
Հայ մարզուհիները ոսկի, արծաթ ու բրոնզ են նվաճել Եվրոպայի հրաձգության առաջնությունում

Աիդա Ազատյանը դարձել է Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդների հրաձգության առաջնության հաղթող, Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր, տեղեկությունը հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Վազող թիրախ նորմալ վազք վարժության երիտասարդների անհատական պայքարի որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան եզրափակիչ։
Ոսկե մեդալի համար պայքարում հայ հրաձիգներից դիպուկ գտնվեց Ազատյանը։
Արդյունքում՝ 7:5 հաշվով Աիդա Ազատյանը հաղթանակ տոնեց և դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող։
Լիլիթ Մկրտչյանը, տոնելով իր նորամուտը Հայաստանի հրաձգության հավաքականում, նվաճեց երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։
Արուսյակ Գրիգորյանն էլ որակավորման փուլում խոցեց 559 միավոր և հայտնվեց լավագույն քառյակում։ Բրոնզե եզրափակչում 8:6 հաշվով հաղթելով ուկրաինացի մարզուհուն՝ նա նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։