Աստվածաշունչ և խաչ՝ Արայիկ Հարությունյանին. չընդունված դիմորդները նվեր էին բերել նախարարություն
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին ԿԳՄՍՆ-ի առջև էին, այս անգամ՝ առանց որևէ պահանջի, նվեր էին բերել նախարար Արայիկ Հարությունյանին՝ Աստվածաշունչ և խաչ: Դիմորդները ցանկանում էին այն անձամբ հանձնել նախարարին կամ փոխանցել: Շարժման մասնակիցներին մոտեցավ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը և ասաց, որ նախարարն իրեն է ուղարկել նվերը վերցնելու, և խոստացավ անձամբ իրեն հանձնել:
«Նվերը նախարարն ընդունում է և որպես հավատացյալ մարդ՝ շատ շնորհակալ է նվերից»,- ասաց Մամիկոնյանը:
Դիմորդ Հայկ Բաբալյանը խնդրեց, որ նվերի հետ նախարարին փոխանցեն նաև իր խոսքերը.
«Մեծ հույս ենք հայտնում, որ նախարարը, ընդունելով այս նվերը, գուցե սկսի ավելի մարդկային ձևով վերաբերվել իր կատարած աշխատանքին, ավելի ազգանվեր գործունեություն վարել, ավելի մոտ կանգնել եկեղեցուն»:
Բաբալյանը նաև ավելացրեց, որ նախարարն ապատեղեկատվություն է տարածում և փորձում է նախարարության մեղքը բարդել դիմորդների վրա, և նշեց, որ կարող է հիմնավորել իր յուրաքանչյուր ասած բառ: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը վստահեցրեց, որ այդ գիրքը նախարարը կարդացել է, և իրենց աշխատանքն էլ նպատակաուղղված է ոլորտում բարեփոխումներին: Մամիկոնյանի վերջին պնդման հետ դիմորդներն այնքան էլ համաձայն չէին: Լրագրողների հարցին, թե նախարարն այս հարցում փոխզիջումների կգնա՞, խորհրդականն ասաց, որ նախարարը երեկ հարցազրույցի ժամանակ մանրամասն անդրադարձել է բողոքներին:
Օրեր շարունակ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիաներ են անցկացնում և հանդիպումներ են ունենում պետական մարմինների տարբեր ներկայացուցիչների, պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավաբանների հետ, նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 միավոր ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր: Նրանք երեկ հանդիպում պահանջեցին ԿԳՄՍ նախարարի հետ, որը տեղի չունեցավ: