«Ամեն անգամ բոլորի ասածներն ընդունենք՝ որպես լեզվի սայթաքո՞ւմ… Ես չգիտեմ՝ ո՞ր մեկի ելույթին անդրադառնամ, ամեն մեկն իր նախադպրոցական գիտելիքներով ելույթ է ունենում». Հերոսի մայր
Մայիսի 27-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ տարբերություն չկա՝ մարդը սահմանի՞ն է զոհվում, թե՞ հիվանդությունից, վարակի տարածումը պետք է կանխել:
«2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ տեղի ունեցավ մի երևույթ, որը, երևի սխալված չեմ լինի, եթե անվանեմ աննախադեպ, որովհետև ցանկացած պատերազմող երկրում տեղի է ունենում արտագաղթ: Միայն Հայաստանում էր, որ այդ պատերազմի ժամանակ ոչ միայն արտագաղթ տեղի չունեցավ, այլ այդ ընթացքում մեծ քանակով մեր հայրենակիցներ եկան Հայաստան, որպեսզի պաշտպանեն մեր հայրենի սահմանները, այսինքն՝ տեղի ունեցավ ներգաղթ: Ինչո՞ւ եմ այս ամենը հիշում, որովհետև մենք՝ հայերս, մյուս ժողովուրդներից տարբերվում ենք դրական առումով նրանով, որ օրհասական պահին մենք միասնական ենք: Ճիշտ է, այն ժամանակ թշնամին երևում էր, բայց այս կորոնավիրուսի շրջանում թշնամին անտեսանելի է: Իհարկե, դժվարություններ կան, հիմա ես դիմակով խոսելիս դժվարանում եմ: Իրականում տարբերություն չկա, մարդը զոհվում է սահմանի՞ն, թե՞ ինչ-որ հիվանդությունից, եթե հնարավոր է, որ մենք մեր գործողություններով դա կանխենք, ապա անհրաժեշտ է անել»,- ասել էր պատգամավորը:
Նրա այս ելույթը մեծ զարույթ էր առաջացրել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների մայրերից մի քանիսի մոտ:
2016 թվականին հայրենի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված Արամայիս Ոսկանյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Բանակից փախած «տղա», հանգիստ թո՛ղ սահմանին զոհված մեր որդիների՛ն…»:
2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ զոհված Աշոտ Շահբազյանի մայրն էլ էր արձագանքել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի ելույթին: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր.
«Հարգելի Պարոն վարչապետ, խնդրում եմ խորհրդարանը մաքրեք նմանատիպ անգրագետ տհասներից, քանզի չեն տարբերում սահմանին հերոսաբար զոհված տղերքին հիվանդությունից մահացածներից: Եվ նմանատիպները պետք է ժողովրդին հուզող հարցեր լուծե՞ն»:
168.am-ի հետ զրույցում Անուշ Հակոբյանը նախ նշեց, որ ամեն անգամ, երբ անդրադառնում և հակադարձում է պաշտոնյաների կողմից նման անտրամաբանական ելույթներին և բնորոշումներին, արժանանում է մեծ հարձակումների՝ բոլորը մեղադրում են, թե «հականիկոլական» է, մինչդեռ ինքը պաշտպանում է հերոս տղաների թափած արյունը և նրանց արած գործերը:
«Այդ պատգամավորի ելույթի հետ կապված՝ ես մեկ տողով անդրադարձել եմ իմ ֆեյսբուքյան էջում, ուսումնասիրեցի այդ երիտասարդի կենսագրությունը, նա իսկի ծառայած էլ չէ: Կոչ եմ արել, որ հանգիստ թողնեն առաջնագծում զոհված մեր հերոս տղաներին: Ես չգիտեմ՝ ո՞ր մեկի ելույթին անդրադառնամ, ամեն մեկն իր նախադպրոցական գիտելիքներով ելույթ է ունենում: Զայրույթս շատ մեծ է, երբ փորձում են ինչ-որ կերպ նսեմացնել մեր որդիների արած գործը, նույնիսկ աղջիկներս արդեն ինձ ասում են, որ այդ ելույթները չլսեմ, չարձագանքեմ: Այս անգամ ես շատ բան չգրեցի, որովհետև համացանցում սկսում են ինձ վիրավորել, թե հակաիշխանական եմ»,- նշեց տիկին Անուշը:
Նրա խոսքով՝ այս և նմանատիպ ելույթները հաշվի առնելով՝ զոհված հերոսների մայրերը պետք է համախմբվեին և բողոքի նոտա հղեին Գործադիրին, որպեզի օրենսդիր մարմնից հեռացնի այնպիսի պատգամավորների, որոնք չեն կարողանում տարբերակել, թե ի՞նչ է նշանակում՝ զոհվել սահմանին՝ հայրենիքը պաշտպանելիս, և ի՞նչ է նշանակում՝ մահանալ ինչ-որ հիվանդությունից:
«Ես այս քայլերի մեջ միտում եմ տեսնում առ այն, որ կոտրեն մարդկանց հայրենասիրական ոգին և ամեն ինչ հասցնեն այն կետին, որ տղաներն այլևս չցանկանան գնալ ծառայելու, Դուք այդ ամենը չե՞ք տեսնում, չե՞ք տեսնում, որ մեր հերոսները հարգի չեն, ես այս ամենն ակնհայտորեն տեսնում եմ: Տիկին Աննա Հակոբյանն էլ որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ մեր որդիները զոհվել են «հանուն ոչնչի», և այդ ամենը մեր հարգարժան վարչապետը որակեց այնպես, թե իբրև Աննա Հակոբյանն այդ ամենն այլ իմաստով է ասել: Ամեն անգամ բոլորի ասածներն ընդունենք՝ որպես լեզվի սայթաքո՞ւմ, ախր նրանք մեր կարգավիճակում չեն, կոնկրետ իմ կարգավիճակում չեն»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ հերոս Արամայիս Ոսկանյանը ծնվել է 1996թ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Ընտանիքում երեք քույրերի կրտսեր եղբայրն էր: Սովորել է Գավառի N9 հիմնական դպրոցում, այնուհետև ընդունվել Երևանի Ագրարային համալսարանի ֆինանսներ բաժինը: 2014 թվականին ծառայության է անցել ԼՂՀ Մարտունիի N զորամասում:
2016 թվականի հունվարի 9-ին իրականացնելով մարտական հերթապահություն, որի ժամանակ նկատել է իր մարտական դիրքի ուղղությամբ թշնամու ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցումը, առաջ մղվելով՝ փորձել է պաշտպանել առաջին անգամ մարտական հերթափոխ իրականացնող զինվորին, և փրկելով նրա կյանքը՝ մարտիրոսվել է:
Արամայիս Ոսկանյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար», ԼՂՀ Նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալներով: