«Մենք Թուրքիային չենք դիտարկում միջնորդ»․ ԱԳՆ խոսնակ

«Հրադադարի ամրապնդումը ՀՀ առաջնահերթություններից է խաղաղ գործընթացում, առանց որի անհնար է պատկերացնել խաղաղ գործընթացի զարգացումը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան ԼՂ հակամարտության կողմ է։

Աննա Նաղդալյանն ասաց, որ Թուրքիայի դիրքորոշումների վերաբերյալ հայկական կողմն իր մոտեցումներն արտահայտել է ոչ միայն հանրային, այլև իր միջազգային գործընկերների հետ շփումներում։

Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն ցանկանում է դրսևորել՝ որպես հակամարտության կողմ, որն ապակայունացնող քաղաքականության դրսևորումն է։ «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը, երկիր, որ չի ճանաչում, անգամ արդարացնում է Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ՝ որպես տուժած կողմ։ Մենք Թուրքիային չենք դիտարկում միջնորդ, և Հայաստանն իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ իրականացնում է հենց այդ գնահատականի հիման վրա։ Այստեղ միանշանակորեն պետք է ընդգծել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է»,- ասաց ԱԳՆ խոսնակը։

Հարցին, թե հրադադարի միջազգային մոնիտորինգի ներդրման ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում, Նաղդալյանը պատասխանեց, թե բազմիցս են հայտարարել, որ հրադադարի ամրապնդումը ՀՀ առաջնահերթություններից է խաղաղ գործընթացում, առանց որի անհնար է պատկերացնել խաղաղ գործընթացի զարգացումը։

«Միայն դա կարող եմ ասել»,- նշեց Նաղդալյանը։

Մեկ այլ հարցի էլ, թե այդ առաջնահերթության շրջանառումը հենց ներկայումս չի՞ նշանակում արդյոք, որ հայկական կողմը վերադառնում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգին, և ինչո՞ւ նախորդ 2 տարիների ընթացքում դրանք ընդգրկված չէին համանախագահների հայտարարություններում՝ Նաղդալյանն արձագանքեց՝ ասելով, որ այդ հարցին վերջին շրջանում բազմիցս են անդրադարձել։

«Դրան պատասխանել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Արամ Աբրահամյանին տրված հարցազրույցում․ ՀՀ-ն մշտապես հանդես է եկել հրադադարի ռեժիմի ամրապնդման դիրքերից, և դրա շրջանակում առաջարկությունների մասով կարող եմ ասել՝ հակամարտության գոտում ԵԱՀԿ ներկայության ընդլայնում, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրում։ Ադրբեջանը հանդես է եկել այս առաջարկությունների մերժմամբ կամ բացահայտ կերպով դա անելով կամ հանդես գալով առաջարկություններով՝ ինքնըստինքյան իմաստազրկելով այդ առաջարկությունները։ Սակայն հրադադարի ռեժիմի ամրապնդումը մշտապես մնացել է խաղաղ գործընթացի օրակարգում, դրա մասին է վկայում այն , որ 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում հենց հղում է արվում 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ հարցն իրենց համար մշտապես եղել է օրակարգային, և հետամուտ են եղել դրա իրականացմանը։

Տեսանյութեր

Լրահոս