Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները

Հուլիս ամսին հայ հասարակության ուշադրության կենտրոնում Տավուշն էր։ Շատերին այս մարզը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ միայն, սակայն իրականում այն Հայոց աշխարհի այն յուրահատուկ մարզերից է, որտեղ ստեղծվել և մեզ են հասել մի շարք բացառիկ լեգենդներ։ Շնորհիվ մի շարք բանահավաքների՝ այդ լեգենդները հասել են մեզ, հավիտենական կնիք ստացել գրքերում և մինչ օրս շարունակում են պահպանել իրենց յուրահատկությունը։ Թերևս, մեր ընթերցողին քիչ հայտնի կլինեն այն աշխարհագրական տեղանքները, որոնց մասին ձոնված լեգենդար զրույցները մենք կներկայացնենք, սակայն Տավուշի բնակիչներն առավել լավ կիմանան հոդվածում տեղ գտած աշխարհագրական վայրերը։ Տավուշի զարդերից է Տավուշ բերդը, որը տեղացիներն անվանում են Ցլիկ Ամրամի բերդ։ Բերդն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարում։ Բերդի և Աշոտ Երկաթի մասին լեգենդար զրույցը պահպանվել և մեզ է հասել բանագետ Արամ Ղանալանյանի շնորհիվ։

«Երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա զորքով դուրս է գալիս բերդից և տեղափոխվում Սևանի կողմերը»։ (Արամ Ղանալանյան «Ավանդապատում», Երևան, 1969)

Տավուշի հաջորդ զարդերից մեկը գտնվում է Այգեձոր և Չինարի գյուղերի գրեթե մեջտեղում։ Այն կոչվում է «Աղջիկ քար»։ Քարի մասին զանազան զրույցներ մինչ օրս էլ պտտվում են։ Տարիների ընթացքում այդ զրույցները կերպարանափոխվում են, ստանում նոր շունչ ու երանգ։ Արամ Ղանալանյանի վերոնշյալ գրքում ներկայացված է քարի մասին լեգենդը, որտեղ դարձյալ խոսվում է Աշոտ Երկաթի մասին․

«Վեր (որ) Աշոտ Երկաթը թշնամու հետ կռիվ անելիս նեղն ա ընգնմ, սաղ (ամբողջ) ժողովութրին հետ հվաքվըմ ա պերթը։ Մի ախչիկ տենըմ ա, վեր տեղերնուն շատ նեղ ա, ինքն էլ մեծ հուսեր ա ունենըմ, էն քարը տնըմ ա հուսերի ղաթըմը (մեջը), պտըտըմ ու պերթի կլխիցը քցըմ տհանց վրա։ Թշնամիները, վեր տակիցը տենըմ են, փախչըմ են․ ասըմ են՝ էս վեր սրանց ախչիկը իրան հուսովը էսքան մեծ քար քցեց, բա տղամարթը իրան բլակներովը (բազուկ) ինչքան մեծ քար կը քցի, բըրախըմ են (թողնում), փախչըմ։ Հա տրա հմար (համար) էլ էն օրից ըսօր էտ քարի անըմը մնացել է Ըխչկա քար»։ (Նույն տեղում)։

Հետաքրքիր զրույց-լեգենդ կա պահպանված Տավուշի Նորաշեն գյուղում գտնվող «Գյունաշի հանդի» մասին։ Հետաքրքրական է, որ Տավուշում լեգենդների զգալի մասում քաջությունն արտահայտվում է կնոջ կերպարով։ Գյունաշն էլ այն հաղթանդամ կինն էր, ով գոտեմարտում ու հաղթում է շահի փահլևաններին։

«Այստեղ ապրել է Գյունաշ անունով մի հաղթանդամ ու քաջ կին։ Սա գոտեմարտել է շահի փահլևանի հետ և հաղթել նրան։ Լսելով այդ մասին շահը առատորեն պարգևատրել է Գյունաշին։ Այդ օրվանից հանդը, ուր գոտեմարտել է Գյունաշը, կոչվել է Գյունաշի հանդ»։ (Նույն տեղում)

Մարզի ամենայուրահատուկ անվանումը կրող գյուղերից մեկը Պառավքարն է։ Այն հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 2 կիլոմետր։ Գյուղի խորհրդանիշը մեծ ժայռաքարն է, որի անվանումից էլ առաջացել է գյուղի անունը։

«Ասում են, թե մի պառավ է լինում, չոր գլուխ մի պառավ։ Հոգնում է աշխարհից էլ, կյանքից էլ։ Որոշում է քարից իրեն գցել ձորը, մեռնել, պրծնել։ Գնում է բարձրանում մի քարի, աչքերը փակում, ընկնում ցած։ Հագին լայն շորեր են լինում։ Քամուց փեշերը բացվում են, պառավը կամաց իջնում է ցած։ Աչքերը բացում է, տեսնում ողջ, առողջ։

– Ա՛խ, աստված,- ասում է,- աչք չունե՞ս, թե՞ ականջ։ Ով կյանք է ուզում՝ մահ ես տալիս, ով մահ է ուզում՝ մահ չես տալիս։

Եվ գյուղի անունը մնացել է Պառավքար»։ (Նույն տեղում)։

Տավուշցիների համար բացարձակ արժեք ու խորհրդանիշ է Միափոր կամ Մուրղուզ լեռնագագաթը, որը Միափորի լեռների ամենաբարձր գագաթն է։ Խորհրդային տարիներին լեռան լանջերին մեծ թվով անասնապահական կենտրոններ ու ֆերմաներ են եղել, սակայն հիմա այդ երբեմնի ակտիվ կենտրոնից գրեթե ոչինչ չի մնացել։ Տավուշյան լեգենդներից ամենահետաքրքիրը կապված է հենց լեռան հետ։

«Հովիվն այս լեռան վրա ոչխարներ արածեցնելիս ծարավում է։ Տեսնելով, որ շրջապատում ջուր չկա, դիմելով Մուրղուզի խաչին, նա ասում է․ «Ա՛յ Մուրղուզի խաչ, եթե դու զորություն ունես, մի ջուր բաց արա, քեզ համար սև ու սպիտակ ղոչեր մատաղ կանեմ»։ Իսկույն մի հորդ աղբյուր է բացվում։ Հովիվն ու ոչխարները խմելով ջրից հագեցնում են իրենց ծարավը։ Շատ չանցած հովիվը շորերից երկու ոջիլ է հանում, կոտրում և ասում․ Ա՛յ խաչ, էս էլ քո մատաղը։ Նույն վայրկյանին հովիվը ոչխարների հետ քար է դառնում»։ (Նույն տեղում)։

Պետք է ընդգծել, որ բանահյուսական պատմություններով հարուստ մարզն ընդամենը մի քանի օրում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Դա միայն ողջունելի է։ Սակայն ցավալի է, որ սահմանային հանդարտության դեպքում նորից անտեսվելու է մարզը՝ իր խնդիրներով հանդերձ։ Իսկ պատմամշակութային կոթողները մնալու են բնության քմահաճույքին։ Լավ կլիներ, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը գործեր նաև խաղաղ իրավիճակներում, հակառակ դեպքում Շահան Շահնուրի կոպիտ, բայց ճշմարիտ խոսքը կշարունակի իր հավիտենական ընթացքը․ «Դուն, հայ լակոտ, դու ամենեն շուտը կփոխվիս անասունի, եթե օր մը իսկ մնաս առանց վիշտի»:

Զ․ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս