Քաղաքացու իրական խնդրի վրա թքած ունենալու արվեստը

Վաղուց բարի ավանդույթ է դարձել այն, որ ՀՀ ներսում տեղի ունեցող ցանկացած իրադարձության հետ կապված իր անհատական վերաբերմունքն է դրսևորում Նիկոլ Փաշինյանը՝ դա կլինի կորոնավիրուսը, երկրում առկա մեկ այլ էսկալացիոն երևույթ, թե ուղղակի շարքային հաշվետվություն։ Փաշինյանը փորձում է նմանօրինակ քայլերով շարքային հանրույթի մոտ ստեղծել իր քաղաքական նկրտումներից բխող իմիտացիոն ֆոն։ Ներքաղաքական զարգացումները հուշում են, որ իշխանությունները խուճապի մեջ են և օրըստօրե հասկանում են, որ կորցնում են կառավարման ղեկը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝  Նիկոլ Փաշինյանը փորձում է անձամբ թեմայի մեջ մտնել և ժողովրդին հիշեցնել, որ «ժողովուրդն է նրան բերել իշխանության»։

Փաշինյանն իր վերջին «լայվ»-ում հասարակությանն արժանացրեց մեղադրանքի հերթական չափաբաժնին, նա հայտարարեց, որ «ժողովուրդն է մեղավոր համավարակի նման չափի տարածման մեջ»։ Իր խոսքում նա կրկին անդրադարձավ իր կողմից արդեն վաղուց շրջանառվող այն թեզին, թե ազգաբնակչության կողմից չի դրսևորվում պատշաճ անհատական պատասխանատվություն, և մարդիկ ՀՀ-ում առկա արտակարգ դրությանը վերաբերվում են մատների արանքով։

Փաշինյանի «մուննաթի» հաջորդ պատճառը պայմանավորված էր հանրության կողմից իշխանությունների հասցեին հնչող՝ Փաշինյանի բնորոշմամբ՝ «կասկածելի» հարցադրումներով և հանրային օրակարգում գոյություն ունեցող մի շարք խնդրահարույց հարցերի հանգամանքով։ Նա դարձյալ հանրությանը մեղադրեց իր իշխանությանը «չգործած մեղքերի» մեջ մեղադրելու, ընդդիմադիրների շրջանառած պնդումներին ականջալուր լինելու և իրենց նկատմամբ որոշակի անվստահություն ցուցաբերելու մեջ։ Այնինչ, հասարակությունն ակնհայտորեն տեսնում է, թե հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն ինչպես են օգտվում իշխանական բարիքներից, հսկայածավալ պարգևավճարներից, բարեկամ-ծանոթների աշխատանքի ընդունում և ներգրավվում կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը ևս մեկ անգամ իրեն դրսևորեց բավական ագրեսիվ, ակնհայտ երևում էր, որ կորցնում է ինքնատիրապետումը, և հունից դուրս գալով՝ իրեն բնորոշ ոճով ամեն ինչում հերթական անգամ տարբեր մեղավորներ էր փնտրում։ Նա խոսում էր բավական գռեհիկ և պետության ղեկավարին ոչ հարիր բառամթերքով։ Ըստ էության՝ քաղաքացիներն իշխանություններին պետք է ստիպեն, որպեսզի իրենց հաշվետու լինեն, և ամեն ինչում իրենց հետ շփվեն պարզ ու թափանցիկ, այլ բան է, թե տվյալ իշխանությունը կամ տվյալ պահին երկրի ղեկավարն ինչ որակի քաղաքական գործիչ է և ինչ մարտավարության կողմնակից է։ Բնակչությունը մշտապես պահանջում է, որ նրանք անընդհատ ապացուցեն, որ մեղքեր չեն գործում, չեն չարաշահում քաղաքացիների կողմից իրենց տրված ազատությունները: Ակնհայտ է, որ չհերքելով իր մաքսանենգ լինելու և ապօրինի գործունեություն ծավալելու մասին բազմաթիվ լրատվամիջոցների և անհատների հաղորդած տեղեկությունները՝ Փաշինյանը հույս ունի, որ հասարակության այն հատվածը, որն իրեն է երկրպագում, կշարունակի առաջ տանել իշխանական կեղծ օգտատերերի կողմից տարածվող անտրամաբանական և հիմար թեզերը և ընդամենը կհավատա իր խոսքին։

Բայց ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանն արդեն որերորդ անգամ ուղղակի խուսափում է հստակեցումներ մտցնել իր և իր թիմի հասցեին հնչող մեղադրանքների մեջ։ Նա գտել է լուծման մի տարօրինակ և, ըստ իրեն, աշխատող տարբերակ՝ «մեզ չափում են իրենց արշինով», «մեզ մեղադրում են նրա մեջ, ինչի մեջ իրենք թաթախված են եղել տարիներ շարունակ», «ինչպե՞ս կարելի է հավատալ կոռումպացված նախկիններին», և Փաշինյանի ամենակարևոր պնդումը՝ «եթե մենք իշխանությունից հեռանանք՝ իշխանության կգան նախկինները»։

Նման մանիպուլյատիվ ալեգորիաներով նա փորձում է որոշակիորեն երկարացնել իր իշխանության կյանքը և ժողովրդի մոտ սեփական վարկանիշը վերականգնելու փորձ կատարել։ Կա նաև հարցի մյուս կողմը, ինչը նույնպես գոյություն ունենալու իրավունք ունի․ բոլոր ժամանակներում բազմաթիվ կեղծ, սուտ, օդում կախված տեղեկություններ տարածող Նիկոլ Փաշինյանի համար խնդիր չի ներկայումս տեղեկատվական դաշտում գոյություն ունեցող լուրերը ևս կեղծ հայտարարելը և իր մոլի երկրպագուներին համոզելը, որ ինքն ու իր շրջապատն անմեղ են՝ գրեթե սուրբ։ Իսկ իրականում ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ․ դեռևս ամիսներ առաջ ամենահասարակ ու պրիմիտիվ առիթով հանրության հետ շփվող և իր քայլերում ձևականորեն «հաշվետու» Փաշինյան, ով ներկայումս ուղղակի թքած ունի հանրային կարծիքի վրա, և ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ հարցեր ու խնդիրներ է հուզում բնակչությանը։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս