«Իհարկե, ավելի նախընտրելի կլիներ, որ այդ ռազմավարությունը հստակ ձևավորվեր, ընդունվեր, որին կերկրորդեին հանրակրթության չափորոշիչները». Նարինե Դիլբարյան
Օրերս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակեց և հանրային քննարկման դրեց հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը։
Նախագծում ներառված են Հայոց լեզու, Գրականություն, Մայրենի, Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն, Հասարակագիտություն, Ես և իմ հայրենիքը, Ֆիզիկական կուլտուրա, Շախմատ, Նախնական զինվորական պատրաստություն, Օտար լեզուներ, Մաթեմատիկա, Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Բնագիտություն, Բնություն, Ես և շրջակա աշխարհը, Տեխնոլոգիա, Արվեստ, Կերպարվեստ, Երաժշտություն առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։
Նոր չափորոշիչների առնչությամբ կան տարբեր կարծիքներ, մասնավորապես՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ, որը, ըստ նոր չափորոշիչների՝ ներառվել է Հայոց պատմություն առարկայի դասագրքում։
168.am-ի հետ զրույցում «Ժառանագություն» կուսակցության նախագահ, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը կարծիք հայտնեց, որ կրթության ոլորտում նոր չափորոշիչների սահմանումը դրական երևույթ է, և կրթության ոլորտում այսպես հստակ ռազամավարություն ձևավորելու մեծ անհրաժեշտություն կար։
«Իհարկե, ավելի նախընտրելի կլիներ, որ այդ ռազմավարությունը հստակ ձևավորվեր, ընդունվեր, որին կերկրորդեին հանրակրթության չափորոշիչները։ Հիմա եթե քննարկենք ընդհանուր առմամբ չափորոշիչները, ապա պետք է ասել, որ սահմանված է գիտելիքների բավականին բարձր նշաձող, այսինքն՝ ակնկալիք դպրոցից և կրթվող նոր սերնդից, միևնույն ժամանակ՝ ուսուցիչներից, որը ներկայիս իրականության պայմաններում՝ դպրոցների կառուցվածքի, լաբորատոր, դասագրքային և մնացած այլ հագեցվածության, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման աստիճանի, այս չափորոշիչները դարձնում են բավականին խնդրահարույց։ Ճիշտ է, մեր քննարկումների արդյունքում հավաստիացնում են՝ նախարարի մակարդակով, որ կփորձեն բյուջեից գտնել այդ գումարները, նույնիսկ հաշվարկ է կատարվել։ Կարծում եմ՝ այդ հաշվարկը կարող է փոփոխվել, և ըստ իս՝ մինչև չափորոշիչներն այսպես պատկերացնելն արդեն պատրաստի շրջանավարտների ձեռքբերման գործընթացում, անհրաժեշտ է ճշտել, թե ուսուցիչներին ինչպիսի ընկերություններ պետք է վերապատրաստեն։ Սա, այսպես ասած, չափորոշիչների առարկայացման ձևի և ընթացքի վերաբերյալ իմ մտավախությունն է, որ մենք այդ չափորոշիչները չկարողանանք իրականություն դարձնել առ ի չգոյե այն պայմանների, որոնք անհրաժեշտ և բավարար են»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
Ինչ վերաբերում է գրքերի բովանդակությանը, ապա, ըստ Նարինե Դիլբարյանի, այս ամբողջ քննարկումների ընթացքում երկու մտավախություն է սահմանվել։ Առաջինը՝ Հայ եկեղեցու պատմության, երկրորդը՝ Ռազմագիտության՝ որպես առանձին առարկա դասավանդման հետ կապված խնդիրները։
Նա արձանագրեց, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ խնդիրը, թերևս, ծագել է այն պատճառով, որ, երբ 15 տարի առաջ առարկան անջատվեց և դարձավ առանձին, մեծ ճիգեր չձեռնարկվեցին առարկայի կրթական բաղադրիչը հստակ սահմանելու համար։
«Կարծում եմ, դատելով նաև դասագրքի հատվածային բովանդակությունից, մենք երկու խնդիր ենք լուծում։ Նախ՝ բուն եկեղեցու պատմության խնդիրը, այսինքն՝ այն վերաբերում է մեր եկեղեցական պատմության անդրադարձին։ Երկրորդը՝ մեր քրիստոնեական կրթության բաղադրիչին, որը ենթադրում է Աստվածաշնչի համապատասխան և գոնե հիմնավոր գիտելիքների մատուցում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի, տոնացույցի հիմնարար տարրական գիտելիքների իմացություն։ Եթե անկեղծ լինենք, ապա երկրորդ բաղադրիչի միավորումը զուտ պատմության առարկայի հետ ինչ-որ առումով թերի էր։ Այս տեսանկյունից ՀՀ քաղաքացուն, հատկապես՝ 21-րդ դարի քաղաքացուն, անհրաժեշտ են այնպիսի գիտելիքներ, որոնք նրան համաշխարհային ասպարեզում և՛ կզատեն, և՛ կմիավորեն»,- հավելեց Ն. Դիլբարյանը։
Նա նաև ընդգծեց, որ հայ եկեղեցու պատմություն ասելով՝ պետք է Հայ Առաքելական եկեղեցու հզոր պատմության հետ ներառել նաև Հայ Կաթողիկե եկեղեցու պատմությունը, որը Մխիթարյանների միաբանության տեսքով մեծապես նպաստել է հայ մշակույթի և առհասարակ հայագիտության զարգացմանը։
Նա համոզված է, որ, եթե լինի կամք, ապա այդ չափորոշիչների շրջանակում հնարավոր է երեխային սովորեցնել նշված անհրաժեշտ նվազագույնը։
«Դպրոցի խնդիրը չէ հավատավոր մարդու ձևավորումը, դպրոցի խնդիրն է կիրթ մարդու ձևավորումը, որը գիտե քրիստոնեական արժեքները։ Թե ինչպես նա հետագայում կմոտենա Աստծո գոյության խնդրին կամ հավատին, սա արդեն նրա անձնական ճանապարհն է։ Մենք պետք է տանք գիտելիքները, իմացությունը։ Այսպիսի ըմբռնմամբ առարկայի դասավանդումը կարող է ձևավորել 21-րդ դարի ՀՀ կայացած քաղաքացու, որը զինված է գիտելիքներով, գիտի իր մշակույթը, հայկական և քրիստոնեական հիմադրույթները, և ըստ այդմ՝ պատրաստ է մեր երկրում և նրա սահմաններից դուրս պաշտպանելու հայկականության շահերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ռազմագիտություն առարկային, ապա, Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ զինվորական նախնական պատրաստվածության հմտություններին աշակերտները պետք է ծանոթ լինեին, և դրա միավորումը ֆիզիկական դաստիարակության հետ պետք է այնպես արվի, որ չվնասի բնակչության պատրաստվածությանը: «Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ մեր քաղաքացիներին պետք է հստակ իմանալ, թե հրետակոծության ժամանակ ինչպես ապաստարան գտնել և ինչպես սովորել հրաձգային արվեստի հիմունքները։ Ամեն անգամ այս արևի տակ մեր ինքնությունը պահելու համար պետք են այդպիսի գիտելիքները»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։