Փաստաբանը բողոքարկել է Աբրահամ Մանուկյանին կալանավորելու որոշումը

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպանական թիմն այսօր Վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի՝ երկու օր առաջ կայացրած որոշման դեմ: Հունիսի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշման դեմ ներկայացրած բողոքի մասին 168.am-ին հայտնեց Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

Ավելի վաղ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահություն էր հայտնել, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու դատարանի որոշումն ունի մեկ նպատակ՝ ցուցմունք կորզել:

«Ես շատ ցավում եմ, որ Աբրահամ Մանուկյանի հանդեպ խափանման միջոց ընտրվեց կալանքը, որովհետև ինքը բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի: Եվ երբ  խոսում են, նաև դուք գիտեք, որ կա հստակ հանձնարարական, որ էս կորոնավիրուսի պայմաններում ռիսկային և տարիքային խմբում գտնվող մարդկանց դեպքում ձեռնպահ մնալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուց, ցավոք, Աբրահամ Մանուկյանի դեպքում իրենք խափանման միջոց կիրառեցին կալանքը:

Այլ կարծիք լինել չի կարող, նպատակը մեկն է, որպեսզի փորձեն պարոն Մանուկյանի վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու այն պարզ պատճառով, որ, նորից եմ կրկնում,  Գագիկ Ծառուկյանի դեպքում ասել, որ տվել է փող և ասել է՝ «կգնաք, ձայն կգնեք», չկա և չի կարող լինել»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար:

Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդագրերը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաև Աբրահամ Մանուկյանի անունը:

«Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երևանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջինները»,- ասել էր Արթուր Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս