Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»,-գրել է Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշում էր կայացրել:

Որոշումը դեմ հունիսի 29-ին Աբրահամ Մանուկյանի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Նշենք, որ Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:

Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդագրերը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաև Աբրահամ Մանուկյանի անունը:

«Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երևանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջինները»,- ասել էր Արթուր Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս