«Վստահեցնում եմ, որ, երբ «Հայրենիք» կուսակցությունը հաջողություններ գրանցի, նրա կողքին շատ կանգնողներ կլինեն». Քաղտեխնոլոգ
Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության համագումարը:
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ համագումարն անցկացվել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների և հրավիրյալների: Այս համագումարով Արթուր Վանեցյանը պաշտոնապես կհայտարարի քաղաքականություն մտնելու մասին:
Երբ ԱԱԾ նախկին ղեկավարը պաշտոնապես մտնի քաղաքականության մեջ, ընդդիմադիր դաշտում ի՞նչ վերադասավորումներ կարող են տեղի ունենալ և ընդդիմադիր ո՞ր ուժերը կարող են միավորվել նրան. 168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով այս հարցերին, նախ՝ հիշեցրեց, որ Արթուր Վանեցյանը նոր չէ, որ մտնելու է քաղաքականություն:
«ԱԱԾ նախկին ղեկավարը քաղաքականություն մտնելու մասին վաղուց էր հայտարարել, ուղղակի այս քայլով նա ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում քաղաքականության մեջ իր գտնվելը: Այն ժամանակ, երբ Վանեցյանը հրաժարական ներկայացրեց, նա այնպիսի տեքստով հրաժարականը հրապարակեց, որը մատնանշեց, որ փակում է այդ էջը և նոր էջ է բացում և այդ էջը քաղաքականությանն էր վերաբերում»,- ասաց Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ դժվար է ասել, թե ընդդիմադիր դաշտում ինչ վերադասավորումներ կարող են լինել՝ սա հարց է, որը վերջին 30 տարիներին որևէ կերպ հստակ պատասխան չի ստանում: Ըստ նրա՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտի վերադասավորումների կամ միավորումների վերաբերյալ վերլուծություններ անելը միշտ էլ դժվար է եղել, քանի որ այդ հարցում անձնական գործոնը միշտ մեծ դերակատարում է ունեցել:
«Այս համագումարից հետո դեռևս կհրապարակվեն կուսակցության ծրագրերը, որոնք հասարակության համար այս պահին այդքան էլ դեր չունեն, դրանք ավելի շատ հետաքրքիր կլինեն փորձագիտական շրջանակների համար: Այդ ծրագրերի ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, թե կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի այս կամ այն հարցի շուրջ, Արցախի հարցի ու տնտեսական խնդիրների վերաբերյալ: Միայն այս ամենն ուսումնասիրելուց հետո կարող ենք եզրակացություն անել, թե Արթուր Վանեցյանը քաղաքական ընդդիմադիր դաշտում ինչպես իրեն կդրսևորի, սա՝ զուտ տեսական մասով: Ինչ վերաբերում է գործնական մասին, ապա գաղտնիք չէ, որ Արթուր Վանեցյան անձի նկատմամբ մեծ սպասումներ կան, քան ընդդիմադիր այլ ուժերի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ այս պահին, որպես վարչապետին փոխարինող անձ՝ դիտարկվում է նաև Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այստեղ նաև դրված է այն հարցը, թե այս նոր կուսակցությունն ինչ քայլեր կարող է իրականացնել գործող իշխանությունների նկատմամբ»,- հավելեց նա:
Ա. Բադալյանը միաժամանակ նշեց, թե գործողություններ կամ քայլեր ասելով՝ նկատի չունի իշխանություններին քննադատելը, քանի որ դա այսօր շատ հեշտ է, ավելի դժվար էր երկու տարի առաջ քննադատելը:
Հետևաբար, եթե Արթուր Վանեցյանի կուսակցությունը պետք է բավարարվի իշխանություններին զուտ քննադատելով, ապա նրա բոլոր սպասումները շատ արագ կզրոյացվեն:
«Եթե այս կուսակցության ղեկավարությունը գրագետ գործի, չեմ բացառում, որ այն բավականին մեծ հաջողություններ գրանցի: Հասարակության մոտ, այսպես ասած, ոչ դրական վերաբերմունք կա գրեթե բոլոր կուսակցությունների նկատմամբ, և այս կարծրատիպը չի բխում նոր ձևավորվող այս քաղաքական ուժի շահերից: Սա է պատճառը, որ կուսակցության ղեկավարությունը պետք է գրագետ գործի»,- շեշտեց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական ուժերի մոտ կա սովորություն, որը չի փոխվում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության դեպքում, երբ տեսնում են՝ այս կամ այն անձը կամ ուժը քաղաքական պայքարում հաղթում է, բոլորը վազում և կանգնում են նրա կողքին:
«Վստահեցնում եմ, որ, երբ «Հայրենիք» կուսակցությունը հաջողություններ գրանցի, նրա կողքին շատ կանգնողներ կլինեն, բացառությամբ մի քանիսի, օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսը և արևմտամետ մի քանի կուսակցություններ»,- եզրափակեց Արմեն Բադալյանը: