Պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է դուրս գալ պաթոսային պատմություն դասավանդելու սկզբունքից, աշակետներին պետք է փորձենք տանել դեպի վերլուծական պատմություն. պատմաբան
«Նախորդ դասագրքերը երբեք աչքի չեն ընկել աշակերտների համար իրենց ընկալողությամբ: Դրանք նույնպես եղել են բավականին ծանրաբեռնված: Եվ հետո, մենք պետք է հասկանանք, որ շատ կարևոր է աշակերտին տալ ոչ թե թվեր ու փաստեր, այլև ստեղծենք այնպիսի միջավայր, որ աշակերտը սկսի մտածել պատմական այս կամ այն իրադարձության մասին: Մեզ պետք են վերլուծող աշակերտներ, առաջին հերթին՝ մտածող քաղաքացիներ, ոչ թե շատ փաստեր իմացող, անգիր արած ու դատողություն չանող աշակերտներ»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ հանրակրթական դպրոցի Հայոց պատմություն առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին՝ ասաց պատմաբան, «Արևելք» հետազոտական, վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանը:
Պատմաբանի կարծիքով՝ չափորոշչի շուրջ բարձրացված աղմուկը շատ արհեստական է:
«Նախորդ դասագրքերը հարյուր տոկոսով ենթակա էին փոփոխության, որովհետև խնդրահարույց էին վերլուծության տանելու տեսակետից՝ միայն փաստեր էին: Երբ խոսում են, թե շատ շրջաններ ինչո՞ւ են դուրս մնացել, մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է դուրս գալ պաթոսային պատմություն դասավանդելու սկզբունքից: Պաթոսային պատմությունը մնացել է անցյալում: Մեր աշակետներին, ուսանողներին պետք է փորձենք տանել դեպի վերլուծական, քննական պատմություն: Այն փաստարկները, որ երեխաներին հեքիաթներ ենք պատմում, որ հայրենասեր մեծանան՝ շատ ծիծաղելի է, ու 21-րդ դարում այլևս դա չաշխատող տարբերակ է: Եվ այն հայտարարությունները, թե պատմությունն այսպես ենք ներկայացնում, որ երեխաները հայրենասեր լինեն՝ շատ կներեք, էլի ծիծաղելի է: Պատմությունը պետք է ներկայացնենք այնպես, ինչպես կա՝ առանց ժամանակաշրջանները, տարածաշրջանում մեր դերն արհեստականորեն մեծացնելու, որովհետև մեր դասագրքերում շատ պատմաբաններ արհեստականորեն ժամանակաշրջաններ են մեծացրել, մարդկանց դերերը՝ նույնպես: Մեզ մոտ կա պաթոսային պատմություն, որից անցում պետք է կատարենք դեպի վերլուծական պատմություն»,- նշեց Գևորգ Մելքոնյանը:
Նրա կարծիքով՝ մեր դասագրքերի կառուցման մեթոդաբանությունը պետք է փոխվի:
«Իհարկե, դրան պատրաստ չէ հին սերունդը, պարզ է, որ դիմադրելու է, բայց իրենք պետք է իմանան հստակ մեկ բան, որ այդ ձևով պատմության դասավանդումը այլևս չի կարող շարունակվել, դա երեխաներին վանում է հենց նույն Պատմություն առարկայից: Երեխաները հաճախ ասում են՝ պատմություն չեմ սիրում, որովհետև մեջը շատ թվեր կան, դրանք չեմ հիշում, անունները՝ նույնպես: Երեխաները պետք է իմանան, որ պատմությունը թվերն ու անունները չէ: Պատմությունը իրադարձությունների վերլուծությունն է: Երբ սկսեն վելուծել՝ կսիրեն այս առարկան: Սա գիտություն է, թող երիտասարդը իմանա դեպքերն այնպես, ինչպես կա, և ինքը վերլուծի»,- եզրափակեց պատմաբանը:
Հավելենք, որ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը հուլիսի 22-ին քննարկել է ՀՀ հանրակրթական դպրոցի Հայոց պատմություն առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագիծը, մատնանշվել են բազմաթիվ սխալներ և բացթողումներ:
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ նախևառաջ անընդունելի է և լիովին չարդարացված այն մոտեցումը, որ, առկա ուսումնական ծրագրերը կատարելագործելու և բարելավելու փոխարեն, մի կողմ են դրվել Հայոց պատմություն առարկայի հայրենական դասավանդման փորձն ու ծրագրերը, վերցվել են արտասահմանյան որոշ երկրների պատմության դասագրքերի կաղապարները և «լցվել» Հայաստանի պատմության փաստական տվյալներով։ Գնահատելով և արժևորելով այլ երկրների դասավանդման փորձն ու դասագրքերը՝ միանգամայն սխալ ենք համարում դրանց կաղապարների կրկնօրինակումը Հայաստանի դպրոցների համար, նկատի ունենալով յուրաքանչյուր երկրի պատմության և մանկավարժական ավանդույթների առանձնահատկությունները։
Անհասկանալի և լիովին չարդարացված են ժամանակագրական մեծածավալ բացթողումներն ու խառնաշփոթը՝ ինչպես հիմնական, այնպես էլ՝ ավագ դպրոցների ծրագրերում։ Այստեղ առնվազն պետք է հիշել ու պահպանել մեր պատմահայր Մովսես Խորենացու թևավոր խոսքի վերածված միտքը՝ «Պատմությունը ճշմարիտ չէ առանց ժամանակագրության»։