Brent մակնիշի նավթի գինն ընկել է բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակի

Սեպտեմբերի 11-ի առավոտյան նավթի գները նվազում են շուկայում պահանջարկի եւ հումքի առաջարկի դիսբալանսի համար ներդրողների աճող երկյուղների ֆոնին: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով 08:48-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը ընկել է 0,37 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 39,91 դոլար: WTI մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,27 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 37,2 դոլար:

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է լուրջ ճնշում գործադրել վառելիքի պահանջարկի վրա:

Դրա վերականգնման հետ կապված հոռետեսությունն էլ ավելի է ուժեղացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտնեց երկրում նավթի առեւտրային պաշարների անսպասելի աճի մասին. մեկ շաբաթում, որն ավարտվել է սեպտեմբերի 4-ին, դրանք աճել են 2 միլիոն բարելով կամ 0,4 տոկոսով եւ հասել 500,4 միլիոն բարելի:

Վերլուծաբանները, որոնց կարծիքը մեջբերում է Reuters գործակալությունը, կարծում են, որ պաշարների աճը նաեւ պայմանավորված է նրանով, որ ամերիկյան նավթավերամշակման գործարանները դեռ լիովին չեն վերականգնել արտադրությունը Մեքսիկական ծոցում եւ մյուս տարածաշրջաններում փոթորիկների պատճառով դրա փակվելուց հետո «Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նավթահումքի արդյունահանումը շարունակում է վերականգնվել «Լաուրա» փոթորկից հետո, թվերը ցույց են տալիս, որ նավթավերամշակման գործարաններն արտադրողականությունն էլ ավելի են նվազեցրել վերջին շաբաթվա ընթացքում»,-գործակալությունը մեջբերում է ING Economics-ի վերլուծաբանների կարծիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս