Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է ռեկորդային 172 մլրդ դոլարի. Bloomberg
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 171,6 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է գործարարի համար: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը: Միլիարդատիրոջ բարեկեցության աճը պայմանավորված է Amazon-ի՝աշխարհում խոշորագույն առցանց մանրավաճառի բաժնետոմսերի բարձրացմամբ. հուլիսի 1-ի արդյունքներով՝ այն ավելացել է 4,4 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ ռեկորդային 2 878,7 դոլար:
Ըստ գործակալության՝ միայն 2020 թվականի առաջին կեսին գործարարը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 11 տոկոսը, հարստացել է 56,7 միլիարդ դոլարով: Նախորդ ամենաբաձր մեծությանը՝ 167,7 միլիարդ դոլարին, Բեզոսը հասել է 2018 թվականի սեպտեմբերին՝ մինչեւ կնոջից՝ Մակքենզիից, բաժանվելը, որն ապահարզանից հետո դարձել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը: Մակքենզի Բեզոսի կարողությունը, որն Amazon-ի բաժնետոմսերի 4 տոկոսի սեփականատերն է, գնահատվում է 56,9 միլիարդ դոլար:
Ապրիլին Forbes հանդեսը երրորդ անգամ անընդմեջ Բեզոսին է հատկացրել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի առաջին տեղը: Այդ պահին, հանդեսի փորձագետների հաշվարկներով՝ նրա կարողությունը գնահատվել է մոտավորապես 113 միլիարդ դոլար: Երկրորդ տեղն զբաղեցրել է Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը՝ 98 միլիարդ դոլար կարողությամբ: Վարկանիշի երրորդ հորիզոնական է բարձրացել Ֆրանսիայի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվում է 76 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: