Բյուրակրատական քաշքշուքներից խուսափելու համար՝ ծնողների համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում կամրագրվի երեխայի հանրային ծառայությունների համարանիշը
ՀՀ կառավարությունը հեղինակել և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
Հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ դեռևս 2014 թվականին Արդարադատության նախարարության համակարգում ներդրվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի է դարձել ՀՀ բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Համակարգի ներդրման կարևոր նպատակներից էր, ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձևավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը:
Դրանով հանդերձ կա մեկ հանգամանք, որը ևս ցանկանում են հեշտացնել, եթե որևէ գործարքի համար, օրինակ, սոցիալական ապահովման ծառայություններից օգտվելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում ներկայացնել երեխայի հանրային ծառայության համարանիշը, ապա ծնողները այն ձեռք բերելու համար պարտավոր են այցելել բնակչության պետական ռեգիստրի սպասարկման տարածքներ:
Արդարադատության փոխնախարարը նախապատմությունը ներկայացնելուց հետո ներկայացրեց Կառավարության առաջարկի նպատակն ու էությունը.
«Կառավարությունն իր հեղինակած օրենքների նախագծերով առաջարկում է ՀՀ քաղաքացու, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է Հայաստանում, ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում ծնողների համաձայնությամբ ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Մեկ բան էլ եմ ուզում ընդգծել, որ նախագծում երեխայի սեռը բացակայում է, ամիսներ առաջ քննարկեցինք և երեխայի սեռը որպես պարտադիր գրառվող տվյալ ևս ավելացվեց: Նախագծերի ընդունման դեպքում, երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը, ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը»,-շեշտեց Վահե Դանիելյանը:
Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը կարևոր համարեց նախագծի ընդունումը, քանի որ այն նվազեցնում է բյուրակրատական քաշքշուքները:
Նշենք, որ առաջիկայում նախագիծը կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում: