Մայիսի 28-ին Ալիևը հոխորտաց ոչ միայն Արցախը գրավել, այլև՝ Երևանը․ այս դիրքորոշո՞ւմը նկատի ուներ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Ալիևը կառուցողական է․ Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նա մասնավորապես նշել է, որ մայիսի 28-ին արած հայտարարության մեջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հոխորտաց ոչ միայն Արցախը գրավել, այլ նաև Երևանը։ Թևանյանի գրառումը՝ ստորև․
«Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը
Նիկոլ Փաշինյանն Արցախի թեմայով մի շարք հայտարարություններ է արել։ Նա ասել է, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։
Փաշինյանի կինը պարբերաբար հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնություններով (իշխող զույգն իր խաղաղասիրությամբ ու նախաձեռնողականությամբ հիշեցնում է Միխայիլ Գորբաչովին ու Ռաիսա Մաքսիմովնային․ հուսանք, որ ՀՀ–ն ու Արցախը ԽՍՀՄ ճակատագրին չեն արժանանա)։
Փաշինյանը մշտապես ընդգծված դրական է արտահայտվում Ալիևի մասին ու նշում, որ իր կարծիքով Ադրբեջանի ղեկավարը կառուցողական է տրամադրված և հակված է խնդրի լուծմանը։
Հիշեցնեմ նաև, որ Փաշինյանն, ըստ էության, հաստատել է, որ բանակցություններն ընթանում են տխրահռչակ փուլային տարբերակով։ Դա նշանակում է տարածքների վերադարձ՝ խոստման դիմաց։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմի կապիտուլյացիա։
Այս ամենի ֆոնին Ալիևը մայիսի 28–ին հերթական անգամ ցույց տվեց իր «կառուցողականությունը» և ասաց, թե ինչը կբավարարի ադրբեջանցիներին։ Ադրբեջանի ժողովրդի ընտրված ներկայացուցիչ Ալիևը հոխորտաց ոչ միայն Արցախը գրավել, այլ նաև Երևանը։
Նա հայտարարել է, որ 100 տարի առաջ ադրբեջանցիները սխալվել են՝ Երևանը թողնելով հայերին և այդ սխալը պետք է ուղղվի։
Ալիևի այս դիրքորոշո՞ւմը նկատի ուներ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Ալիևը կառուցողական է, և որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին»։