Հորմուզի նեղուցն արդեն 3 ամիս է` փակ է, բայց նավթի գները չեն աճում. որո՞նք են պատճառները

Հորմուզի նեղուցն արդեն 3 ամիս է` արգելափակված է, սակայն նավթի գները մեկ բարելի դիմաց 100 դոլարի նշագծից ցածր են մնում:Պատճառներից մեկը ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրերի մոտալուտ կնքման ակնկալիքն է, սակայն կան նաև այլ պատճառներ։ Այդ մասին նշված է «Oilprice.com» հարթակի հրապարակման մեջ։

Մասնավորապես, նավթի համաշխարհային պահանջարկը նվազել է, քանի որ Չինաստանը (նավթի աշխարհի խոշորագույն ներկրողը) 2017 թվականի հոկտեմբերից ի վեր կտրուկ կրճատել է իր գնումները՝ հասցնելով ռեկորդային ցածր մակարդակի: Չինաստանում շուկա են դուրս բերվել նավթի ռազմավարական պաշարները, իսկ սպառողները բենզինի թանկացման պատճառով սկսել են ավելի ակտիվ օգտվել էլեկտրամոբիլներից (Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ էլեկտրամոբիլներն արդեն կազմում են Չինաստանում մեքենաների ամբողջ պարկի մոտ 10 տոկոսը–խմբ.):

Միևնույն ժամանակ, գների աճը տապալելու համար ԱՄՆ–ն զգալիորեն ավելացրել է նավթի արտահանումը, բայց, ինչպես նշում են փորձագետները, արտահանումն աճում է հիմնականում ոչ թե արդյունահանման ավելացման, այլ պահուստների վաճառքի հաշվին, որոնք նույնպես վաղ թե ուշ կավարտվեն:

Նիդեռլանդական ING ֆինանսական կորպորացիայի հումքային ապրանքների գծով ավագ վերլուծաբան Ուորեն Պատերսոնը կարծում է, որ այդ դեպքում գների բարձրացումից հնարավոր չէ խուսափել, և այն կարող է սկսվել, եթե մինչև հուլիսի վերջ Հորմուզի նեղուցը չբացվի: Այս դեպքում Brent նավթի գները կարող են աճել` հասնելով մինչև 120–130 դոլարի, ինչը կմեծացնի ճնշումը ԱՄՆ–ի վրա` Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար: Վերլուծաբանի կարծիքով` հակառակ դեպքում, հավանաբար, նավթի համաշխարհային գնորդները կնախընտրեն Իրանին վճարել անվտանգ փոխադրման համար։

Նշենք, որ Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի ագրեսիայից հետո Brent նավթի գները բարձրացել են մեկ բարելի դիմաց մոտ 70 դոլարից մինչև 100 դոլար, սակայն մայիսի վերջից սկսել են կրկին նվազել և այժմ գտնվում են 85–90 դոլարի մակարդակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930