
Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Երեկ՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Գ․-ի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն հայտնաբերվել է «աջ ափի արտաքին մակերեսի և աջ ափի այրվածքի հետքեր», որը վկայում է, որ մահվան պատճառը եղել է էլեկտրահարվելը։
Հայտնաբերվել են նաև ձուկ բռնելու համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դեպքի հարևանությամբ անցնող էլեկտրական լարի վրա ձկան կարթի պարագա։