող է համարժեք, ճկուն ու ստեղծարար արտաքին քաղաքականություն կառուցել ու իրականացնել, քանի որ չի դավանում դրա համար անհրաժեշտ արժեքների։

Իհարկե, այնպես չէ, որ արտաքին քաղաքականության հիմքում միայն արժեքներն են, ճիշտ հակառակը՝ ավելի հաճախ գերակշռում են շահերը։ Բայց այնպես չէ նաև, որ Հայաստանը՝ չդավանելով արժեքների, միևնույն ժամանակ՝ իրականացնում է շահերի հաշվառման հիման վրա խարսխված արտաքին քաղաքականություն։ Հայաստանն անգամ չի ձևակերպում իր շահերը։ Արդյունքում՝ արձանագրվում են հակասական իրավիճակներ, երբ, օրինակ, Հայաստանի իշխանությունը մի կողմից՝ առանցքային պաշտոններում է նշանակում ընդգծված հակապուտինական դեմքերի, քայլ, որն անկախ ամեն ինչից՝ խիստ հակառուսականության դրսևորում է, մյուս կողմից՝ առաքելություն է ուղարկում Սիրիա, ինչն արդեն ակնհայտ հակաարևմտյան ակտ է։

Անկախությունն ու ինքնիշխանությունն իրականում որևէ երկրի կամ բևեռի հետ թշնամությունը չէ։ Անկախությունն այնպիսի քաղաքականության իրականացումն է, որի միջոցով տարբեր երկրներից ու բևեռներից կախվածությունը փոխլրացվում ու հավասարակշվում է այնպես ու այնքան, որ բազմակողմանի կախվածությունն արդյունքում հանգեցնում է անկախության ու ինքնիշխանության մակարդակի բարձրացման։ Իսկ դա նշանակում է ոչ թե ծայրահեղականությունների, այլ հավասարակշռման քաղաքականություն, ինչից անդառնալիորեն հեռու է Հայաստանը։ Որովհետև ոչ միայն Հայաստանն է ծայրահեղականությունների երկիր, ինչպես մեզ ավանդում է բանահյուսությունը, այլ Հայաստանի ներկայիս ղեկավարն է ծայրահեղականությունների մարմնավորում, ինչը մեզ ցույց է տալիս նրա վարքագիծն ու գործունեությունը։ Արդյունքում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում մենք տեսնում ենք ոչ թե՝ բանահյուսական «հայի վերջին խելքի», այլ՝ «հայի վերջին անխելքության» արտահայտություն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս